Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԱՍՏՈՒԱԾ՝ ՏԿԱՐՆԵՐԻ ՊԱՀԱՊԱՆ145 1 Ալէլուիա՝ Անգէոսի եւ Զաքարիայի2 Օրհնի՛…

ԱՍՏՈՒԱԾ՝ ՏԿԱՐՆԵՐԻ ՊԱՀԱՊԱՆ

145 1 Ալէլուիա՝ Անգէոսի եւ Զաքարիայի

2 Օրհնի՛ր Տիրոջը, հոգիդ իմ.

պիտի օրհնեմ Տիրոջն իմ կեանքում,

սաղմոս պիտի երգեմ իմ Աստծուն, քանի կամ։

3 Յոյս մի՛ դրէք իշխանների՝

մարդկանց որդիների վրայ, որովհետեւ նրանցից փրկութիւն չկայ։

4 Երբ դուրս գայ նրանց հոգին,

նրանք կրկին հող կը դառնան,

եւ նոյն օրը նրանց բոլոր մտածումները կ’անհետանան։

5 Երանի՜ նրան, ում օգնականը Յակոբի Տէր Աստուածն է,

եւ ում յոյսը Տէր Աստծու վրայ է,

6 Նա, որ ստեղծեց երկինքն ու երկիրը,

ծովն ու դրանց մէջ եղած ամէն ինչ,

7 Նա, որ յաւիտեան պահպանում է ճշմարտութիւնը,

եւ զրկեալներին արդարութիւն շնորհում.

Տէրը հաց է տալիս քաղցածներին

եւ արձակում բանտարկեալներին։

8 Տէրը բացում է կոյրերի աչքերը,

Տէրը ոտքի է կանգնեցնում գլորուածներին։

Սիրում է Տէրն արդարներին։

9 Տէրը պահպանում է պանդուխտներին,

Տէրն ընդունում է որբերին ու այրիներին,

եւ կործանում ճանապարհներն ամբարիշտների։

10 Յաւէտ պիտի թագաւորի Տէրը,

քո Աստուածը, Սիո՛ն, սերնդից սերունդ։

ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ԱՍՏԾՈՒ ՓԱՌՔԸ

146 Ալէլուիա՝ Անգէոսի եւ Զաքարիայի

1 Օրհնեցէ՛ք Տիրոջը, քանզի քաղցր են սաղմոսները.

հաճելի է օրհնութիւնը մեր Աստծուն։

2 Տէրը կառուցում է Երուսաղէմը,

եւ հաւաքում Իսրայէլի ցրուածներին։

3 Բժշկում է բեկեալ սրտերը,

եւ կապում բոլոր վէրքերը նրանց։

4 Նա հաշւում է աստղերի բազմութիւնը,

եւ կոչում բոլորն իրենց անուններով։

5 Մեծ է մեր Տէրը, եւ մեծ է նրա զօրութիւնը,

նրա իմաստութիւնը սահման չունի։

6 Տէրն ընդունում է հեզերին,

եւ մինչեւ գետին խոնարհեցնում ամբարտաւաններին։

7 Օրհնեցէ՛ք Տիրոջը գոհաբանութեամբ,

սաղմո՛ս երգեցէք նրան օրհնութեամբ։

8 Երկինքը նա պատեց ամպերով,

երկրի համար պատրաստեց անձրեւն իր,

լեռներում խոտ աճեցրեց

եւ բանջար՝ մարդկանց կարիքների համար։

9 Նա ուտելիք է տալիս անասուններին եւ ագռաւի ձագերին,

որոնք դիմում են իրեն։

10 Տէրը ձիու զօրութիւն չէ, որ կամենում է,

ոչ էլ հսկայի կազմուածքն է հաւանում,

11 այլ Տէրն իրենից երկիւղ կրողներին է հաւանում

եւ նրանց, որ իրենց յոյսը դրել են իր ողորմութեան վրայ։