Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ՄԱՐԴՈՒ ԹՇՈՒԱՌՈՒԹԻՒՆԸ40 Մեծ աշխատանք է սահմանուած ամէն մարդու համար, ե…

ՄԱՐԴՈՒ ԹՇՈՒԱՌՈՒԹԻՒՆԸ

40 Մեծ աշխատանք է սահմանուած ամէն մարդու համար, եւ ծանր լուծ է դրուած մարդու որդիների վրայ իրենց մօրից ելնելու օրից մինչեւ բոլորի մօր ծոցում թաղուելու օրը։

2 Ակնկալիքի եւ վախճանի օրուայ մասին մտածումը նրանց խորհրդածութեան նիւթն ու սրտի ահն է.

3 սկսած նրանից, ով նստած է ինքնագոհ փառքի աթոռին, մինչեւ նա, ով թշուառացել եւ հող ու մոխրի մէջ է,

4 սկսած նրանից, ով կրում է յակինթ եւ պսակ, մինչեւ նա, ով ցնցոտի է հագնում, ամէն ոք ունի ցասում եւ նախանձ, խռովք եւ անհանգստութիւն, մահուան երկիւղ, ոխ եւ հակառակութիւն։

5 Հանգստի ժամանակ անկողնում գիշերուայ երազը մթագնում է նրա միտքը։

6 Քիչ հանգիստ, համարեա նա հանգիստ չունի, որից յետոյ երազների մէջ տանջւում է ինչպէս ցերեկը։

7 Իր սրտի տեսիլքներից ցնցուած՝ նա նման է պատերազմից մազապուրծ եղածի. արթնանում է իր տեսիլքներից փրկուելու պահին եւ զարմանում է, որ սարսափել է ոչինչ բանից։

8 Թէպէտ այս պատահում է ամէն էակի հետ՝ մարդուց մինչեւ անասուն, բայց մեղաւորների հետ դա լինում է սրանից եօթնապատիկ աւելի։

9 Մահն ու հակառակութիւնը, արիւնն ու սուրը, հարուածներն ու սովը, կործանումն ու տանջանքը, այս բոլորը ստեղծուել են մեղաւորների համար։

10 Նաեւ նրանց պատճառով եղաւ ջրհեղեղը։

11 Ամէն ինչ, որ հողից է, հողին է վերադառնում, ինչ որ ջրից է, ծովին է վերադառնում, այդպէս էլ ամբարիշտները գնում են նզովքից դէպի կորուստ։

ԿԵՂԾ ԵՒ ՃՇՄԱՐԻՏ ԲԱՐԻՔՆԵՐ

12 Ամէն տեսակ կաշառք եւ անիրաւութիւն կը կործանուի, իսկ հաւատարմութիւնը յաւիտեանս կը մնայ։

13 Անիրաւ մարդկանց ունեցուածքը գետի նման պիտի ցամաքի, եւ նրանք պիտի գոռան տեղատարափ[§§§§§§§§§§§] անձրեւի որոտի պէս։

14 Նրանցից ով բացի իր ձեռքը, ուրախ կը լինի, այդպէս էլ յանցագործներն ի վերջոյ կը ցամաքեն[************]։

15 Ամբարիշտների սերունդը չի շատացնի ճիւղերը, իսկ պիղծ արմատները ապառաժ քարի վրայ են լինում։

16 Ոսկեծաղիկը, որ բուսնում է ամէն տեսակ ջրի մօտ, գետեզրին, ամէն տեսակ խոտից առաջ է արմատախիլ լինում։

17 Բարեգործութիւնը, սակայն, իբրեւ դրախտ, յաւիտեան կը մնայ օրհնութեան մէջ[††††††††††††]։

ԽՐԱՏՆԵՐ ԼԱՒԻ ԵՒ ԼԱՒԱԳՈՅՆԻ ՄԱՍԻՆ

18 Աշխատաւորի եւ ինքնագոհ մարդու կեանքը քաղցր է, բայց երկուսին գերազանցում է նա, ով գանձ է գտնում։

19 Որդիներ ունենալն ու քաղաք կառուցելը յաւերժացնում են մարդու անունը, բայց անբիծ կինն այս երկուսից էլ առաւել յարգելի է։

20 Գինին եւ երգը ուրախացնում են սիրտը, բայց իմաստութեան սէրը երկուսից էլ առաւել է։

21 Սրինգն ու տաւիղը հաճելի են դարձնում նուագը, բայց քաղցր լեզուն երկուսից էլ առաւել է։

22 Աչքը ցանկանում է շնորհ եւ գեղեցկութիւն, բայց այս երկուսից աւելի՝ բոյսերի գեղեցկութիւնը։

23 Ժամանակին հանդիպած բարեկամն ու ընկերը լաւ են, բայց այս երկուսից աւելի՝ բարի կինը[‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡]։

24 Եղբայրներն ու օգնութիւնը փրկում են նեղութեան ժամանակ, բայց այս երկուսից աւելի՝ ողորմածութիւնը։

25 Ոսկին եւ արծաթը հաստատուն են պահում ոտքերը, բայց ընտիր խորհուրդն այս երկուսից առաւել է համարւում։

26 Հարստութիւնը եւ ուժը հպարտութիւն են տալիս սրտին, բայց բոլորից առաւել է երկիւղը Տիրոջից։

27 Ով երկիւղ ունի Տիրոջից, նա պակասութիւն չի զգայ։

28 Երկիւղը Տիրոջից օրհնեալ դրախտի նման է, եւ այն հովանի է ամէն տեսակ փառքից աւելի։

ՉԱՊՐԵԼ ՄՈՒՐԱՑԿԱՆԻ ՆՄԱՆ

29 Որդեա՛կ, մի՛ ապրիր մուրացկանի կեանքով. լաւ է մեռնել, քան մուրալ։

30 Ով նայում է ուրիշի սեղաններին, նրա կեանքը չի կարելի կեանք համարել. նա իր հոգին ստորացնում է ուրիշի կերակուրներով։

31 Իսկ իմաստուն եւ խելացի մարդը զգոյշ է լինում։

32 Անամօթի բերանին քաղցր է մուրալով ստացածը, բայց նրա որովայնի մէջ կրակ պիտի վառուի։

[§§§§§§§§§§§] Յունարէնում՝ մեծ։