Հին Կտակարան
Նոր Կտակարան
ԸՆԴԴԷՄ ԿՌԱՊԱՇՏՈՒԹԵԱՆ14 Իսրայէլի աւագներից ոմանք եկան ինձ մօտ ու առաջս…
ԸՆԴԴԷՄ ԿՌԱՊԱՇՏՈՒԹԵԱՆ
14 Իսրայէլի աւագներից ոմանք եկան ինձ մօտ ու առաջս նստեցին։ 2 Եւ Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 3 «Մարդո՛ւ որդի, այդ մարդիկ իրենց մտադրութիւնները[§§§§] իրենց սրտի մէջ են դրել, իրենց անիրաւութիւնների պատճառած տանջանքները դրել են իրենց առջեւ։ Ե՞ս եմ տալու դրանց պատասխանը։ 4 Ուստի դո՛ւ խօսիր դրանց հետ ու ասա՛. “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. Իսրայէլի տնից ամէն ոք, ով իր կռապաշտական մտադրութիւնները սրտի մէջ դնի, իր անիրաւութիւնների պատճառած տանջանքներն էլ՝ աչքի առաջ եւ գայ մարգարէի մօտ՝ նրա միջոցով ինձնից պատգամ հարցնելու, - ես՝ Տէրս եմ նրան պատասխան տալու, ըստ այն բանի, թէ ի՛նչ ունի իր մտքում, 5 որպէսզի իրենց վարքով, օտարացած սրտով Իսրայէլի այդ տունը չխոտորեցնեն ինձնից։
6 Ուստի ասա՛ Իսրայէլի այդ տանը. “Այսպէս է ասում Տէրը, Ամենակալն Աստուած. դարձէ՛ք, յե՛տ դարձէք ձեր ճանապարհից, ձեր բոլոր ամբարշտութիւններից, դարձրէ՛ք ձեր երեսները դէպի ինձ։ 7 Իսրայէլի այդ տնից կամ եկուորներից ու պանդուխտներից ամէն ոք, ով ինձնից օտարանայ եւ կռապաշտական մտադրութիւնները սրտի մէջ դնի, իր անիրաւութիւնների պատճառած տանջանքները դնի իր առջեւ ու գայ մարգարէի մօտ՝ նրա միջոցով ինձնից պատգամ հարցնելու, - ես՝ Տէրս եմ նրան պատասխան տալու, ըստ այն բանի, թէ ի՛նչ ունի իր մտքում։ 8 Երեսս դարձնելու եմ այդ մարդու դէմ, խայտառակելու եմ նրան եւ վերացնելու եմ իմ ժողովրդի միջից, որպէսզի իմանաք, որ ես եմ Տէրը։
9 Եւ եթէ մի՛ մարգարէ խաբուի ու մի բան խօսի, թէ իբր ես՝ Տէրս եմ մոլորեցրել այդ մարգարէին, - ձեռքս իջեցնելու եմ նրա վրայ ու ոչնչացնելու եմ նրան Իսրայէլի իմ ժողովրդի միջից։ 10 Եւ պատիժ են ստանալու ինչպէս անիրաւութեան մասին հարցնողը, այնպէս էլ մարգարէն, 11 որպէսզի Իսրայէլի տունն ինձնից չմոլորուի, այլեւս չպղծուեն իրենց բոլոր յանցանքներով, իրենք ինձ համար ժողովուրդ լինեն, ես էլ նրանց համար՝ Աստուած”», - ասում է Ամենակալ Տէրը։