Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԲԱԲԵԼՈՆԻ ԹԱԳԱՒՈՐԻ ՍՈՒՐԸ18 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 19 «Մարդո՛ւ որդ…

ԲԱԲԵԼՈՆԻ ԹԱԳԱՒՈՐԻ ՍՈՒՐԸ

18 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 19 «Մարդո՛ւ որդի, քեզ համար երկո՛ւ ճանապարհ ընտրիր, ուր պիտի մտնի բաբելացիների արքայի սուրը, որովհետեւ երկուսն էլ նոյն աշխարհից են դուրս գալիս։ Քաղաք տանող ճանապարհի գլխին ուղեցոյց նշա՛ն պատրաստիր։ 20 Ճանապարհի սկզբին հաստատուի՛ր, պատրաստի՛ր, ճանապա՛րհ հարթիր, որ սուրը հասնի Ռաբոթ, ամոնացիներին, նաեւ Հրէաստանի վրայ, նաեւ Երուսաղէմի վրայ, որ նրա մէջ է։

21 Բաբելացիների արքան գալու կանգնելու է հին ճանապարհի վրայ, երկու ճանապարհների գլխին՝ գաւազան գցելու[†††††††], կուռքերին հարցեր տալու, լեարդի վրայ գուշակութիւն անելու։ 22 Նրա աջ ձեռքից հմայութիւններ են դուրս եկել՝ Երուսաղէմի դէմ պատնէշներ կանգնեցնելու, լիաբերան գոչելու, աղաղակ բարձրացնելու, դարպասները խոյահարելու, հող թափելու եւ մարտկոցներ շինելու»։

ԳՐՈՀ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ԴԷՄ

23 «Եւ դա երուսաղէմացիներին այնպէս է երեւալու, կարծես մէկն իրենց առաջ հմայութիւններ է անում. շաբաթուայ ընթացքում եօթն անգամ կրկնուելու է։ Սակայն նա՝ բաբելացիների թագաւորն զգուշացնելու է սրանց, որ յիշեն իրենց անօրէնութիւնները»։

24 Ուստի այսպէս է ասում Տէրը, Ամենակալն Աստուած. «Նրա համար, որ սպառնացել էք ձեր անիրաւութիւններով, յայտնի են դարձել ձեր ամբարշտութիւնները, երեւան են եկել ձեր մեղքերը ձեր բոլոր ամբարշտութիւններով եւ ձեր ընթացքով, - այն բանի համար, որ դուք ինքներդ էք յիշեցրել, դրանց պատճառով էլ ոչնչանալու էք։ 25 Դու էլ, Իսրայէլի պիղծ ու անօրէն իշխանդ, որի վախճանը եկել է անիրաւութեան ժամանակ, - 26 այսպէս է ասում քեզ Տէր Աստուած. “Վերցրո՛ւ խոյրդ, հանի՛ր պսակդ, որովհետեւ այդ այդպէս չի վերջանալու։ Դու բարձրացածին խոնարհեցրել ես, խոնարհին՝ բարձրացրել։ 27 Եւ հիմա ես[‡‡‡‡‡‡‡] անիրաւութիւնը միւս անիրաւութիւնների վրայ եմ բարդելու։ Այդ այդպէս չի մնալու, մինչեւ որ գայ նա, ում վայել է, եւ ես տալու եմ նրա ձեռքը”»

ԳՐՈՀ ԱՄՈՆԱՑԻՆԵՐԻ ԴԷՄ

28 Ամոնացիներին։ «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր ու ասա՛. “Այսպէս է ասում Տէրը, Ամենակալն Աստուած ամոնացիներին՝ նրանց նախատինքների համար.

Սուր սուսերը հանուած է սպանելու համար,

մերկացուած՝ վերջ տալու համար։

29 Զարթնի՛ր, որովհետեւ փայլում ես սին տեսիլքով,

սուտ հմայութիւններ ես անում՝ նրանց դէպի քեզ,

անօրէն վիրաւորների վզին քաշելու համար.

սրանց վախճանը հասել է՝

անիրաւութեան ժամանակի վախճանը։

30 Յե՛տ դարձիր, մի՛ իջեւանիր այնտեղ, ուր ծնուել ես.

դարձեալ քո երկրում եմ քեզ դատելու,

31 քեզ վրայ թափելու եմ բարկութիւնս։

Իմ զայրոյթի հուրը փչելու եմ քեզ վրայ,

մատնելու եմ քեզ ձեռքը բարբարոս մարդկանց,

որոնք պղծութիւն են գործում։

32 Եւ հրոյ ճարակ ես դառնալու,

արիւնդ թափուելու է քո երկրում,

յիշատակդ էլ չի գտնուելու։

Ես՝ Տէրս խօսեցի”»։

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՈՃԻՐՆԵՐԸ

Իսրայէլացիներին

22 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2 «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, եթէ դատելու ես, դատի՛ր արիւնահեղութեան քաղաքը, 3 խայտառակի՛ր նրա բոլոր անօրէնութիւնները եւ ասա՛. “Այսպէս է ասում Տէրը, Ամենակալն Աստուած. ո՛վ քաղաք, որ արիւն է թափում իր մէջ, երբ իր ժամանակն է հասնում, իր ներսում խորհուրդներ է որոճում՝ ինքն իրեն ապականելու համար նրանց արիւնով։ 4 Իզուր արիւն թափեցիր ու թաթախուեցիր, քո որոճացած խորհուրդներով ապականուեցիր։ Քո օրերը մօտեցրիր եւ քո կեանքի վախճանին մօտեցար։ Դրա համար է որ քեզ յանձնեցի նախատինքին ազգերի, ամօթանքներին բոլոր աշխարհների, 5 որոնք մօտ էին քեզ կամ քեզնից հեռու, որպէսզի այպանեն քեզ ու ասեն. “Դու՝ անուանի քաղաքդ, պղծութեան մատնուեցիր, որովհետեւ յաճախակի անօրէնութիւններ գործեցիր”։

6 Ահա Իսրայէլի այդ տան իշխանները. քո մէջ իւրաքանչիւրն իր ազգի մերձաւորների հետ էր խառնակւում, որ արիւն թափէր. 7 քո մէջ հօրն ու մօրն էին անարգում, եկուորի ու պանդխտի հետ անիրաւութեամբ էին վարւում, որբին ու այրուն բռնադատում, 8 սրբութիւններս արհամարհում էին ու շաբաթներս պղծում քո մէջ։ 9 Աւազակ մարդիկ կային քո մէջ, որ արիւն թափէին քո մէջ, լեռների վրայ էլ զոհեր մատուցէին քո մէջ եւ անմաքուր գործեր անէին։ 10 Իրենց հօր ամօթն էին մէջտեղ հանում քո մէջ եւ պղծութեամբ դաշտանաւոր կնոջ էին բռնաբարում քո մէջ։ 11 Իւրաքանչիւրն իր ընկերոջ կնոջն էր պղծում, իւրաքանչիւրն ամբարշտութեամբ իր հարսին էր պղծում, իւրաքանչիւրն իր քրոջը՝ իր հօր դստերն էր բռնաբարում քո մէջ։ 12 Կաշառք էին վերցնում քո մէջ, որպէսզի արիւն թափէին, վաշխ ու տոկոս էին առնում քո մէջ։ Եւ ես վերջ եմ տալու քո չարագործութիւններին՝ ըստ քո գործած բռնութեան, որովհետեւ մոռացել ես ինձ”, - ասում է Տէր Աստուած։

[†††††††] Գուշակութիւններ անելու ձեւ է։