Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԽՐԱՏ ՈՐԴԻՆԵՐԻՆ3 2 Լսեցէ՛ք ինձ՝ ձեր հօրը, որդինե՛ր, եւ արէ՛ք այդպէս, ո…

ԽՐԱՏ ՈՐԴԻՆԵՐԻՆ

3 2 Լսեցէ՛ք ինձ՝ ձեր հօրը, որդինե՛ր, եւ արէ՛ք այդպէս, որպէսզի փրկուէք.

3 քանզի Տէրը փառաւորում է հօրն իր զաւակների նկատմամբ եւ հաստատում մօր իրաւունքները որդիների վրայ։

4 Ով պատւում է հօրը, քաւում է իր մեղքերը, եւ ով յարգում է իր մօրը, նման է գանձ դիզողի։

5 Ով պատւում է հօրը, ինքն էլ կ’ուրախանայ իր որդիներով, եւ նրա աղօթքը լսելի կը լինի։

6 Ով փառաւորում է հօրը, երկարակեաց կը լինի։

8 Ով լսում է Տիրոջը, կը հանգստացնի իր մօրը եւ իր ծնողներին կը ծառայի այնպէս, ինչպէս տէրերին։

9 Գործով եւ խօսքով պատուի՛ր քո հօրը, որպէսզի նրա կողմից օրհնութիւն գայ քեզ վրայ։

11 Հօր օրհնութիւնը ամրացնում է որդիների տները, իսկ մօր անէծքը խարխլում է հիմքերը։

12 Մի՛ փնտռիր փառք քո հօր անարգանքի մէջ, որովհետեւ քո հօր անարգանքը փառք չէ քեզ համար։

13 Արդարեւ, մարդու փառքը իր հօր պատուից է գալիս, որդիների նախատինքը՝ մօր անպատուութիւնից։

14 Որդեա՛կ, զօրավի՛գ եղիր քո հօրը ծերութեան ժամանակ եւ նրան մի՛ տրտմեցրու իր կեանքի ընթացքում։

15 Եւ եթէ պակասի նրա խելքը, ների՛ր նրան, մի՛ անարգիր նրան քո ամբողջ ուժով։

16 Ով հոգատար է հօր հանդէպ, Աստուած չի մոռանայ նրան։

17 Դրա փոխարէն չարը կը ներուի քեզ, քո նեղութեան օրը Տէրը կը յիշի քեզ եւ, ինչպէս սառոյցն է հալւում ջերմութիւնից, այնպէս էլ կը հալուեն քո մեղքերը։

18 Ով լքում է հօրը, նման է Աստծուն անարգողի, ով բարկացնում է իր մօրը, անիծուած է Տիրոջից։

ՀԱՄԵՍՏՈՒԹԵԱՆ ԱՌԱՒԵԼՈՒԹԻՒՆՆԵՐԸ

19 Որդեա՛կ, քո գործը հեզութեա՛մբ կատարիր եւ կը սիրուես ընտիր մարդկանցից։

20 Ինչքան մեծ լինես, այնքան խոնարհեցրո՛ւ քո անձը, եւ շնորհ կը գտնես Տիրոջ առջեւ, քանզի մեծ է Տիրոջ զօրութիւնը, եւ նա փառաւորում է իր կամքը կատարող խոնարհներին։

22 Քո ուժերից վեր բաներ մի՛ ձեռնարկիր, եւ այն, ինչ հզօր է քեզանից, մի՛ քննիր։ Մտքիդ մէջ պահի՛ր այն, ինչ հրամայուեց քեզ,

23 քանզի քեզ պէտք չեն գաղտնի բաներ։

24 Աւելորդ գործեր քննող մի՛ եղիր, որովհետեւ աւելի իմաստութիւն է տրուած քեզ, քան շատ մարդկանց։

26 Արդարեւ, շատերին մոլորեցրեց իրենց մասին մեծ կարծիք ունենալը, եւ դրանով չար մտածումը սողոսկեց նրանց միտքը։

27 Ով որ սիրում է տագնապը, նրա մէջ էլ պիտի կորչի։

28 Յամառ սիրտը ի վերջոյ չարաչար պիտի կործանուի,

29 քանզի դաժան սիրտը ցաւերով կը ծանրանայ, եւ մեղաւորը մեղքերի վրայ մեղքեր կ’աւելացնի։

30 Ամբարտաւանի հարուածներից բժշկութիւն չկայ, որովհետեւ չարութեան բոյսը արմատաւորուեց իր մէջ։

31 Իմաստունի սիրտը իր միտքն է բերում առակը. իմաստունի ցանկութիւնն է, որ լինի լսող ականջ։

33 Ջուրը հանգցնում է բորբոքուած կրակը, եւ ողորմածութիւնը քաւում է մեղքերը։

34 Ով բարիք է հատուցում, պիտի յիշուի յետագայում, իսկ սայթաքելիս նեցուկ պիտի գտնի։