Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԱՐՔԱՅԱԿԱՆ ՀՐՈՎԱՐՏԱԿ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆ ՀՐԵԱՆԵՐԻ8 Այդ նոյն օրը թագաւորը Ե…

ԱՐՔԱՅԱԿԱՆ ՀՐՈՎԱՐՏԱԿ

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆ ՀՐԵԱՆԵՐԻ

8 Այդ նոյն օրը թագաւորը Եսթերին նուիրեց քսու Համանի գանձը։ Թագաւորը կանչեց Մուրթքէին, քանզի Եսթերը նրան յայտնեց, որ նա իր ազգականն է։ 2 Թագաւորը վերցրեց այն մատանին, որ հանել էր Համանի մատից, եւ այն տուեց Մուրթքէին. իսկ Եսթերը Մուրթքէին նշանակեց Համանի ամբողջ ունեցուածքի կառավարիչ։ 3 Նա շարունակեց խօսել արքայի հետ, ընկաւ նրա ոտքերի առջեւ եւ աղաչում էր, որ վերացուի այն պատուհասը, որ ծրագրել էր Համանը հրեաների դէմ։ 4 Եւ արքան ոսկի գաւազանը մեկնեց Եսթերին։ Եսթերը վեր կացաւ, որ գնայ արքայի սենեակը։ 5 Եսթերն ասաց. «Եթէ դու կամենաս, եւ եթէ ես շնորհ եմ գտել քո առաջ, թող արքան սուրհանդակներ ուղարկի եւ վերադարձնի հրովարտակները, որ գրուեցին Համանի կողմից քո թագաւորութեան մէջ եղած հրեաներին կոտորելու մասին։ 6 Ես ինչպէ՞ս կարող եմ տեսնել իմ ժողովրդին հասած չարիքը եւ կամ ինչպէ՞ս կարող եմ միայն ե՛ս ապրել իմ հայրենի գաւառի բնակիչներից»։ 7 Թագաւորն ասաց Եսթերին. «Եթէ Համանի ամբողջ գոյքն ու հարստութիւնը քեզ նուէր տուեցի եւ նրան էլ կախաղան հանեցի, որովհետեւ նա հրեաների վրայ ձեռք էր բարձրացրել, այլեւս ի՞նչ ես խնդրում։ 8 Արդ, դուք գրեցէ՛ք իմ խօսքով եւ իմ հրամանով, ինչպէս դուք կը ցանկանաք, եւ թող այն կնքուի իմ մատանիով, որովհետեւ ինչ որ գրէք, դա իմ՝ արքայիս տուած համանն է, եւ չի գտնուի մէկը, որ ընդդիմանայ այդ հրամաններին»։

9 Արտաշէսի թագաւորութեան քսաներեքերորդ տարուայ Նիսան ամսի, որ Արեգն ամիսն է, առաջին օրը կանչեցին գրագիրներին եւ, ինչպէս հրաման էր տրուած, աշխարհագիր անող գրագիրների կողմից թագաւորի անունով հրովարտակներ գրուեցին բոլոր գաւառների բոլոր իշխաններին եւ կուսակալներին, նախարարներին եւ սատրապներին, Հնդկաստանից մինչեւ Եթովպիա՝ հարիւր քսանեօթը կուսակալներին, ըստ գաւառների՝ նրանց իւրաքանչիւրի լեզուով։ 10 Հրովարտակները կնքուեցին թագաւորի մատանիով եւ մէկ օրում, Ադար ամսի տասներեքին, սուրհանդակների միջոցով ուղարկուեցին թագաւորութեան բոլոր վայրերը, որպէսզի հրեաները ողջ մնան բոլոր քաղաքներում իրենց անփոփոխ օրէնքներով, 11 օգնական եւ թիկունք լինելու միմեանց՝ հատուցելու համար իրենց թշնամիներին, ինչպէս որ կը կամենան։