Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆ ԳՐԱՒՈՒՄ Է ՅՈՊՊԷՆ ԵՒ ԿՐԱԿԻ ՄԱՏՆՈՒՄ12 Լիւսիասը նորից անցաւ …

ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆ ԳՐԱՒՈՒՄ Է ՅՈՊՊԷՆ

ԵՒ ԿՐԱԿԻ ՄԱՏՆՈՒՄ

12 Լիւսիասը նորից անցաւ գնաց թագաւորի մօտ, իսկ հրեաներն սկսեցին զբաղուել հող մշակելով։

2 Զօրքի զօրավարները՝ Տիմոթէոսը, քաջազգի Ապոլոնիոսը[‡‡‡‡‡], Հերոնիմոսն ու Դիմոփոնը, նաեւ Նիկանորը, երբեք թոյլ չէին տալիս սրանց հանգիստ ու խաղաղ ապրել։ 3 Յոպպէացիներն այնքան համարձակութիւն ստացան, որ սկսեցին անօրէնութիւններ անել։ Միջնորդներ եկան ու համոզեցին իրենց շրջակայքում գտնուող հրեաներին, որ սրանց, իրենց կանանց ու երեխաների հետ, նաւերով բերեն, 4 եւ որ ամբողջ քաղաքը համաձայն է դրան։ Սրանք համաձայնեցին, որպէսզի իրենց միջեւ խաղաղութիւնն ու միաբանութիւնը պահպանուի, յանձն առան գնալ, որովհետեւ ոչնչի նկատմամբ ոչ մի կասկած չունէին։ Բերեցին սրանց ու ոչ պակաս քան երկու հարիւր մարդու ծովի մէջ խեղդեցին։

5 Երբ Յուդա Մակաբայեցին իմացաւ կատարուած այդ անօրէն ու տմարդի գործի, այդ աղէտի մասին, հրաման տուեց իր շուրջը գտնուող զինուորներին կանչել արդար Դատաւորի անունը, 6 իսկ ինքն անմիջապէս յարձակուեց մարդասպանների վրայ։ Գիշերով նրանք նաւահանգիստը հրդեհի մատնեցին, նաւերն այրեցին, իսկ այնտեղ ապաստան գտած մարդկանց կոտորեցին։ 7 Քանի որ բերդերն զգուշութեան համար փակ էին պահել, Մակաբայեցին որոշեց, որ միւս անգամ վերադարձին առհասարակ կը կոտորի յոպպէացիներին։ 8 Նա յարձակուեց նաեւ յամնէացիների վրայ, որոնք կարծես նոյն պատուհասն էին ուզում բերել իրենց հետ բնակուող եբրայեցիների գլխին։ 9 Գիշերով նա յարձակուեց յամնէացիների վրայ եւ նաւահանգիստը նաւերով հանդերձ հրդեհեց, այնպէս որ կրակի ցոլքերը երեւում էին Երուսաղէմում, թէեւ այստեղից մինչեւ այնտեղ մօտ չորս հարիւր ութսուն ասպարէզ էր։

ԿԱՍՊ ՔԱՂԱՔԻ ԳՐԱՒՈՒՄԸ

10 Այնտեղից շրջանցելով մօտ քսան ասպարէզ՝ ուզեցին Տիմոթէոսի վրայ յարձակուել, բայց նրանց առաջը կտրեցին մօտ հինգ հազար հինգ հարիւր արաբ հեծեալներ։ 11 Գնդերը բախուեցին միմեանց, ու մարտը սաստկացաւ։ Յուդայի բանակը ապաւինեց Տիրոջ օգնութեանը, որովհետեւ յաղթանակի բարեգուշակ նշանը տեսան իրենց աչքի առաջ։ Երբ անապատաբնակ արաբները պարտութեան մատնուեցին, եկան կանգնեցին Յուդայի բանակի առաջ եւ հլու-հնազանդ խնդրեցին դաշինք կնքել։ Բացի այդ, խոստացան ոչխարի հօտեր տալ նրանց եւ ամէն ինչում օգտակար լինել նրանց։ 12 Յուդան մտածեց, որ սրանք կարող են շատ պէտք գալ իրենց, ուստի համաձայնեց, ներեց ու նրանց հետ խաղաղութիւն հաստատեց։ Երբ դաշինքը կնքեցին, իւրաքանչիւրն իր բանակը գնաց։

13 Հրեաները ասպատակեցին մի կողմի վրայ եւ պաշարեցին պարիսպներով ամրացուած, խառնիճաղանջ ազգերի բնակիչներով լցուած մի քաղաք, որի անունը Կասպ էր, եւ այն պաշարուած պահեցին։ 14 Բերդի ներսում գտնուողները իրենց յոյսը դրել էին պարիսպների ամրութեան եւ իրենց պաշարների շատութեան վրայ։ Արհամարհոտ գոռոզութեամբ նրանք նայում էին Յուդայի ու նրա զօրքի վրայ, քսու խօսքերով հայհոյում սրանց, ասում էին այն, ինչ պատշաճ չէր։ 15 Իսկ սրանք հայցեցին երկնքի ու երկրի ամենազօր, մեծ ու հզօր Տիրոջ օգնութիւնը, որ Նաւէի որդի Յեսուի օրօք առանց մարտական մեքենաների, առանց խոյերի ու մանգղիոնների կործանել էր Երիքովը, խմբեր կազմեցին, եւ բոլորը միասին քաջաբար յարձակուեցին պարիսպների վրայ։ 16 Գրոհեցին ու Աստծու կամքով գրաւեցին պարսպապատ քաղաքը եւ այնքան շատ զինուորներ կոտորուեցին, որ այնտեղ գտնուող երկու ասպարէզ երկարութեամբ ծովակը արեամբ ներկուեց։

ՔԱՐԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

17 Այնտեղից գնացին Քարայի կողմը, մօտ հինգ[§§§§§] հարիւր յիսուն ասպարէզ, եւ մօտեցան տուբէական կոչուող հրեաներին։ 18 Այդտեղ գտան[******] անյաջողութիւն կրած, ուժասպառ եղած Տիմոթէոսին, որը, սակայն, պահապան զօրքեր էր թողել խիստ ամրացուած մի վայրում։ 19 Դոսիթէոսն ու Սոսիպատրոսը՝ մակաբայեցիների գնդի հզօր զօրավարները, բանակից դուրս էին եկել ու շրջագայում էին իրենց գնդով։ Երբ սրանք եկան ու հանդիպեցին այդ բերդին, յարձակուեցին ու այդտեղ սպանեցին աւելի քան տասը հազար մարդ, 20 իսկ Մակաբայեցին իր բանակը գնդերի բաժանեց եւ իր գնդով յարձակուեց Տիմոթէոսի վրայ։ Սա ունէր հարիւր քսան հազար վահանակիր զինուորներ եւ մօտ երկու հազար[††††††] հինգ հարիւր հեծեալ։ 21 Երբ Տիմոթէոսն իմացաւ, որ մակաբայեցիները արշաւում են իր վրայ, անմիջապէս իր ունեցուածքը, գանձը, զինուորների կանանց ու երեխաներին իր մօտից ուղարկեց կառնացիների բերդը։ Այդ բերդն անհնար էր պաշարել այդ վայրերի անմատչելի, անանցանելի լինելու պատճառով։ 22 Երբ երեւաց Յուդայի գունդը, թշնամու զօրքն սկսեց առաջ շարժուել, որովհետեւ Ամենակալի վախն ընկել էր նրանց սրտերը։ Նրանք անմիջապէս լեղապատառ եղան, խառնուեցին իրար, սկսեցին խոցոտել միմեանց, ցրուեցին ու փախուստի դիմեցին։ Շատ էին նաեւ այնպիսիք, որոնք յիմար վախից զէնքերով բախւում էին իրար։ 23 Յուդայի գունդը փախուստի դիմածներին խստագոյնս հալածեց, անխնայ հարուածեց ու կոտորեց։ Այդտեղ թշնամու զինուորներից դիաթաւալ ընկաւ մօտ երեսուն հազար զինուոր։ 24 Դոսիթէոսի ու Սոսիպատրոսի գնդերը գերի վերցրին Տիմոթէոսին։ Նրանց ձեռքն ընկնելով՝ սա ամէն հնարքի դիմելով աղաչում էր նրանց, որ կենդանի թողնեն իրեն։ Նա ասում էր. «Ձեզանից շատերի բարեկամներն ու եղբայրները ինձ մօտ գերի են։ Նրանց բոլորին իմ գլխի փոխարէն ազատ կ’արձակեմ եւ ձեզ կը յանձնեմ»։ 25 Ստանալով իր փոխարէն շատերին ազատ արձակելու այսպիսի խոստում՝ նրանք նրան ազատ թողեցին իրենց եղբայրներին փրկելու յոյսով։ 26 Երբ Տիմոթէոսը բերդ հասաւ, որ Շռնչանանի կենտրոնում էր, բերեց, կոտորեց նրանց, որոնց խոստացել էր ազատ արձակել։ Դրանց թիւն աւելի քան քսան հազար մարդ էր[‡‡‡‡‡‡]։

ՅՈՒԴԱ ՄԱԿԱԲԱՅԵՑՈՒ ՅԱՂԹԱԿԱՆ

ՎԵՐԱԴԱՐՁԸ ԵՐՈՒՍԱՂԷՄ

27 Նրանք անմիջապէս արշաւեցին Եփրոն կոչուող ամուր քաղաքը, ուր բնակւում էր Լիւսիասն ինքը։ Բազմաթիւ զինուորներ, նետաձիգ մեքենաներով ու զէնքերով զինուած, ներսից հեշտութեամբ պաշտպանում էին պարիսպները, կռւում դրսի մարդկանց դէմ։ 28 Սրանք օգնութեան կանչեցին հզօր Ամենակալին, որը կարող էր խորտակել պատերազմողների զօրութիւնը, եւ անմիջապէս գրաւեցին քաղաքը բերդով հանդերձ։ Այնտեղ՝ ներսում, դիաթաւալ սպանեցին մօտ քսան հազար հինգ հարիւր մարդ։ 29 Այնտեղից ասպատակեցին սկիւթացիների մի քաղաք, որը Երուսաղէմից հեռու էր մօտ վեց հարիւր ասպարէզ։ Սրանք իրենց երախտապարտ էին համարում հրեայ ազգի նկատմամբ։ 30 Քաղաքում բնակուող հրեաներն իրենք էլ վկայեցին, որ, երբ իրենք նեղութեան մէջ են եղել, այդ քաղաքացիները օգնել են իրենց։ 31 Երբ նրանց յաջողուեց մակաբայեցիների գնդի հետ խաղաղութեան գործը գլուխ բերել, նրանք գնդի առաջ բարձրաձայն խոստացան առաւել եւս հնազանդ լինել նրանց ազգին։ Սրանք նրանց մօտից շտապեցին Երուսաղէմ քաղաքը, որովհետեւ մօտենում էին եօթներորդ շաբաթի տօները։

ԱՐՇԱՒԱՆՔ ԳՈՐԳԻԱՍԻ ԴԷՄ

32 Երբ կատարեցին Պենտեկոստէի[§§§§§§] տօնը, նրանք յարձակուեցին Գորգիասի վրայ, որը եդոմացիների կողմի կուսակալն էր։ 33 Նրանք նրա դէմ ելան երեսուն հազար[*******] վահանակիր զինուորներով ու չորս հազար[†††††††] հեծեալներով։ 34 Երբ այս ու այն կողմում բանակները ճակատ կազմեցին, եբրայեցիների մի փոքրիկ խումբ ընկաւ երկու ճակատների միջեւ։ 35 Տոբեկենացիների գնդից Դոսիթէոս անունով մէկը, որ հզօր, հմուտ պատերազմող էր, յարձակուեց Գորգիասի վրայ։ Այն պահին, երբ ուզում էր անօրէնին ձերբակալելով մակաբայեցիների գնդի առաջ զոհ մատուցել, Թրակիայի գնդից սպառազէն մի մարդ հասաւ, հարուածեց ուսին, տապալեց ու Գորգիասին ազատեց նրա ձեռքից։ Գորգիասը մազապուրծ ճողոպրելով՝ փախաւ Միմարէն ամրոցը։ 36 Երբ ճակատամարտը երկարեց, ու շատ կոտորած եղաւ, այն ժամանակ մակաբայեցի զինուորները Ամենակալ Աստծուն օգնութեան կանչեցին, որպէսզի նա պատերազմում առաջնորդի իրենց։ 37 Իրենց լեզուով խրախուսեցին միմեանց, գործի անցան եւ նոյն պահին էլ Գորգիասին իր գնդով հանդերձ փախուստի մատնեցին։

38 Յուդան վերցրեց զօրքը, հասցրեց Սոդոմ կոչուող քաղաքը։ Երբ շաբաթը մօտեցաւ, իրենց օրէնքների համաձայն, լուացուելով ու մաքրուելով, անցկացրին շաբաթ օրը։ 39 Յաջորդ օրը եկան Հրէաստանի կողմերը, որպէսզի թաղեն պատերազմում ընկածներին. եւ տոհմակից եղբայրներից իւրաքանչիւրին թաղեցին իրենց հայրերի գերեզմանոցում։ 40 Երբ հասան ճակատամարտի տեղը, գտան իրենց ազգակիցների դիակները, որոնց զգեստների տակ, թեւատակին, յուռութքի ուլունքներ եւ ամէն տեսակ կուռքերի բժժանքներ կային, մի բան, որ յատկապէս մերժելի էր օրէնքով, եւ եբրայեցիներն այդպիսի բանից խիստ հեռու էին փախչում։ Գտնելով դրանք՝ հրեաները հասկացան, որ նրանց կոտորածը եղել է այդ պատճառով։ 41 Դրանից յետոյ բոլորն էլ առհասարակ օրհնեցին արդար դատաւոր Տիրոջը, որ բացայայտում է գաղտնիքները։ 42 Ծնկի իջած խնդրում էին, որ անցեալում իրենց կատարած մեղքերը բարեսրտօրէն ների։ Քաջ Յուդան սփոփեց զինուորներին, խնդրեց, որ զգոյշ լինեն նման մեղքեր գործելուց։ «Ձեր աչքերով տեսաք, - ասում էր, - որ այս պատուհասը տեղի է ունեցել նրանց կատարած մեղքերի պատճառով»։ 43 Սթափ մտածելով՝ նա չորս սատեր արծաթ հաւաքեց եւ տուեց, որ տանեն, Երուսաղէմում զոհեր մատուցեն կատարուած մեղքերի համար։ Դա խիստ իմաստուն քայլ էր, որովհետեւ ինչ որ անում էր, մեռելների յարութեան մասին մտահոգուելով էր անում։ 44 Եթէ պատերազմում ընկածների յարութեան ակնկալութիւն չունենար, զուր կը լինէր մեռելների համար աղօթք մատուցելը։ 45 Նա ճիշտ էր հասկացել, որ գեղեցիկ մահով ընկածները շնորհների են արժանանում։ 46 Նա հաւատում էր, որ քաջութեամբ ընկածները մեղքերի թողութիւն կը ստանան։

[‡‡‡‡‡] Այլ բնագրերում՝ Գենէոսի որդի։