Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

9Այս բոլորը կատարուելուց յետոյ իշխանները մօտեցան ինձ եւ ասացին. «Իսրա…

9Այս բոլորը կատարուելուց յետոյ իշխանները մօտեցան ինձ եւ ասացին. «Իսրայէլի ժողովուրդը, քահանաներն ու ղեւտացիները չեն կտրել իրենց կապերը այն հեռաւոր ժողովուրդների ու երկրների հետ, ուր եղել են՝ չեն բաժանուել քանանացիներից ու քետացիներից, փերեզացիներից ու յեբուսացիներից, ամոնացիներից ու մովաբացիներից, եգիպտացիներից ու ամորհացիներից, 2 քանի որ նրանց աղջիկներից կին առան իրենց համար՝ թէ՛ իրենք եւ թէ՛ իրենց որդիները. նրանց սուրբ սերմը խառնակուեց ու պղծուեց այդ երկրների ժողովուրդների հետ, եւ անօրէնութեան այդ սկիզբը ծագեց իշխաններից»։ 3 Երբ ես լսեցի այս խօսքերը, պատառոտեցի իմ հագուստները, փետեցի իմ մազերն ու մօրուքը եւ այդպէս նստեցի սգի մէջ։ 4 Եւ բոլոր նրանք, որ երկիւղ էին կրում Իսրայէլի Աստծուց եւ որոնք վերադարձել էին գերութիւնից, հաւաքուեցին ինձ մօտ, իսկ ես այդպէս նստել էի սգի մէջ՝ մինչեւ երեկոյեան զոհի մատուցման ժամը։

ԵԶՐԱՍԻ ԱՂՕԹՔԸ ՄԵՂԱՒՈՐ ՀՐԵԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

5 Երեկոյեան զոհը մատուցելու ժամին, ես վեր կացայ իմ տառապանքի տեղից, հագուստներս պատառոտուած՝ խոնարհուեցի ցած, իջայ ծնկի եւ, ձեռքերս տարածելով, բարձրացրի դէպի իմ Տէր Աստուածը 6 եւ ասացի. «Աստուա՛ծ իմ եւ Տէ՛ր, ամաչում ենք եւ զարհուրում քեզնից. բարձրացրո՛ւ իմ երեսը դէպի քեզ, Տէ՛ր իմ Աստուած, քանզի բազմացան մեր անօրէնութիւններն ու դիզուեցին մեր գլուխներին, մեր մեղքերը մեծացան ու բարձրացան մինչեւ երկինք՝ մեր հայրերի տարիներից եւ ժամանակներից ի վեր, եւ մենք մեծ մեղքերի մէջ ենք մինչեւ այսօր։ 7 Դու մեր մեղքերի պատճառով հեթանոս թագաւորների ձեռքը մատնեցիր մեզ, մեր թագաւորներին եւ մեր որդիներին մատնեցիր սրի, գերութեան ու յափշտակութեան, եւ մեր երեսն ամօթահար եղաւ մինչեւ այսօր։ 8 Բայց այժմ, ահա, քո գթութիւնը թափեցիր մեզ վրայ, Տէ՛ր Աստուած մեր, փրկութիւն շնորհեցիր մեզ, հաստատեցիր մեզ քո սուրբ վայրում, մեր աչքերը լուսաւորեցիր այսօր, Տէ՛ր Աստուած մեր, մեր ստրկութեան մէջ մեզ փոքր ի շատէ կեանք տուեցիր։ 9 Մենք ստրուկ էինք, բայց դու, Տէ՛ր Աստուած մեր, չթողեցիր մեզ մեր ստրկութեան մէջ, քո ողորմածութիւնը մեր նկատմամբ իջաւ Պարսկաստանի թագաւորի առաջ, որպէսզի նա մեզ կենդանութիւն տար, բարձրացնէր մեր Աստծու տունը, վերականգնէր եւ վերաշինէր այս անապատները, ցանկապատ եւ ամուր պարիսպներ կառուցէր Յուդայի երկրի եւ Երուսաղէմի համար։ 10 Եւ հիմա մենք, այս բոլորից յետոյ, ի՞նչ պատասխան տանք քեզ, Տէ՛ր, քանզի օրինազանց եղանք քո առաջ, 11 զանց արինք քո պատուիրանները, որ տուել էիր մեզ քո մարգարէների միջոցով՝ ասելով այսպէս. «Այն երկիրը, ուր գնում ես դու ժառանգելու, այդ երկիրը պղծուած է երկրի այլազգիների գարշութիւններով եւ լցուած նրանց աղտեղութիւններով։ 12 Դու նրանց աղջիկներից կին չառնես քո որդիների համար եւ ոչ էլ քո աղջիկներից կնութեան կը տաս նրանց որդիներին։ Դու զօրաւոր կը լինես այդպէս, կ’ուտես այդ երկրի բարիքները, եւ քո որդիները յաւիտենապէս կը ժառանգեն այդ երկիրը»։

13 Արդ, այն ամէնը, ինչ մէկ անգամ եղաւ մեզ հետ, կատարուեց մեր վատթար գործերի եւ մեր չար մեղքերի պատճառով, բայց դու, Տէ՛ր, բազում անգամ ներեցիր մեր մեղքերը եւ մեզ տուիր այսպիսի արմատ ու սերունդ։ 14 Բայց մենք դարձեալ խոտորուեցինք՝ զանց առնելով քո պատուիրանները. խառնակուեցինք երկրի այլազգիների աղտեղութիւնների հետ, եւ դու չբարկացար մեզ վրայ, չմատնեցիր մեզ իսպառ կորստի, որպէսզի մեզնից ո՛չ արմատ մնար, ո՛չ սերունդ եւ ո՛չ էլ մեր անունը։ 15 Տէ՛ր Աստուած Իսրայէլի, դու արդար ես եւ ճշմարիտ, որովհետեւ չոչնչացրիր մեր սերունդը, այլ մեր արմատն ու սերունդը մնացին մինչեւ այսօր։ Եւ ահա այսօր մենք մեր անօրէնութիւններով քո առջեւ ենք եւ չենք կարող բարձրացնել մեր գլուխները, չենք կարող նայել քո երեսին, որովհետեւ մեր անօրէնութիւնները բազմացան, եւ մեր չարիքները բարձրացան մեր գլխից էլ վեր»։