Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ՝ ՀԱՒԱՏՈՎ3 Արդ, ո՞րն է հրեայի առաւելութիւնը, կամ թլփատութի…

ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ՝ ՀԱՒԱՏՈՎ

3 Արդ, ո՞րն է հրեայի առաւելութիւնը, կամ թլփատութիւնից ի՞նչ օգուտ. 2 շատ բան՝ ամէն տեսակէտներով։ Նախ՝ այն, որ Աստծու պատգամները նրանց վստահուեցին։ 3 Իսկ արդ, եթէ ոմանք հաւատարիմ չգտնուեցին, միթէ նրանց անհաւատութիւնը Աստծու հաւատարմութիւնը խափանե՞ց։ 4 Քա՛ւ լիցի։ Արդ, թող Աստուած ճշմարիտ լինի, իսկ ամէն մարդ՝ սուտ, ինչպէս որ գրուած էլ է, թէ՝

«Արդար լինես քո խօսքերում

եւ յաղթես, երբ դատում են քեզ[†]»։

5 Բայց եթէ մեր անիրաւութիւնը ցայտուն է դարձնում Աստծու արդարութիւնը, ի՞նչ ասենք. անիրա՞ւ է Աստուած, որ բարկութիւն է թափում։ 6 Որպէս մարդ եմ խօսում։ Քա՛ւ լիցի, ապա թէ ոչ Աստուած ինչպէ՞ս կը դատի աշխարհը. 7 արդարեւ, եթէ իմ ստով Աստծու ճշմարտութիւնը աւելանում է ի փառս նրա, էլ ինչի՞ համար եմ ես դատւում իբրեւ մեղաւոր։ 8 Ուրեմն, ահա թէ ինչպէս են նախատում մեզ, եւ ինչպէս ոմանք մեր մասին ասում են իբր թէ ասած լինենք՝ չարի՛ք գործենք, որպէսզի բարին գայ. նրանք արժանի են իրենց դատապարտութեան։

ՈՉ ՄԷԿ ՄԱՐԴ ԱՐԴԱՐ Է

9 Եւ արդ, ինչո՞վ ենք առաւել. արդարեւ եւ ոչ մի բանով. որովհետեւ աւելի վերեւ էլ հաստատեցինք հրեաների եւ հեթանոսների՝ ամենքի էլ մեղքի տակ լինելը։ 10 Ինչպէս գրուած էլ է.

«Ոչ ոք արդար չէ, ոչ իսկ մէկ հոգի։

11 Եւ չկայ մէկը, որ հասկացող լինի,

եւ չկայ մէկը, որ փնտռի Աստծուն։

12 Բոլորը միասին խոտորուեցին եւ անպէտքացան.

չկայ մէկը, որ բարութիւն անի, ոչ ոք, ոչ իսկ մէկ հոգի։

13 Նրանց կոկորդը բաց գերեզման է.

իրենց լեզուներով խաբեբայ դարձան.

նրանց շրթունքների տակ իժերի թոյն կայ.

14 նրանց բերանները լի են անէծքներով եւ դառնութեամբ.

15 նրանք վազում են արիւն թափելու համար.

16 նրանց ճանապարհներին կործանում

եւ թշուառութիւն կայ.

17 եւ նրանք խաղաղութեան ճանապարհը չիմացան.

18 նրանց աչքերի առաջ չկայ Աստծու երկիւղը»[‡]։

19 Բայց գիտենք, որ, ինչ օրէնքն ասում է, ասում է նրանց, որ օրէնքի տակ են, որպէսզի ամէն բերան փակուի, եւ ամբողջ աշխարհը Աստծու դատապարտութեան տակ դրուի, 20 քանի որ ոչ մի մարդկային էակ օրէնքի գործերով չպիտի արդարացուի նրա առաջ, քանզի օրէնքի միջոցով է մեղքի ճանաչումը։

ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԸ ՀԱՒԱՏԻՑ Է

21 Բայց հիմա առանց օրէնքի էլ Աստծու արդարութիւնը յայտնուած է՝ օրէնքի եւ մարգարէների վկայութեամբ. 22 որովհետեւ Աստծու արդարութիւնը ի Յիսուս Քրիստոս եղած հաւատի միջոցով է բոլոր հաւատացողների համար. չկայ ոչ մի խտրութիւն. 23 որովհետեւ բոլորն էլ մեղք գործեցին եւ զրկուեցին Աստծու փառքից, 24 բայց նրա շնորհիւ ձրի արդարացան Քրիստոս Յիսուսի միջոցով եղած փրկութեամբ։ 25 Որովհետեւ Աստուած, նրա արեամբ, հաւատի միջոցով, որպէս քաւութիւն էր նախասահմանել՝ յապացոյց իր արդարութեան, ի թողութիւն աւելի առաջ, Աստծու համբերութեան ժամանակ գործուած մեղքերի, 26 յապացոյց իր արդարութեան ներկա՛յ ժամանակում, յապացոյց այն բանի, որ ինքն արդար է եւ կ’արդարացնի նրան, ով Յիսուսին է հաւատում։ 27 Իսկ արդ, ո՞ւր է մնում պարծենալը. ի չիք դարձաւ. ի՞նչ օրէնքով. գործերի՞ օրէնքով. ո՛չ, այլ հաւատի օրէնքով. 28 որովհետեւ մենք ընդունում ենք, որ մարդը հաւատով է արդարանում առանց օրէնքի գործերի։ 29 Աստուած միայն հրեաների՞նն է եւ հեթանոսներինը՝ ո՞չ. այո՛, հեթանոսներինն էլ է. 30 քանի որ մէ՛կ Աստուած կայ, որ արդարացնում է հաւատի միջոցով եղած թլփատութիւնը, ուրեմն եւ՝ անթլփատութիւնն էլ՝ նոյն հաւատով։ 31 Արդ, այս հաւատով միթէ ի չի՞ք ենք դարձնում օրէնքը. քա՛ւ լիցի. ընդհակառակն, օրէնքն ենք հաստատում։

[†] Սաղմոս 50. 6։