Հին Կտակարան
Նոր Կտակարան
ՏՈԲԻԹԻ ԱՉՔԵՐԻ ԲՈՒԺՈՒՄԸ11 Տուբին գնում էր ու օրհնում Աստծուն, որ յաջող…
ՏՈԲԻԹԻ ԱՉՔԵՐԻ ԲՈՒԺՈՒՄԸ
11 Տուբին գնում էր ու օրհնում Աստծուն, որ յաջողութիւն տուեց իր ճանապարհին, օրհնում էր Ռագուէլին ու նրա կնոջը։ Եւ նա նրանց հետ գնաց, մինչեւ մօտեցան Նինուէին։ 2 Ռափայէլը Տուբիին ասաց. «Եղբա՛յր, չգիտե՞ս ինչպիսի վիճակում թողեցիր քո հօրը. 3 արի՛ կնոջիցդ առաջ անցնենք եւ նախապատրաստենք տունը, 4 իսկ դու վերցրո՛ւ ձկան լեղին»։
Նրանք գնացին, շունն էլ եկաւ նրանց յետեւից։ 5 Իսկ Աննան, ըստ սովորութեան, նստել սպասում էր իր որդու ճանապարհին։ 6 Նա տեսաւ, որ որդին գալիս է, եւ ասաց. «Ահա գալիս է քո որդին, նաեւ այն մարդը, որ ընկերացել էր նրան։ 7 Ռափայէլն ասաց Տուբիին. «Ես գիտեմ, որ քո հօր աչքերը կը բացուեն. 8 այժմ այդ լեղին քսի՛ր նրա աչքերի շուրջը, այն կը կսկծացնի ու նրա աչքերից կը հանի հատերը, եւ նա կը տեսնի»։ 9 Աննան ընդառաջ գնաց, ընկաւ իր որդու պարանոցով ու ասաց նրան. «Որդեա՛կ իմ, ես քեզ տեսայ, հիմա ես, սրանից յետոյ, անհոգ կը մեռնեմ»։ Եւ երկուսով լաց եղան։ 10 Տոբիթը դուրս ելաւ դռների մօտ. նա խարխափում էր ու գլորւում. որդին շտապեց նրա մօտ, վերցրեց ու կանգնեցրեց հօրը։ 13 Նա լեղին քսեց հօր աչքերին ու ասաց. «Հայրի՛կ, տոկա՛ եւ համբերի՛ր»։ 14 Եւ մի պահ անց՝ հատերն անմիջապէս կեղեւահան եղան ու ընկան նրա աչքերից, 15 եւ նա տեսաւ իր որդուն ու ընկաւ նրա պարանոցով. 16 լալիս էր ու ասում.
«Օրհնուած ես, Տէ՛ր Աստուած,
եւ քո անունն օրհնուած է յաւիտեան,
օրհնուած են քո բոլոր սուրբ հրեշտակները,
17 որովհետեւ դու պատժեցիր եւ ողորմեցիր ինձ,
քանի որ ահա տեսնում եմ իմ որդի Տուբիին»։
Նրա որդին ուրախութեամբ մտաւ ներս ու հօրը պատմեց այն մեծ գործերի մասին, որ իր հետ կատարուեցին Մարաստանում։ 18 Տոբիթը խնդութեամբ ընդառաջ ելաւ իր հարսին. Նինուէի դռների մօտ օրհնում էր Աստծուն։ Ովքեր տեսնում էին նրան, զարմանում էին, որ նա տեսնելով է քայլում։ 19 Տոբիթը նրանց առջեւ գոհութիւն էր մատուցում Աստծուն, թէ նա ինչպէս ողորմեց իրեն։ Տոբիթը մօտեցաւ իր հարսին, օրհնեց նրան ու ասաց. «Բարի եկար, դո՛ւստրս, թող օրհնուած լինի Աստուած, որ քեզ բերեց մեզ մօտ, եւ թող օրհնուեն քո հայրն ու մայրը»։ Եւ նրա բոլոր եղբայրները, որ Նինուէում էին, ուրախացան։ 21 Այնտեղ եօթը օր հարսանիք արեցին։