Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԾԵՐՈՒՆՈՒ ԱՂՕԹՔԸ70 1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի, Յոնադաբի որդիներից եւ ա…

ԾԵՐՈՒՆՈՒ ԱՂՕԹՔԸ

70 1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի, Յոնադաբի որդիներից եւ առաջին գերութիւնից

2 Տէ՛ր, յոյսս քեզ վրայ դրի,

թող յաւէտ ամօթով չմնամ,

քո արդարութեամբ ինձ փրկի՛ր ու պահպանի՛ր։

Ականջդ մօտեցրո՛ւ ինձ եւ ազատի՛ր ինձ։

3 Ինձ համար ապաւէն եւ ամուր վա՛յր եղիր, Աստուա՛ծ, որ ինձ փրկես,

քանզի իմ հիմքն ու յենարանը դու ես։

4 Աստուա՛ծ իմ, փրկի՛ր ինձ մեղաւորի ձեռքից,

անօրէնի եւ անիրաւի ձեռքից։

5 Դու ես իմ ակնկալութիւնը, Տէ՛ր.

Տէ՛ր, դո՛ւ ես իմ յոյսը մանկութիւնիցս ի վեր։

6 Քե՛զ կռուան ունեցայ ես արգանդից,

մօրս որովայնից դո՛ւ ես իմ ապաւէնը,

եւ յարաժամ քեզնի՛ց է իմ օգնութիւնը։

7 Ես շատերի համար ծաղր դարձայ,

բայց դու իմ օգնականն ու քաջալերողը եղար։

8 Բերանս թող գովաբանութեամբ լցուի,

որ օրհնեմ փառքը քո

եւ յաւիտեան՝ քո մեծ վայելչութիւնը։

9 Ծերութեան ժամանակ ինձ մի՛ վանիր, Տէ՛ր.

երբ ուժս պակասի՝ դու ինձ մի՛ լքիր։

10 Թշնամիներս իմ մասին խօսեցին

եւ ինձ պաշարողները միասին խորհուրդ արեցին ու ասացին.

11 «Աստուած լքել է նրան, հալածենք նրան ու հասնենք նրա վրայ,

քանզի չկայ մէկը, որ նրան փրկի»։

12 Աստուա՛ծ իմ, հեռու մի՛ մնա ինձնից,

եւ ինձ օգնութեա՛ն հասիր, Աստուա՛ծ։

13 Թող ամաչեն ու կորստեան մատնուեն ինձ չարախօսողները,

թող ամօթանք ու խայտառակութիւն կրեն իմ դէմ չար խորհողները։