Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԱՍՏՈՒԱԾ ԿՈՐԾԱՆԵԼՈՒ Է ՄՈՎԱԲԸ151 Պատգամ մովաբացիների մասին2 Գիշերով պիտ…

ԱՍՏՈՒԱԾ ԿՈՐԾԱՆԵԼՈՒ Է ՄՈՎԱԲԸ

151 Պատգամ մովաբացիների մասին

2 Գիշերով պիտի կոտորուի մովաբացին,

գիշերով պիտի կործանուի Մովաբի պարիսպը։

Սգացէ՛ք ձեզ, որովհետեւ կործանուելու է Գեդեբոնը՝

ձեր մեհեանի տեղը։

Այնտեղ պիտի բարձրանաք՝

մովաբացիների Նաբաւի վրայ լաց լինելու։

Ողբացէ՛ք, քանզի ամէն գլուխ ճաղատ է դարձել,

բոլոր բազուկները՝ խորտակուել։

3 Նրա հրապարակներում քո՛ւրձ հագէք,

նրա տանիքների վրայ լաց ու կո՛ծ արէք

եւ նրա փողոցներում ամէնքդ ողբացէ՛ք ու լացէ՛ք։

4 Եսեբոնն ու Ելէիլան գոյժ բարձրացրին,

նրանց ձայները մինչեւ Յասսա հասան,

ահա թէ ինչու մովաբացու ձայնը հնչում է երկար,

եւ նա ճանաչում է իրեն։

5 Մովաբացու սիրտն իր մէջ գոչում է մինչեւ Սեգոր,

որովհետեւ նա երեք տարեկան երինջ է։

Լուիթի զառիվերով նրանք լաց լինելով

պիտի բարձրանան քեզ մօտ,

Արոնիիմի ճանապարհին կոտորածի վայնասուն

եւ իրարանցում պիտի ընկնի։

6 Նեմերիմի ջուրը պիտի պակասի ու ցամաքի,

նրա խոտը պիտի չորանայ,

եւ այնտեղ դալար բոյս չպիտի ճարուի.

մի՞թէ այդպէս հնարաւոր կը լինի ապրել։

7 Նրա ձորերի վրայ պիտի բերեմ արաբացիներին, որ գրաւեն,

8 քանզի մովաբացու սահմանների բողոքը միացաւ գալիմացու բողոքին,

նրա ողբը, նրա հեծեծանքը հասաւ մինչեւ Ելիմի ջրհորը։

9 Եւ Ռեմոնի ջուրը պիտի լցուի արեամբ,

քանզի Ռեմոնի վրա՛յ պիտի բերեմ արաբացիներին,

սողունների պէս պիտի ուղարկեմ երկրի վրայ

ու վերացնեմ Մովաբի զաւակին,

Արիէլին եւ Ադեմի մնացորդներին։