Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԽՐԱՏ ՏԵՂԻՆ ԽՕՍԵԼՈՒ ԵՒ ԼՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ20 Որքա՜ն աւելի լաւ է յանդիմանել, ք…

ԽՐԱՏ ՏԵՂԻՆ ԽՕՍԵԼՈՒ ԵՒ ԼՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20 Որքա՜ն աւելի լաւ է յանդիմանել, քան ինքն իր մէջ զայրանալ[§§]։

2 Ով բռնութեամբ է դատ անում, նման է այն ներքինուն, որ բռնանում է կոյսի կուսութեանը։

5 Մարդ կայ, որ շատախօսութեան պատճառով ատելի է դառնում բոլորին, մարդիկ էլ կան, որոնց բերանում խօսք չկայ։

6 Կան որ լուռ են, քանզի չգիտեն խօսելու ժամանակը։

7 Իմաստուն մարդը լռում է մինչեւ խօսելու պահը, բայց ով անզգամ եւ ամբարիշտ է, առաջ է վազում։

8 Ով շատախօսում է, կ’արհամարհուի, եւ ով անչափ սաստում է իր խօսքով, ատելի կը լինի։

ՀԱԿԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ

9 Կայ յաջողութիւն, որ չարիք է մարդուն, գիւտ էլ կայ, որ կորուստ է։

10 Կայ ողորմութիւն, որ չի օգնում, բայց ողորմութիւն էլ կայ, որ կրկնակի հատուցում ունի։

11 Նուաստութիւն կայ, որ փառքից է գալիս, փառք էլ կայ, որ խոնարհութիւն է տալիս։

12 Կան որ փոքր բանի համար գլուխ են բարձրացնում, եւ կան, որ մեծ բանը փոքր բանի տեղ են դնում, բայց կան, որ եօթնապատիկ տուժում են։

13 Ով խօսքով իմաստուն է, իր անձը սիրելի է դարձնում, բայց տխմարների շնորհներն ամաչեցնում են իրենց։

14 Անզգամների ողորմութիւնը օգուտ չի բերի, քանզի նրանց աչքը մէկի փոխարէն շատն է ակնկալում։

15 Քիչ է տալիս, բայց շատ է նախատում, եւ իր բերանը բացում է իբրեւ քարոզիչ։

16 Հիմա փոխ կը տայ, իսկ վաղը յետ կը պահանջի. այդպիսին Տիրոջ եւ մարդկանց համար ատելի է։

17 Տխմարն այսպէս է ասում. «Ես բարեկամ չունեմ, եւ իմ բարի գործերի համար հատուցում չկայ։

18 Իմ հացն ուտողները կեղծաւոր են»։

19 Որքա՜ն յաճախ եւ ինչքա՜ն շատերը պէտք է ծիծաղեն նրանց վրայ։

20 Լաւ է ոտքից սայթաքել, քան լեզուից. այդպէս էլ չարերի կործանումը շուտ կը հասնի։

21 Ապաշնորհ մարդը նման է տարադէպ առասպելի։

22 Անմիտ մարդու շուրթերին առակներն անարժէք են դառնում, քանզի նա չի ասում ժամանակին։

23 Մարդ կայ, որ տկարութեան պատճառով անկարող է մեղք գործել. նա իր հանգստութեան մէջ խղճի խայթ չի զգում։

24 Մարդ կայ, որ ամօթի պատճառով է հոգին կորցնում. նա կը կորչի իր մարդահաճութեան համար։

25 Մարդ էլ կայ, որ բարեկամի պատճառով է ամօթը յանձն առնում եւ իզուր նրան թշնամի դարձնում իրեն[***]։

26 Մարդու մէջ չար բիծ է սուտը[†††]։

27 Այլ բան է գողութիւնը եւ այլ բան՝ ստութիւնը, սակայն երկուսից էլ կորուստ են ժառանգում։

28 Մարդու հոգուն անարգանք են իր սրտի վատ խօսքերը, եւ նրա ամօթը միշտ մնում է իր հետ։

ՀԵՏԵՒԵԼ ՆԱԽՆԻՆԵՐԻ ԲԱՐԻ ՕՐԻՆԱԿԻՆ

Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք։

29 Ով խօսքով իմաստուն է, առաջ կը տանի իրեն, եւ գիտուն մարդը հաճելի կը լինի մեծամեծներին։

30 Ով որ մշակի հողը, կը բարձրացնի իր ցորենի դէզը, եւ ով որ հաճելի լինի մեծամեծներին, կը քաւի իր անիրաւութիւնը։

31 Նուէրներն ու կաշառքը կուրացնում են իմաստունների աչքը եւ, ինչպէս բերանի կապ, կաշկանդում յանդիմանութիւնը։

32 Թաքուն է իմաստութիւնը, եւ անյայտ՝ գանձը. երկուսից էլ ի՞նչ օգուտ։

33 Լաւ է այն մարդը, որ թաքցնում է իր յիմարութիւնը, քան այն մարդը, որ թաքցնում է իր իմաստութիւնը։

[§§] Յունարէնն աւելացնում է՝ եւ խոստովանողը կը զգուշանայ վնասից։