Հին Կտակարան
Նոր Կտակարան
ՍԻՄՈՆԻ ԴԱՒԱՃԱՆՈՒԹԻՒՆԸ3 Կար ժամանակ, որ սուրբ տաճարի բարեպաշտ ու չարատ…
ՍԻՄՈՆԻ ԴԱՒԱՃԱՆՈՒԹԻՒՆԸ
3 Կար ժամանակ, որ սուրբ տաճարի բարեպաշտ ու չարատեաց Օնիա քահանայապետի շնորհիւ սուրբ քաղաքի բնակիչները ապրում էին խաղաղ եւ սրբութեամբ պահում ճշմարիտ օրէնքները։ 2 Եթէ անգամ հարկ էր լինում, թագաւորներն իրենք էին պատւում երեւելի տաճարը հրովարտակներով, բազմաթիւ նուէրներով ու ընծաներով. 3 նոյնիսկ ինքը՝ ասիացիների կողմերի արքայ Սելեւկիոսը մասնակցում էր ծիսակատարութեանը եւ իր եկամուտներից էր ծախսում ողջակիզման զոհեր մատուցելու համար։
4 Բաղգեղի[*] ցեղից Սիմոն անունով մէկը, որն իր տոհմի առաջնորդն էր, մեղադրեց քահանայապետին քաղաքում կատարուող անօրէնութիւնների համար։ 5 Տեսնելով, որ չի կարողանում յաղթել կամ վնասել Օնիային, նա եկաւ կանգնեց Դրասէի որդի Ապոլոնի առաջ, որն այդ ժամանակ Ստորին Ասորիքի եւ Տաճկաստանի[†] սպարապետն էր։ 6 Նա նրան յայտնեց, որ Երուսաղէմի գանձատունը բազում գանձեր ունի, եւ տարբեր տեսակի այդ գանձերի թիւն ու հաշիւը ոչ ոք չի կարող պահել։ Նա ասաց. «Այդ գանձերը պէտք է արքային պատկանեն եւ յատկացուեն զոհեր մատուցուելուն»։ 7 Ապոլոնիոսն այդ մասին իրազեկ դարձրեց թագաւորին, եւ նրանք յանձն առան հետաքրքրուել այդ գանձերով։ Թագաւորը կանչեց իր հանդերձապետ Հելիոդորոսին, հրամայեց այդ գանձը հանել ու բերել քաղաքից։ 8 Հելիոդորոսն շտապ գնաց իբր թէ Ստորին Ասորիքի ու Տաճկաստանի քաղաքների վիճակն ստուգելու, բայց իրականում թագաւորի հրամանն էր կատարում։ 9 Երբ հասաւ Երուսաղէմ, այնտեղ քահանայապետն ու քաղաքացիները մեծ պատուով ընդունեցին նրան։ Նա սկսեց նրանց պատմել, թէ ինչ են ասել արքային, ու ասաց. «Ո՞վ, կամ ինչպէ՞ս, կամ ինչո՞ւ են ձեր մասին ամբաստանել արքային, եւ կամ իրօ՞ք այնքան գանձ կայ, որքան ասել են»։ 10 Քահանայապետն առաջ եկաւ ու ասաց. «Ճիշտ է, հարստութիւններ կան, բայց դրանք այրիների ու որբերի պահ դրուած աւանդներն են։ 11 Այստեղ բաժին ունի նաեւ Տուբիի որդի Օրկանիոսը՝ մի մեծ մարդ, բայց չկայ այնքան գանձ, որքան ասել է ամբաստանութեան նամակ գրող անօրէն Սիմոնը։ Այդտեղ ընդամէնը կայ չորս հարիւր քանքար արծաթ եւ երկու հարիւր քանքար ոսկի։ 12 Չի կարելի հաւատացեալներին զրկել այն հաւատից, որ նրանք ունեն ամբողջ աշխարհում փառաւոր հռչակ ունեցող սուրբ տաճարի նկատմամբ»։
ԵՐՈՒՍԱՂԷՄԸ ԽՌՈՎՈՒԹԵԱՆ ՄԷՋ
13 Երբ Հելիոդորոսը լսեց քահանայապետի խօսքերը, յիշեց արքայի հրամանն ու ասաց. «Հրամայուած է, որ յօգուտ արքունիքի վերցուի այդ գանձը»։ 14 Նա օր ու ժամ նշանակեց եւ, ըստ արքունի հրամանի, պատրաստւում էր մտնել, հաշուել ու բռնագրաւել գանձը։ Այդ ժամանակ քաղաքում քիչ յուզումներ ու խռովութիւններ չառաջացան. 15 քահանաներն իրենք սրբազան պատմուճաններով ընկնում, թաւալւում էին սեղանի առաջ, աղաչում էին նրան, ով այդ աւանդները սրբութեամբ պահելու համար օրէնքներ էր սահմանել, որ կարողանան այդ բոլոր աւանդներն անվնաս իրենց աւանդատուներին հասցնել։ 16 Մարդ խոցւում էր իր սրտում, երբ տեսնում էր քահանայապետի դէմքը, նրա երեսի արտայայտութիւնն ու գոյնը, որ նրա հոգու տրտմութիւնն էին արտացոլում, 17 որովհետեւ ահն ու սարսափն էր պատել նրան, եւ մարմինը դողում էր։ Այդ ամենից յայտնի էր դառնում նրա սրտի մորմոքը։ 18 Բոլոր տներից ընտանիքները խումբ-խումբ դուրս էին գալիս ընդհանուր աղօթքի, որպէսզի չոտնահարուի մեծ տաճարի պատիւը։ 19 Կանայք քուրձ էին հագնում ու ողբում հրապարակներում, ճգնաւոր կոյսերը կուսանոցներից գնում էին դէպի դարպասներն ու պարիսպները, ոմանք պատուհաններից բազուկները դուրս էին կարկառում, 20 եւ բոլորն առհասարակ, ձեռքերը դէպի երկինք բարձրացնելով եւ մատները տատանելով, աղօթք էին մրմնջում։ 21 Ողորմելի տեսարան էր դա, որովհետեւ մարդիկ առհասարակ գետին ընկնելով, թաւալուելով՝ աղօթք էին մատուցում դէպի երկինք. մեծապէս տագնապած՝ քահանայապետը կարծէք հրաշքի էր սպասում։ 22 Նրանք այսպէս, ընկնելով ու թաւալուելով, դիմում էին Ամենակալին, որ հաւատացեալների աւանդները լրիւ ու անվնաս հասցնի հաւատացեալներին։ 23 Հելիոդորոսն ուզում էր կատարել այն, ինչ յանձնարարուած էր իրեն։
ՀԵԼԻՈԴՈՐՈՍԻ ՊԱՏԻԺԸ
24 Դրա համար նա իր թիկնապահների հետ մտաւ գանձատուն, բայց բոլոր հոգիների եւ իշխանութիւնների վրայ զօրութիւն ունեցող Տէրը մի մեծ հրաշք ցոյց տուեց. բոլոր նրանք, ովքեր յանդգնել էին նրա հետ ներս մտնել, խեղուեցին, անդամալոյծ դարձան Աստծու վախից։ 25 Նրանց յանկարծ երեւաց մի փառահեղ ձի հեծեալի հետ, որն ունէր ոսկեզարդ հանդերձանք։ 26 Հեծեալի առաջ կանգնած էին գեղեցիկ զարդերով զարդարուած երկու երիտասարդներ։ Սրանք աջ ու ձախ կողմերից անմիջապէս մօտենալով սաստիկ հարուածներ տեղացին Հելիոդորոսի վրայ, 27 այնպէս որ սա մերձիմահ, անզգայ ընկաւ գետին, եւ վերցրին նրան[‡]։ 28 Նա, որ այդպիսի շուքով, պատուով, սպառնալիքով եւ թիկնապահներով մտել ու ճեմում էր գանձատանը, այժմ նրան բարձրացրած տանում էին անզգայ վիճակում։ 29 Պարզ երեւում էր, որ Աստծու զօրութիւնն էր վրայ հասել, եւ նա անմռունչ ու անբարբառ, փրկութեան ամէն մի յոյսից կտրուած, կիսամահ գետին էր ընկել։ 30 Ինչ վերաբերում է Օնիայի շուրջը գտնուողներին, ապա սրանք օրհնում էին Տիրոջը, որն ամէն ինչով փառաւորում էր իր սրբավայրը, եւ այն տաճարը, որը քիչ առաջ խռովութեամբ էր լցուած, Տիրոջ երեւալով լցուեց խնդութեամբ ու անսպառ ուրախութեամբ։ 31 Այն ժամանակ եկածներից մի քանի բարեսիրտ մարդիկ՝ զօրավարի աւագ ընկերները, շտապ հասան Օնիայի մօտ, որպէսզի սա խնդրի Բարձրեալից գոնէ կենդանի թողնել նրան, այնպէս չանել, որ կեանքի վերջին տարիներին այդ մարդը չարաչար տանջուելով սմքի։ 32 Քահանայապետը մտահոգուեց, որ գուցէ թագաւորը մտածի, թէ այդ մարդը տուժել է իր կամ հրեաների նիւթած դաւից, ուստի աղաչեց Աստծուն, զոհ մատուցեց այդ մարդու կեանքը փրկելու համար։ 33 Երբ քահանայապետը մատուցեց քաւութեան զոհերը, նոյն երիտասարդները, նոյն շքեղ զգեստները հագած, անմիջապէս իջան ու եկան Հելիոդորոսի առաջ եւ ասացին. «Դու Օնիա քահանայապետից շատ շնորհակալ եղիր, որովհետեւ նրա համար, նրա միջոցով Տէրը քեզ կեանք շնորհեց։ 34 Իսկ դու, որ նրա համար այդքան տանջանքներով պատժուել ես, պատմի՛ր բոլորին Աստծու մեծ զօրութեան մասին»։ Այս բանն ասելուց յետոյ նրանք անմիջապէս աներեւութացան։
ՀԵԼԻՈԴՈՐՈՍԻ ԴԱՐՁԸ ԴԷՊԻ ԱՍՏՈՒԱԾ
35 Երբ Հելիոդորոսն սթափուեց, անմիջապէս Տիրոջը ողջակէզ զոհեր մատուցեց, Տիրոջը մեծամեծ ուխտեր եւ աղօթքներ արեց, որ նա իրեն շնորհեց իր կեանքը եւ պարգեւեց առաջուայ ուժն ու եռանդը։ Նա Օնիա քահանայապետին մեծամեծ նուէրներով պատուեց ու այնտեղից շարժուեց ու գնաց թագաւորի մօտ։ 36 Ամէն տեղ նա վկայութեամբ հաստատեց Աստծու հրաշքները, որ ինքն իր աչքերով էր տեսել։ 37 Երբ թագաւորը հարց տուեց Հելիոդորոսին, թէ՝ «Ինչպէ՞ս, ի՞նչ արեցիր, ինչո՞վ վերջացրիր այն գործը, որի համար գնացել էիր», ապա սա սկսեց պատմել գանգատուելով ու ասաց. 38 «Ո՜վ տէր, Երուսաղէ՛մ ուղարկեցէք նրան, ով ձեր թշնամին է ու ձեր մեծ գործերի հակառակորդը։ Հրամայեցէ՛ք ուղարկել նրան եւ նրան կը գտնէք այնտեղ չարաչար բրածեծ եղած, եթէ միայն մահուանից փրկուել կարողանայ։ 39 Այնտեղ, իրօք, մեծ հրաշքներ են կատարւում։ Նա, որի զօրութիւնը երկնքում է, Նա՛ է այդ երկրի հովանաւորն ու օգնականը։ Եւ ով մի անգամ թշնամութեամբ կամ արհամարհանքով է այդ երկիրը մտնում, մեծամեծ չարիքներ կը կրի, եթէ միայն կարողանայ կենդանի դուրս գալ այդտեղից»։
Այսքանը բաւական է Հելիոդորոսի ու գանձատունը պաշտպանելու հետ կապուած դէպքերի մասին։