Հին Կտակարան
Նոր Կտակարան
ԱՍՏՂԵՐԻ ԵՒ ԲՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ13 Իսկապէս բնութեամբ յիմար էին բո…
ԱՍՏՂԵՐԻ ԵՒ ԲՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ
13 Իսկապէս բնութեամբ յիմար էին բոլոր այն մարդիկ, որ աստուածգիտութիւն չունէին
եւ անկարող էին տեսանելի բարի բաներից գիտենալ, թէ որն է Գոյը,
եւ ոչ էլ նայելով գործերին՝ ճանաչեցին նրանց Ճարտարապետին։
2 Այլ նրա փոխարէն աստուածներ համարեցին կա՛մ կրակը,
կա՛մ հողմը, կա՛մ արագահոս օդը,
կա՛մ աստղերի շրջանները,
կա՛մ յորդ ջրերը
եւ կա՛մ երկնային լուսատուները՝ աշխարհիս արբանեակները։
3 Եւ եթէ դրանց գեղեցկութեամբ հրճուելով՝ նրանց աստուածներ կարծեցին,
ապա պիտի գիտենային, թէ որքա՜ն առաւել եւս լաւ է դրանց Տէրը,
որովհետեւ նա, որ գեղեցկութեան արարչապետն է,
նա էլ ստեղծել է դրանք։
4 Իսկ եթէ զարմանում են դրանց ուժի եւ ազդեցութեան վրայ,
ապա թող իմանան, թէ որքա՜ն առաւել եւս զօրաւոր է նա,
որ ստեղծել է դրանք.
5 քանզի արարուածների մեծութիւնից եւ գեղեցկութիւնից՝
նոյն համեմատութեամբ էլ երեւում է դրանք արարչագործողը։
6 Սակայն այդ մարդկանց մեղադրելու տակաւին քիչ բան կայ,
քանի որ, թէեւ մոլորուած, բայց նրանք Աստուած են որոնել
եւ ուզել են գտնել նրան։
7 Անդրադառնալով նրա գործերին՝
քննում եւ տեսողութեամբ հաւանելով տեսանելիները՝
համոզւում են, թէ դրանք գեղեցիկ են։
8 Բայց նրանք եւս արժանի չեն ներման,
9 որովհետեւ եթէ կարողացան այդքան խելամուտ լինել,
որ ընդունակ եղան զննելու աշխարհը,
ապա ինչո՞ւ անմիջապէս չկարողացան յայտնաբերել նրա Տիրոջը։
ԿՈՒՌՔԵՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ
10 Թշուառական են նաեւ այն մարդիկ,
եւ մեռեալ իրերի վրայ է նրանց յոյսը,
ովքեր աստուածներ համարեցին մարդկային ձեռքի գործերը,
ոսկին եւ արծաթը,
արուեստի ճարտար կերտուածքները,
կենդանիների նմանութիւնները
կամ նախնիների ձեռակերտ չնչին ինչ-որ քար։
11 Եւ եթէ որեւէ ատաղձագործ,
սղոցելով ինչ-որ գեղեցիկ մի ծառ,
վարպետօրէն քերել է նրա ողջ կեղեւը
եւ կեանքում օգտագործելու համար պատրաստել վայելուչ եւ պիտանի մի անօթ,
12 իսկ տաշեղը վառել կերակուր պատրաստելու համար եւ յագեցել,
13 կամ անպէտք, խոտելի եւ ծռտիկ-մռտիկ փայտը վերցրել ու տաշել է գործի խոր իմացութեամբ
եւ իմաստուն խելամտութեամբ ձեւաւորել՝
նմանեցրել մարդու կերպարանքին
14 կամ դարձրել անարգ կենդանու ճշգրիտ նմանութիւն,
կրով ծեփել եւ կարմիր սնգոյրով ներկել այն,
կաւով սուաղել նրա բոլոր խորդուբորդ մասերը,
15 եւ նրա համար ըստ արժանւոյն տուն շինելով՝
դրել պատի մօտ եւ ամրացրել երկաթով,
16 զգուշանալով, որ չկործանուի,
որովհետեւ գիտէր,
թէ նա ինքն իր անձին օգնել չի կարող,
քանզի արձան է եւ կարօտ օգնութեան։
17 Այնուամենայնիւ ամուսնութեան, որդիների եւ ունեցուածքի համար մօտենում ու շշնջում է այդ անշունչ կերտուածքին,
աղաչում է եւ չի ամաչում,
18 իր առողջութեան համար դիմում է այդ ապիկարին,
իր կեանքի համար աղերսում է այդ մեռեալին,
աղօթում է այդ անկարին,
որ թեւ ու թիկունք լինի իրեն.
19 եւ նրանից, որ ոտքն առաջ տանել չի կարող,
ճանապարհորդութեան, հարստութեան եւ գործերի յաջողութեան համար է խնդրում,
եւ նրանից, որ ձեռքը շարժել չի կարող,
խնդրում է ձեռքերի կորով եւ արգասաւորութիւն։