Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԻՍՐԱՅԷԼԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿՌԱՊԱՇՏ ՉԷ15 Բայց դու, Աստուա՛ծդ մեր, քաղցր ես եւ…

ԻՍՐԱՅԷԼԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿՌԱՊԱՇՏ ՉԷ

15 Բայց դու, Աստուա՛ծդ մեր, քաղցր ես եւ ճշմարիտ,

համբերատար ես եւ ողորմածութեամբ ղեկավարում ես բոլորին։

2 Եթէ մեղք էլ ենք գործում, քոնն ենք,

որովհետեւ գիտենք քո զօրութիւնը,

բայց չենք մեղանչի, որովհետեւ գիտենք, որ քեզ ենք պատկանում։

3 Չէ՞ որ քեզ ճանաչելն իսկ բովանդակ արդարութիւն է,

եւ քո զօրութիւնը գիտենալը՝ արմատ անմահութեան։

4 Մեզ չմոլորեցրեց մարդկային չարարուեստ հնարագիտութիւնը,

եւ ոչ էլ կարծեցեալ նկարիչների անպտուղ աշխատանքը՝

պէս-պէս գոյներով ծեփուած այն պատկերները,

5 որոնց տեսքը ցանկալի է անմիտներին,

եւ որոնք փափագում են մեռեալ արձանի այդ անշունչ կերպարանքը։

6 Չարիքի արուեստագէտներ են բոլոր նրանք,

ովքեր փայփայում են այդ յոյսը.

նաեւ՝ թէ՛ նրանք, որ կերտում են այդ կուռքերը,

թէ՛ նրանք, որ փափագում են, եւ թէ՛ նրանք, որ պաշտում են դրանք։

ԿՈՒՌՔԵՐ ՊԱՏՐԱՍՏՈՂԻ ՅԻՄԱՐՈՒԹԻՒՆԸ

7 Բրուտը շաղելով փափուկ կաւը՝ դնում է պտտուող գործիքի վրայ

եւ անօթ է շինում մեր բոլորի կարիքների համար.

սակայն միեւնոյն կաւից միանման շինուած այդ անօթներից թէ ո՛րն է ծառայելու սրբութիւններին,

ո՛րը՝ բոլորովին հակառակ գործերի,

թէ ո՛րն ինչի հարկաւոր կը լինի,

- դրա համար նոյն կաւագործն է դատաւորը եւ հոգածուն։

8 Եւ իզուր է, որ նա նոյն կաւից աստուած է կերտում,

քանզի ինքն էլ ոչ շատ ժամանակ առաջ ստեղծուել է հողից

եւ քիչ ժամանակ յետոյ, երբ իր հոգու պարտքը պահանջուի,

նոյն հողին է գնալու, որից իր սկիզբն է առել։

9 Սակայն նրա հոգսն այն չէ, որ ինքը պէտք է տքնի,

եւ ոչ էլ այն, որ կարճատեւ է կեանքը,

այլ այն, որ նա ձգտում է մրցել ոսկերիչների եւ արծաթագործների հետ,

նմանւում է պղնձագործներին ու փառք է համարում,

որ գարշելի բաներ է շինում։

10 Նրա սիրտը մոխիր է, յոյսը՝ արհամարհելի հող,

իսկ նրա կեանքը առաւել անարգ է, քան կաւը,

11 որովհետեւ նա չճանաչեց իր ստեղծողին

եւ ոչ էլ նրան, որ ներգործող շունչ արարեց իր մէջ ու իր մէջ փչեց կենդանի հոգի։

12 Աւելին, նա մեր գոյութիւնը խաղ համարեց,

իսկ մեր կեանքը՝ շահութաբեր տօնավաճառ,

քանի որ, ասում են, որտեղից ուզում է լինի,

թէկուզ հէնց չարիքից, հարկաւոր է բան շահել։

13 Եւ նա բոլորից էլ լաւ գիտի, որ ինքը մեղք է գործում՝

հողեղէն նիւթից դիւրաբեկ անօթներ եւ կուռքեր շինելով։

ԵԳԻՊՏԱՑԻՆԵՐԻ ԿՌԱՊԱՇՏԱԿԱՆ ՅԻՄԱՐՈՒԹԻՒՆԸ

14 Նրանք բոլորը մանուկներից անգամ անմիտ եւ խելապակաս են։

Քո ժողովրդի թշնամիները բռնադատեցին նրան,

15 որովհետեւ աստուածներ համարեցին հեթանոսների բոլոր կուռքերը,

որոնց ո՛չ աչքերն են պիտանի տեսնելու համար,

ո՛չ ռունգերը՝ օդ շնչելու համար,

ո՛չ ականջները՝ լսելու համար,

ո՛չ էլ ձեռքերի մատները՝ շօշափելու համար.

ոտքերն էլ ընդունակ չեն քայլելու։

16 Մարդն է արարել դրանք,

մուրացիկ ոգին է դրանք ստեղծել։

Ոչ մի մարդ չի կարող ստեղծել Աստծու պատկերը,

17 քանի որ մահկանացու է եւ անօրէն ձեռքով մեռեալ գործ է կերտում։

Կերտողն ինքն աւելի լաւ է իր պաշտած կուռքերից,

որովհետեւ ինքը կեանք է ունեցել, իսկ նրանք՝ երբեք։

18 Նաեւ գարշելի կենդանիներ են պաշտում,

ինչն արդէն ծայրայեղ անմտութիւն է։

19 Եթէ այդ կենդանիները համեմատուեն ուրիշների հետ,

ապա աւելի վատթար պիտի համարուեն,

որովհետեւ անասունը չունի այն գեղեցկութիւնը, որ կարելի է ցանկանալ։