Հին Կտակարան
Նոր Կտակարան
ԵՂԻՈՒՍԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՅՈԲԻՆ34 Եղիուսը նորից խօսեց ու ասաց. 2 «Ո՛վ իմաստ…
ԵՂԻՈՒՍԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՅՈԲԻՆ
34 Եղիուսը նորից խօսեց ու ասաց.
2 «Ո՛վ իմաստուններ, լսեցէ՛ք ինձ,
եւ դուք՝ հանճարեղնե՛ր, ակա՛նջ դրէք.
3 քանզի ականջն է քննում խօսքերը,
իսկ կոկորդը կերակուրներ է ճաշակում։
4 Արդ, մենք մեզ համար ատեան ընտրենք
ու մեր մէջ իմանանք, թէ ի՛նչն է բարի։
5 Յոբն ասաց. «Ես արդար եմ,
բայց Տէրը մի կողմ նետեց իմ իրաւունքները,
6 արդար դատաստան չարեց իմ հանդէպ.
սաստիկ է նետի յարուցած վէրքը,
եւ ես անիրաւութիւն չեմ գործել»։
7 Արդ, կա՞յ մարդ, որ, Յոբի պէս,
արհամարհանքն իբրեւ ջուր խմի,
8 չմեղանչելով, ամբարշտութիւն չանելով,
անօրէնութիւն անող մարդկանց գործերին չմասնակցելով՝ ընթանայ ամբարիշտների հետ։
9 Չասես՝ “Ոչ մէկին պատիժ վրայ չի հասնի,
մինչդեռ այցը Տիրոջ կողմից է լինելու”։
10 Դրա համար էլ, սրտո՛վ հանճարեղներ, ի՛նձ լսեցէք։
Այնպէս չլինի թող, որ ես ամբարշտութիւն անեմ Տիրոջ հանդէպ
ու Ամենակալի առաջ աղմկեմ,
թէ արդար եմ ես։
11 Յուրաքանչիւր մարդու, ըստ նրա արարքների, կը հատուցի Նա,
ըստ նրա վարքի կը փոխադարձի նրան։
12 Գուցէ Տիրոջ մասին մտածում ես,
որ կարող է անկարգ բանե՞ր անել,
կամ կը պղծի՞ իրաւունքն Ամենակալը, նա, որ երկիրն է ստեղծել։
13 Այն ո՞վ է, որ ստեղծել է երկնքի ներքոյ
ու միջոցի մէջ եղած ամէն բան։
14 Եթէ կամենար սահմանափակել
եւ հոգին յետ իր մէջ պահել,
15 առհասարակ ամէն մարմին վերջ կը գտնէր,
ամէն մարմին կը դառնար հող,
որից որ ստեղծուել էր։
16 Իսկ եթէ չես խրատուել, սա՛ էլ լսիր,
ակա՛նջ դիր խօսքիս ու բառերիս։
17 Չե՞ս մտածում, որ նա, ով ատել է անիրաւութիւնը,
խորտակել է նաեւ չարիքը. արդարները յաւիտեան են ապրում։
18 Ամբարիշտ է նա, ով թագաւորին
ասում է՝ անիրաւ ես դու,
իսկ իշխաններին համարում է է՛լ աւելի ամբարիշտ։
19 Նա չի պատկառել մեծապատիւ մարդկանցից,
աւելի պատիւ չի ընծայել երեւելի մարդկանց, քան աղքատներին։
20 Ի զուր կը լինի նրանց՝ ուրիշներին ձայն տալն ու աղերսելը,
որովհետեւ անօրէնութեամբ են շարժուել՝
խեղճերին էլ խոտորեցնելու համար.
21 քանզի Տէրն ինքը տեսնում է մարդկանց արարքները,
ինչ որ սրանք արել են.
նրանից ոչինչ ծածուկ չի մնում։
22 Եւ թաքնուելու տեղ չեն ունենայ նրանք,
ովքեր անօրէնութիւն են գործում,
23 որովհետեւ մարդու վրայ ոչինչ չի դնելու բացի իրաւունքից,
որովհետեւ Տէրը տեսնում է ամէն ինչ,
24 քննում, վերահասու է լինում անքննելի,
փառաւոր ու հրաշակերտ բաների,
որ թիւ ու համար չունեն։
25 Ինքն է, որ ճանաչում է նրանց գործերը
եւ մի գիշերում տապալելու նրանց, ու խորտակուելու են։
26 Խաւարեցրել է ամբարիշտներին,
եւ սրանք մատնուել են իրենց թշնամիների ձեռքը։
27 Արդարեւ, նրանք շեղուել են Աստծու արդար օրէնքից,
նրա կարգն ու կանոնը չեն ճանաչել։
28 Չեն հասցրել նրան աղաղակը տնանկի,
բայց աղքատի բողոքը նա լսելու է։
29 Թէ ինքը լռութիւն պահի՝ ո՞վ է դատապարտելու,
թէ դէմքը ծածկի՝ ո՞վ է նրան տեսնելու։
30 Ժողովրդի խստասրտութեան պատճառով ազգերի ու մարդկանց վրայ
կեղծաւորին է թագաւոր կարգելու։
31 Մէկն ասելու է Ամենազօրին.
“ Առել ու գրաւել եմ առանց քեզ.
32 թէ անիրաւութիւնս տեսել ես՝ ցո՛յց տուր ինձ,
իսկ եթէ անօրէնութիւն եմ արել՝
այլեւս չեմ անի”։
33 Մի՞թէ մէկը քեզնից դա պահանջելու է,
որ դու մերժում ես։
Դու ես ընտրել, ոչ թէ ես,
իսկ եթէ մի բան գիտես՝ ասա՛։
34 Դրա համար սրտով իմաստունները,
նոյնպէս եւ ամէն խելացի մարդ, որ լսում է դա, պիտի ասի.
35 “Բայց Յոբն իմաստութեամբ չխօսեց,
եւ նրա խօսքերը խելացի չեն”։
36 Բայց հաշուի՛ առ, Յո՛բ,
եւ անզգամի պէս մի՛ պատասխանիր դեռ,
37 որպէսզի ձեր մեղքերը չաւելացնէք.
Տիրոջ առաջ շատ բան խօսելն անօրէնութիւն է համարուելու ձեզ համար»։
ԱՍՏՈՒԱԾ ԱՆՏԱՐԲԵՐ ՉԷ ՄԱՐԴՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՆԴԷՊ
35 Եղիուսը նորից խօսեց ու ասաց.
2 «Այդ ի՞նչն ես իրաւունք համարել,
3 դու ո՞վ ես, որ ասում ես.
“ Արդար եմ Տիրոջ առաջ”,
կամ՝ “Մեղանչեցի, ի՞նչ անեմ”։
4 Կը պատասխանեմ քեզ ու երեք բարեկամներիդ.
5 երկնքի՛ն նայիր ու տե՛ս,
նկատի՛ր ամպերը.
քեզնից որքա՜ն բարձր են։
6 Եթէ մեղք ես գործել, ի՞նչ ես անելու,
ու եթէ բազում անիրաւութիւններ ես կատարել,
ի՞նչ կարող ես անել։
7 Արդ, եթէ արդար ես, ի՞նչ ես տալու Նրան,
կամ ինքն ի՞նչ է ստանալու քո ձեռքից։
8 Ամբարշտութիւնդ՝ քեզ նման մարդկանց,
արդարութիւնդ էլ՝ մարդու որդիների համար օգուտ չունեն։
9 Շատերի կողմից զրպարտուածները կ’աղաղակեն,
ձայն կը բարձրացնեն շատերի բռունցքի պատճառով։
10 Սակայն մէկը չի ասել.
“ Ո՞ւր է Աստուած, որ այս ամէնն ստեղծել է,
որ կարգում է գիշերային պահակութեան ժամերը,
11 որ ինձ զատում է երկրի չորքոտանիներից ու երկնքի թռչուններից”։
12 Այն ժամանակ ձայն կը տան, բայց չես լսի,
որովհետեւ ինչ որ պատահում է,
տեղի է ունենում չարերի ամբարտաւանութիւնից։
13 Տէրը չի ուզում անկարգութիւններ տեսնել,
որովհետեւ Ամենակալն ինքը տեսնում է բոլորին,
ովքեր անօրէնութիւն են գործում.
իսկ ինձ կը փրկի։
14 Խնդիրքդ ներկայացրո՛ւ նրան,
եթէ կարող ես գովել նրան այնպէս,
ինչպէս որ նա կայ։
15 Եւ արդ, քանի որ չկայ մէկը,
որ կրել է նրա բարկութիւնը,
մէկը, որ գիտակցել է իր ծանր մեղքերը,
- 16 ապա ուրեմն Յոբն էլ զուր է բացում բերանը
եւ իր անգիտութեամբ ծանրացնում խօսքերը»։