Հին Կտակարան
Նոր Կտակարան
ՉԴԱՏԵԼ ԸՍՏ ՏԵՍՔԻ11 Խոնարհ մարդու իմաստութիւնը բարձր է պահում նրա գլու…
ՉԴԱՏԵԼ ԸՍՏ ՏԵՍՔԻ
11 Խոնարհ մարդու իմաստութիւնը բարձր է պահում նրա գլուխը եւ մեծամեծների մէջ է բազմեցնում նրան։
2 Մարդուն մի՛ գովիր իր գեղեցկութեան համար եւ մի՛ արհամարհիր իր խեղճ տեսքի համար։
3 Մեղուն փոքր է թռչողների մէջ, սակայն նրա պտուղը քաղցրութեան սկիզբն է։
4 Մի՛ պարծեցիր զգեստների պերճութեամբ եւ փառքիդ օրը մի՛ հպարտացիր, քանզի սքանչելի են Տիրոջ գործերը եւ դրանք ծածկուած են մարդկանցից։
5 Բազում բռնակալներ գետին նստեցին[‡], եւ նա, որից չէին սպասում, թագ ստացաւ։
6 Բազում հզօրներ խիստ անարգուեցին, եւ անուանի մարդիկ մատնուեցին այլոց ձեռքը։
7 Քանի դեռ չի քննուել, մի՛ մեղադրիր մարդուն, իմացի՛ր՝ յետո՛յ պատժիր։
8 Քանի դեռ չես լսել, մի՛ պատասխանիր եւ մի՛ միջամտիր խօսակցութեանը։
9 Մի՛ պայքարիր այն բաների համար, որ քեզ չեն վերաբերում, եւ մի՛ նստիր մեղաւորների ատեանում նրանց կողքին։
10 Որդեա՛կ, շատ գործեր մի՛ ձեռնարկիր, քանզի բազում գործերի մէջ չես կարող անպարտ մնալ, եւ եթէ հետամուտ լինես դրանց, չես հասնի վերջին եւ չես խուսափի կործանումից։
ԽՐԱՏ ՀԱՐՍՏՈՒԹԵԱՆ ԵՒ ԱՂՔԱՏՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
11 Մարդ կայ, որ տքնում, աշխատում ու աճապարում է, եւ սակայն առաւել եւս կարիքի մէջ է մնում,
12 մարդ էլ կայ, որ ծոյլ է, օգնութեան կարօտ, զօրութիւնից զուրկ, աղքատութեան մէջ թաղուած,
13 սակայն Տիրոջ աչքը նրան նայում է բարութեամբ, ոտքի է կանգնեցնում նրան իր աղքատութիւնից, բարձրացնում է նրա գլուխը, եւ շատերը զարմանում են դրա վրայ։
14 Բարիքը, չարիքը, կեանքը եւ մահը, աղքատութիւնն ու հարստութիւնը Տիրոջից են։
17 Տիրոջ պարգեւը բարեպաշտներին է մնում, եւ յաւիտեան է նրա բարեհաճութիւնը։
18 Ով հարստանում է ժլատութեամբ եւ կուտակելով, նրա վարձի բաժինը այս է լինում.
19 երբ նա ասում է, թէ, «Հանգիստ գտայ եւ այժմ պիտի վայելեմ իմ հարստութիւնը»,
20 սակայն չգիտի, թէ երբ որ գայ օրհասը, նա այլոց կը թողնի այն ու կը մեռնի։
21 Հաւատարի՛մ մնա քո ուխտին, նուիրուի՛ր նոյն ուխտին եւ ծերացի՛ր քո գործի մէջ։
22 Մի՛ զարմացիր մեղաւոր մարդու գործերի վրայ, հաւատա՛ Տիրոջը ու տոկա՛ քո տքնութեան մէջ։
23 Տիրոջ համար դիւրին է աղքատին անակնկալ հարստացնելը։
24 Տիրոջ օրհնութիւնը բարեպաշտների վարձն է, եւ շատ շուտով Նրա օրհնութիւնը խնդութիւն է տալու նրանց։
25 Մի՛ ասա, թէ՝ «Էլ ինչի՞ կարիք ունեմ» եւ՝ «Սրանից յետոյ էլ ի՞նչ բարիք պիտի լինի ինձ»։
26 Մի՛ ասա, թէ՝ «Սա բաւական է ինձ. սրանից յետոյ էլ ի՞նչ չարիք կարող է լինել»։
ՄԱՀՈՒԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
27 Երջանկութեան օրը մոռացւում են չարիքները, չարիքի օրը չեն յիշւում բարիքները,
28 քանզի Տիրոջ համար դիւրին է վախճանի օրը մարդուն հատուցել ըստ իր անցած ճանապարհների։
29 Մէկ ժամուայ տանջանքը մոռացնել է տալիս հաճոյքները, եւ մարդու վախճանի ժամին յայտնի են դառնում նրա գործերը։
30 Մարդու վախճանից առաջ երանի մի՛ տուր նրան. մարդ ճանաչւում է իր որդիներով։
31 Ամէն մարդու մի՛ ընդունիր քո տունը, քանզի բազմաթիւ են նենգաւոր մարդու որոգայթները։
32 Ինչպէս որսորդն է դարան մտնում կաքաւ որսալու համար, այնպէս էլ ամբարտաւանը, որի ուշքն ու միտքը քեզ գլորելն է։
33 Նա բարիքը վերածում է չարիքի եւ արատաւորում այն, ինչ ցանկալի է։
34 Կայծերի շատութիւնից բորբոքւում է կրակը, այդպէս էլ մեղաւոր մարդը մահ է նիւթում։
35 Զգուշացի՛ր խորամանկ մարդուց, քանզի նա չարիք է նիւթում. գուցէ նա քեզ յաւիտենական պարսաւանքի տակ դնի։
36 Քո տանը բնակեցրո՛ւ օտարին, եւ նա խռովութիւն կը գցի քո տան մէջ ու կ’օտարացնի քեզ քո իւրայիններից։