Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ՅԵՍՈՒԻ ՈՐԴԻ ՍԻՐԱՔԻ ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆԸՀՈԳԵՒՈՐ ԽՐԱՏՆԵՐ ԱՍՏՈՒԱԾԱՊԱՇՏՈՒԹԵԱՆ ՄԱՍ…

ՅԵՍՈՒԻ ՈՐԴԻ ՍԻՐԱՔԻ ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆԸ

ՀՈԳԵՒՈՐ ԽՐԱՏՆԵՐ ԱՍՏՈՒԱԾԱՊԱՇՏՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ[*]

ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

1 Բովանդակ իմաստութիւնը Տիրոջից է, եւ այն յաւիտեան կը մնայ նրա հետ։

2 Ո՞վ կարող է հաշուել երբեւէ ծովի աւազը, անձրեւների շիթերը եւ յաւիտենութեան օրերը։

3 Ո՞վ կարող է քննել երկնքի բարձրութիւնը, երկրի լայնութիւնը եւ իմաստութեան խորքերը։

4 Իմաստութիւնն ստեղծուեց ամէն ինչից առաջ, զգօնութիւնը եւ հանճարը ի յաւիտենից կային։

5 Իմաստութեան աղբիւրը բարձրեալ Աստծու խօսքն է, եւ նրա ճանապարհները յաւիտենական պատգամներ են։

6 Իմաստութեան արմատները նրա մէջ յայտնուեցին։

7 Ո՞ւմ տրուեց իմաստութեան գիտութիւնը, եւ ո՞վ հասկացաւ նրա արուեստը։

8 Իմաստութիւնը մէկ է եւ խիստ ահեղ, որ նստում է իր գովութեան աթոռին։

9 Ինքը՝ Տէրը հաստատեց այն, տեսաւ եւ չափեց այն ու հեղեց իր գործերի վրայ,

10 ամէն մարմնի վրայ, ըստ իր պարգեւի, եւ այն բաշխեց իր սիրելիներին։

11 Տիրոջ հանդէպ երկիւղը փառք է ու պարծանք, ուրախութիւն է եւ ցնծութեան պսակ։

12 Տիրոջ հանդէպ երկիւղը զուարճացնում է սիրտը եւ պարգեւում ուրախութիւն, խնդութիւն ու երկար կեանք։

13 Ով երկիւղ է կրում Տիրոջից, նա բարիք կը ստանայ յետոյ եւ իր վախճանի օրը կ’օրհնուի։

14 Տիրոջ հանդէպ երկիւղը Տիրոջ պարգեւն է, որ հաստատւում է սիրոյ ճանապարհներին։

15 Տիրոջ հանդէպ սէրը փառաւոր իմաստութիւն է, եւ ում կամենում է՝ Տէրը շնորհում է համաձայն իր հայեցողութեան։

16 Իմաստութեան սկիզբը երկիւղն է Տիրոջից, որ հաւատացեալների համար հաստատուել է մայրական արգանդից ի վեր, մարդկանց հետ բնաւորուել է յաւիտենական հիմքից եւ հաւատարիմ կը մնայ նրանց սերնդի հետ։

20 Իմաստութեան լրումը երկիւղն է Տիրոջից. այն կը սնի մարդկանց իր պտուղներով,

21 մարդու ամբողջ տունը կը լցնի ցանկալի բաներով եւ շտեմարանները՝ նրա վաստակով։

ԼԻՆԵԼ ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ԵՒ ԶՈՒՍՊ

22 Իմաստութեան պսակը Տիրոջ հանդէպ երկիւղն է։

23 Նա է, որ ծլեցնում է խաղաղութիւն եւ կատարեալ առողջութիւն, տեսնում եւ քննում է ամէն բան։

24 Նա է, որ բխեցրեց իմաստունի խրատը եւ գիտութիւնը, բարձրացրեց նրանց փառքը, ովքեր ունեն այն։

25 Իմաստութեան արմատը երկիւղն է Տիրոջից, եւ նրա ոստերը՝ երկար կեանքը։

26 Տիրոջ հանդէպ երկիւղը վանում է մեղքը,

27 իսկ երկիւղ չունեցողը չի կարող արդարանալ։

28 Անիրաւ զայրոյթը չի կարող արդարանալ, քանզի նրա զայրոյթի ընթացքը նրան տանում է դէպի կործանում.

29 համբերատարը միառժամանակ զսպում է իրեն, եւ յետոյ դարձեալ ուրախութիւնը տիրում է նրան։

30 Նա միառժամանակ կը թաքցնի իր խօսքերը, եւ շատերի շուրթերը կը պատմեն նրա իմաստութեան մասին։

31 Իմաստութեան գանձերի մէջ խրատի առակներ կան։

32 Մեղաւորի համար աստուածապաշտութիւնը գարշելի է։

33 Եթէ իմաստութեան ես ձգտում, պահի՛ր Տիրոջ պատուիրանները, եւ Տէրը քեզ կը պարգեւի այն։

34 Արդարեւ, իմաստութիւնն ու խրատը երկիւղն է Տիրոջից, եւ հաւատն ու հեզութիւնը հաճելի է Տիրոջը։

35 Մի՛ անտեսիր Տիրոջ հանդէպ երկիւղը եւ նրան մի՛ մօտեցիր երկբայութեամբ։

37 Կեղծաւորութիւն մի՛ արա մարդկանց առջեւ եւ զգո՛յշ եղիր քո շրթունքներից։

38 Մի՛ բարձրացրու քեզ, որպէսզի չընկնես, քո վրայ անարգանք չբերես, եւ Տէրը չնուաստացնի քեզ,

40 քանզի նրան չմօտեցար Տիրոջ երկիւղով, եւ քո սիրտը լի է նենգութեամբ։

[*] Հայերէն տպագիր թարգմանութեան մէջ բացակայում են Ը, ԽԳ-ԾԱ գլուխները։ Տների համարակալման մէջ կան շեղումներ։