Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԱՅԼԱԶԱՆ ԽՐԱՏՆԵՐ7 Չարիք մի՛ գործիր, եւ քո վրայ չարիք չի գայ։ 2 Հեռո՛ւ …

ԱՅԼԱԶԱՆ ԽՐԱՏՆԵՐ

7 Չարիք մի՛ գործիր, եւ քո վրայ չարիք չի գայ։

2 Հեռո՛ւ մնա անիրաւութիւնից, եւ այն հեռու կը մնայ քեզնից։

3 Որդեա՛կ, մի՛ սերմանիր անիրաւութեան ակօսի մէջ, որպէսզի այն եօթնապատիկ չհնձես։

4 Տիրոջից իշխանութիւն մի՛ խնդրիր եւ թագաւորից՝ փառքի աթոռ։

5 Տիրոջ առջեւ մի՛ փորձիր արդարանալ եւ թագաւորի առջեւ ճարտարախօս մի՛ երեւար։

6 Մի՛ ձգտիր դատաւոր լինել, գուցէ չկարողանաս վերացնել անիրաւութիւնը։ Գուցէ երբեւէ ակնածելով հզօրից՝ սայթաքես քո արդարութիւնից։

7 Քաղաքի բազմութեան հանդէպ մի՛ մեղանչիր եւ քեզ մի՛ նուաստացրու ամբոխի առջեւ։

8 Մեղքի վրայ մեղք մի՛ աւելացրու, որպէսզի որեւէ մէկից չմեղադրուես։

9 Մի՛ ծուլացիր քո ուխտի մէջ,

10 անփոյթ մի՛ լինիր ողորմածութիւն անելու մէջ։

11 Մի՛ ասա, թէ Տէրը կը նայի իմ բազմաթիւ զոհաբերումներին եւ բարձրեալ Աստծուն մատուցելիս՝ նա կ’ընդունի։

12 Մի՛ ծաղրիր այդ մարդուն, որի հոգին դառնացած է, քանզի Տէ՛րն է, որ նուաստացնում եւ բարձրացնում է նրան։

13 Քո եղբօր մասին ստեր մի՛ սերմանիր, նոյնը՝ եւ բարեկամի մասին։

14 Մի՛ ախորժիր ստեր ասել ամէն բանի մասին, քանզի յաճախակի ստելը լաւ բան չէ։

15 Մի՛ շատախօսիր ծերերի մէջ եւ մի՛ կրկնաբանիր քո աղօթքի մէջ։

16 Մի՛ ատիր աշխատանքի տքնութիւնը եւ ոչ էլ այն մշակութիւնը, որ հաստատուել է Բարձրեալի կողմից։

17 Մի՛ գտնուիր մեղաւորների բազմութեան մէջ. Յիշի՛ր, որ Տիրոջ բարկութիւնը չի ուշանայ։

18 Մի՛շտ խոնարհեցրու քո անձը,

19 որովհետեւ ամբարշտի վրէժխընդրութիւնը կրակ ու որդ է։

20 Բարեկամիդ մի՛ փոխանակիր կայք ու ինչքի հետ եւ հարազատ եղբօրդ՝ Սափիրական ոսկու[†] հետ։

21 Մի՛ լքիր իմաստուն եւ բարի կնոջը, քանզի նրա շնորհը ոսկուց էլ առաւել է։

22 Մի՛ չարչարիր ծառային, որ ջանասիրութեամբ է աշխատում եւ՝ վարձկանին, որ քեզ նուիրուած է հոգով։

23 Քո հոգին թող սիրի իմաստուն ծառային եւ նրան չզրկի ազատութիւնից։

24 Եթէ անասուն ունես, հո՛գ տար դրանց, եւ եթէ դրանք քեզ պիտանի են, թող քեզ մօտ մնան։

25 Եթէ զաւակներ ունես, խրատի՛ր նրանց, մանկութիւնից խոնարհեցրո՛ւ նրանց պարանոցը։

26 Եթէ դուստրեր ունես, զգո՛յշ եղիր նրանց մարմինների համար եւ քո դէմքի լրջութիւնն անպակա՛ս արա նրանցից։

27 Ամուսնացրո՛ւ քո դստերը, եւ դու մեծ գործ արած կը լինես. Տո՛ւր նրան իմաստուն մարդու։

28 Քո սրտո՞վ է կինդ՝ մի՛ վտարիր։

29 Քո բովանդակ հոգով պատուի՛ր հօրդ եւ մի՛ մոռացիր մօրդ երկունքը։

30 Յիշի՛ր, որ դու նրանցից ես ծնուել եւ ի՞նչ կարող ես հատուցել նրանց՝ քեզ նրանց տուածի փոխարէն։

31 Քո ամբողջ սրտով երկի՛ւղ կրիր Տիրոջից եւ յարգի՛ր նրա քահանաներին։

32 Քո ամբողջ ուժով սիրի՛ր Արարչիդ եւ նրա սպասաւորներին մի՛ անտեսիր։

33 Երկի՛ւղ կրիր Տիրոջից եւ մեծարի՛ր քահանաներին։

34 Ինչպէս հրամայուած է քեզ, տո՛ւր նրանց տուրքի մի մասը.

35 պտուղը, յանցանքների համար սահմանուածը, զոհաբերուած անասունի թիակները, սրբութեան զոհը եւ սրբազան ընծաները։

36 Քո ձեռքը մեկնի՛ր տնանկին, որպէսզի կատարեալ լինի քեզ տրուող օրհնութիւնը։

37 Ողորմութեան շնորհը թող բաշխուի բոլոր ողջերին, բայց եւ մեռածի համար մի՛ խնայիր շնորհներդ։

38 Մի՛ խուսափիր լացողներից եւ սգա՛ սգացողների հետ։

39 Մի՛ յապաղիր հիւանդին տեսութեան գնալ, եւ դա շնորհ կը համարուի քեզ համար։

40 Քո բոլոր գործերի մէջ յիշի՛ր վախճանդ, եւ չես մեղանչի երբեք։

[†] Այսինքն՝ մաքուր ոսկու։