Հին Կտակարան
Նոր Կտակարան
ԻՍՐԱՅԷԼԸ ՍՆՒՈՒՄ Է,ՆՐԱ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ ՍՈՎԻ ՄԷՋ ԵՆ16 Բայց քանի որ նրանք վրի…
ԻՍՐԱՅԷԼԸ ՍՆՒՈՒՄ Է,
ՆՐԱ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ ՍՈՎԻ ՄԷՋ ԵՆ
16 Բայց քանի որ նրանք վրիպեցին Աստծու ճանաչողութիւնից եւ նրա օրհնութիւնից,
այդ պատճառով էլ, ըստ նրանց նմանութեան, արժանի պատիժ կրեցին՝
խոշտանգուելով ճիճուների բազմութիւնից։
2 Այդ տանջանքների փոխարէն, սակայն, դու դիւրացրիր քո ժողովրդի դրութիւնը,
նրա սաստիկ ցանկութեան համաձայն՝
նրա համար լորամարգուց նուրբ կերակուր պատրաստեցիր։
3 Իսկ եգիպտացիները, որ կերակուր էին ցանկանում,
իրենց վրայ ուղարկուած զզուելի անասունների պատճառով
հրաժարուեցին անգամ անհրաժեշտ կերակուրն ուտելու ցանկութիւնից,
մինչդեռ քո ժողովուրդը,
սակաւ ինչ կարիքի մէջ մնալով,
վայելում էր նոր տեսակի կերակուրներ,
4 քանի որ թշնամիներդ իրենց գործած բռնութեան համար պէտք է անհրաժեշտ կարիքի մէջ ընկնէին,
մինչդեռ քո ժողովրդին հարկաւոր էր ցոյց տալ միայն,
թէ ինչպէս տանջուեցին իր թշնամիները։
ԵԳԻՊՏՈՍԸ ԵՒ ԻՍՐԱՅԷԼԸ. ՄՈՐԵԽՆԵՐ ԵՒ ՕՁԵՐ
5 Բայց այն ժամանակ, երբ գազանների սոսկալի բարկութիւնը հասաւ նաեւ քո ժողովրդի վրայ,
եւ մարդիկ մեռնում էին գալարապտոյտ օձերի հարուածներից,
6 քո բարկութիւնը չտեւեց այնքան,
որ նրանք իսպառ ոչնչանան,
այլ որ մի կարճ ժամանակ խռովուեն,
որպէսզի խրատուեն եւ փրկութեան նշան ունենան՝ յիշելու համար քո Օրէնքի պատուիրանները։
7 Եւ ով շրջւում էր նայելու՝
փրկւում էր ոչ թէ իր տեսածի,
այլ քո՛ շնորհիւ, որ փրկիչդ ես բոլորի։
8 Դրանով իսկ համոզում էիր մեր թշնամիներին,
թէ դու ես, որ փրկում ես ամէն չարիքից,
9 որովհետեւ ոմանց մորեխի եւ մկների պատուհասները կոտորեցին,
եւ նրանց համար բուժում չգտնուեց,
քանի որ արժանի էին այդ պատուհասներից տանջուելու.
10 իսկ քո որդիներին թունաւոր օձերի ժանիքներն իսկ չյաղթեցին,
որովհետեւ քո ողորմածութիւնը անջրպետեց որդիներիդ եւ բուժեց նրանց։
11 Քո խօսքերը յիշելով՝ նրանք վերստին պատուաստւում եւ փրկւում էին շուտափոյթ,
որպէսզի խոր մոռացման մէջ չընկնեն
եւ անպաշտպան չմնան քո բարերարութիւնից։
12 Արդարեւ, նրանց ո՛չ դեղերը բժշկեցին եւ ո՛չ էլ սպեղանիները,
այլ քո խօսքն է, Տէ՛ր, որ բուժում է ամէն ինչ.
13 քանզի դու ունես կեանքի եւ մահուան իշխանութիւն,
եւ դու ես դժոխք իջեցնում եւ հանում։
14 Մարդը, սակայն, իր չարութիւնից է սպանութիւն գործում,
եւ մարմնից դուրս ելած հոգին կրկին ետ չի գալիս,
15 քանզի անհնարին է փախչել քո ձեռքից։
ԿԱՐԿՈՒՏ ԵՒ ՄԱՆԱՆԱՅ
16 Ամբարիշտներն ուրացան քեզ ճանաչել,
ուստի տանջուեցին քո բազկի զօրութեամբ։
Կարկտի նոր անձրեւներով
եւ անդիմադրելի փոթորիկներով հալածուեցին ու ոչնչացան հրով։
17 Բայց նորայայտ հրաշքն այն էր,
որ ամէն ինչ հանգցնող ջրի մէջ կրակն աւելի ուժեղ էր գործում,
քանի որ աշխարհը մարտնչում է արդարների համար։
18 Երբեմն բոցը մեղմանում էր,
որպէսզի ամբարիշտների վրայ արձակուած գազանները չայրուէին,
այլ նրանք տեսնէին, որ խուճապի են մատնուել Աստծու դատաստանից։
19 Երբեմն էլ ջրի մէջ աւելի ուժեղ էր բորբոքւում կրակի զօրութիւնը,
որպէսզի ոչնչացնէր մեղանչական երկրի արդիւնքները։
20 Դրա փոխարէն դու քո ժողովրդին սնեցիր հրեշտակների կերակրով
եւ նրանց համար, առանց իրենց ջանքերի, երկնքից պատրաստի հաց տուեցիր,
որ բաւարարէր բոլորի պահանջն ու հաճելի լինէր իւրաքանչիւրի ճաշակին։
21 Քո գոյացրած սնունդը ցոյց տուեց քո որդիներին քո տածած քաղցրութիւնը նրանց նկատմամբ,
եւ նրա համը մատակարարուելով ճաշակողներից իւրաքանչիւրին,
փոխւում էր ամէն մէկի ցանկութեան համապատասխան։
22 Ձիւնը եւ սառոյցը կրակի դէմ մնում եւ չէին հալւում,
որպէսզի իմանայինք, թէ այն կրակը,
որ այրւում էր կարկտի մէջ
եւ փայլատակում անձրեւի ջրերում, ոչնչացնում էր թշնամիների պտուղը.
23 եւ, ընդհակառակը, որպէսզի արդարները կերակրուէին,
կրակը կորցնում էր իր զօրութիւնը։
24 Քո արարածները, քեզ ծառայելով իբրեւ Արարչի,
հզօրանում են անիրաւներին պատժելու ժամանակ
եւ բարերարութեան դիմաց օրհնւում քեզ վրայ յոյս դնողներից։
25 Դրա համար էլ կրակն այն ժամանակ, ամէն ինչով փոխուած,
դառնում էր քո ամենափրկիչ պարգեւի սպասաւորը՝
քո կարօտեալների ցանկութեան համաձայն,
26 որպէսզի քո որդիները, որոնց դու սիրեցիր, Տէ՛ր,
սովորեն, թէ ոչ թէ արմտիքների արդիւնքներն են մարդուն կերակրում,
այլ քո խօսքն է հաւատացեալներին պահում քեզ համար։
27 Այն, ինչը չէր քայքայւում կրակից,
յանկարծակի հալւում էր արեւի դոյզն ճառագայթներից ջերմանալով,
28 որպէսզի յայտնի դառնայ,
թէ պէտք է արեգակի ծագելուց առաջ ելնել՝ քեզ գոհութիւն տալու,
եւ աղօթքի կանգնել լոյսը բացուելուց առաջ.
29 քանզի անշնորհապարտ մարդու յոյսը պիտի հալուի ինչպէս ձմռան սառոյց
եւ հոսի՝ իբրեւ անօգուտ ջուր։