Հին Կտակարան
Նոր Կտակարան
ԱԼԿԻՄՈՍ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԻ ԶՐՊԱՐՏՈՒԹԻՒՆԸ14 Երեք տարի անց Սելեւկիոսի որդի Դե…
ԱԼԿԻՄՈՍ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԻ ԶՐՊԱՐՏՈՒԹԻՒՆԸ
14 Երեք տարի անց Սելեւկիոսի որդի Դեմետրիոսը մեծ բանակով յարձակուեց եբրայեցիների Երեքքաղաքեան[††††††††] նաւահանգստի վրայ։ 2 Բազմաթիւ զինուորներով նա խուժեց երկիր, որպէսզի արտաքսի-հեռացնի Անտիոքոսին ու սրա եղբայր Լիւսիասին։ 3 Նախկինում եղել էր Ալկիմոս անունով մի քահանայապետ, որը խառնակ ժամանակներում իր կամքով պղծուել ու դարձել էր հեթանոս. սա միտք արեց ու ասաց. «Ինչ էլ լինի, չեմ կարող փրկութիւն գտնել, չեմ կարող այլեւս մօտենալ սուրբ զոհասեղանին»։ 4 Հարիւր յիսունմէկ թուականին նա եկաւ կանգնեց Դեմետրիոս արքայի առաջ, նրան նուիրեց ոսկէ պսակ ու արմաւենու տերեւ եւ, ի պատիւ մեհեանի, ձիթենու թաւ ճիւղեր։
5 Այդ օրը նա լուռ մնաց. իր անմտութիւնը իրագործելու համար յարմար ժամանակի էր սպասում։ Մի օր Դեմետրիոսը նրան կանչելով խորհրդի՝ հարցրեց. «Հրէաստանի եբրայեցիները ի՞նչ օրէնք են դաւանում, ի՞նչ են կամենում, ի՞նչ են խորհում մեր մասին»։ 6 Նա այսպէս պատասխանեց. «Հրեաների մէջ ասիդացի կոչուողները, որոնց սպարապետ ու զօրավար է հռչակել իրեն Յուդա Մակաբայեցին, զօրք են կազմել, պատրաստւում են պատերազմի, անընդհատ հրահրում են ժողովրդին եւ թոյլ չեն տալիս, որ խաղաղութեամբ հնազանդուեն ձեր տէրութեանը։ 7 Դրա համար էլ ես, ահա, զրկուած իմ հայրենի փառքից՝ քահանայութիւնից, եկել հասել եմ քեզ մօտ։ 8 Նպատակս է նախ՝ արքունի գործերի մասին սրտացաւութիւնս յայտնել եւ ապա՝ իմ մտահոգութիւնը մեր մասին։ Այդ մարդկանց անմտութեան պատճառով խիստ անհանգստացած եկել հասել եմ քեզ մօտ, որովհետեւ մեր անմեղ ամբողջ ժողովուրդն իզուր խռովքի մէջ է։ 9 Թէ ինչ նպատակներ ու մարդասիրական ցանկութիւններ ունէք տարբեր կողմերի ու ամբողջ աշխարհի նկատմամբ, այդ բոլորը քաջ գիտեմ։ 10 Քանի Յուդան կենդանի է, անհնար է, որ Հրէաստանում արքունի գործերը խաղաղ ընթանան»։ 11 Երբ նա այս խօսքերն ասաց նրա մասին, Յուդայի նկատմամբ թշնամական ոխ ունեցող աւագանին առաւել եւս զայրացրեց թագաւորին։ 12 Սա հրամայեց անմիջապէս կանչել փղապետ Նիկանորին, նրան զօրք յանձնեց ու նշանակեց Հրէաստանի կողմերի սպարապետ։ 13 Նրա հետ ուղարկեց մեծ սպառազինութիւն՝ խստագոյնս պատուիրելով, որ Յուդային անձամբ կենդանի բռնի, նրա գունդը այս ու այն կողմ ցրի եւ Ալկիմոսին նշանակի տաճարի քահանայապետ։ 14 Յուդայի պատճառով Հրէաստանից փախած մարդիկ պառակտուած եկան խառնուեցին Նիկանորի գնդին։ Սրանք հրեաների դժբախտութիւնը իրենց համար մխիթարութիւն էին համարում։
15 Երբ հրեաները լսեցին Նիկանորի արշաւանքի ու հեթանոսների այդ առաջխաղացման մասին, հող էին լցնում իրենց գլխին, թաւալւում էին գետնին, օգնութիւն հայցում Տիրոջից, որ ի սկզբանէ յաւիտեանս հաստատել էր իր ժողովրդին եւ ամէն անգամ բացայայտ օգնութեան ձեռք էր մեկնել իրենց։ 16 Երբ զօրավարը հրաման տուեց, Դեսաոմ գիւղում անմիջապէս նրան ընդառաջ գնաց 17 Յուդայի եղբայր Շմաւոնը, որը ելաւ Նիկանորի դէմ, բայց նիզակակիցների փոքրիկ խումբը անզգոյշ լինելու պատճառով պարտութիւն կրեց։ 18 Նիկանորը, սակայն, լսել էր այդ մարդկանց քաջութեան, յանուն իրենց երկրի մղած մարտերում նրանց ցուցաբերած խիզախութեան մասին։ Նա վախենում էր գործն աւարտել արիւնալի դատաստան տեսնելով։ 19 Դրա համար նա մարդ ուղարկեց, կանչեց Պոսիդոնիոսին, Թէոդոտոսին ու Մատաթիասին, որպէսզի սրանք համոզեն հրեաներին, որ դաշինք կնքեն։ 20 Բազմաթիւ առարկութիւններ ու տարակարծութիւններ եղան, բայց երբ զօրապետը շատերին համոզեց, զինուորներն էլ միաձայն յանձն առան հաշտութիւն կնքել։ 21 Պայման դրեցին ու դաշինք կնքեցին։ Ժամկէտ նշանակեցին, թէ երբ մի տեղ հաւաքուելով պէտք է հաստատեն դաշինքը։ Եկան իրար մօտ, նստեցին աթոռներին, խորհուրդ արեցին ու դաշինք կնքեցին։ 22 Յուդան իր գնդին հրաման էր տուել, որ կազմ ու պատրաստ զինուեն, դարանամուտ լինեն, չլինի թէ թշնամին յանկարծ մի չար դաւ նիւթած լինի։ Այսպէս զգուշութեամբ միմեանց հետ օրինական դաշինք կնքեցին։ 23 Նիկանորը մտաւ Երուսաղէմ ու շրջագայեց այնտեղ առանց անկարգ ու անօրէն որեւէ բան կատարելու։ Իր մօտ կուտակուած խառնիճաղանջ բանակի զինուորներին ուղարկեց իրենց տեղերը։ 24 Նիկանորը Յուդայի հետ սիրալիր ու յարգանքով էր վերաբերւում։ 25 Խնդրեց, որ Յուդան իր ազգից կին առնի, զաւակ ունենայ, որպէսզի միմեանց նկատմամբ յարգանք լինի։ Յուդան համաձայնեց, ու նրանք բարեկամացան։
ՆԻԿԱՆՈՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱՒԵՐԵԼ ՏԱՃԱՐԸ
26 Երբ Ալկիմոսը տեսաւ նրանց միաբանութիւնը եւ միմեանց հետ կնքած դաշինքը, անմիջապէս եկաւ Դեմետրիոսի մօտ։ Նա ամբաստանեց Նիկանորին եւ ապացուցում էր, որ նա արքունական օրէնքի նկատմամբ խորթ, թշնամական մտադրութիւններ ունի, քանի որ արքունական գործերի դէմ գնացող մի մարդու իբրեւ որդեգիր ժառանգ է դարձրել եւ նշանակել իր փոխանորդը։ 27 Երբ թագաւորը լսեց անօրէն բանսարկուի այս խօսքերը, խիստ զայրացաւ։ Թագաւորը հրամայեց հրովարտակ արձակել, որ ինքը համաձայն չէ միաբանութեան դաշինքին։ Նոյն հրովարտակում նա հրամայում էր, որ Մակաբայեցուն, ոտքերն ու ձեռքերը կապկպած, բերեն հասցնեն անտիոքացիների քաղաքը։ 28 Երբ այս ամէնը յայտնի դարձաւ Նիկանորին, նա մտամոլոր ու գլխահակ դարձաւ, տրտմեց, որ դաշինքը կեղծիք է դառնալու, ուխտը՝ իզուր մի բան։ Այդ արդար մարդը ոչ մի վնաս չէր ուզում պատճառել։ 29 Բայց քանի որ թագաւորի հրամանն անտեսել չէր կաող, սպասեց յարմար առիթի, որպէսզի հնարագիտութեամբ կատարի թագաւորի հրամանը։ 30 Երբ Մակաբայեցին տեսաւ, որ Նիկանորը ինչ-որ նենգութիւն է նիւթում, հպատակութեան օրէնքը շատ խիստ ու կոպտօրէն է կիրառում իր նկատմամբ, Նիկանորի յանդգնութիւնը չար բան համարեց։ Եւ քանի որ նա շատ մարդկանց էր լարել իրար դէմ, ուստի ելաւ գնաց Նիկանորի մօտից։ 31 Երբ Նիկանորը տեսաւ, որ նրան չի կարողանում իր ձեռքը գցել այնպէս, ինչպէս ինքն էր կամենում, եկաւ սրբութեան տաճարը՝ քահանաների մօտ, երբ սրանք զոհեր էին մատուցում։ Նա պահանջում էր նրանցից, որ անմիջապէս իրեն յանձնեն այդ մարդուն։ 32 Սրանք երդուելով ասացին. «Այդ մարդուն մենք չենք էլ տեսել»։ Նա ձեռքը մեկնեց դէպի տաճար ու այսպէս երդուեց. 33 «Եթէ Յուդային, ոտքերն ու ձեռքերը կապած, ինձ չյանձնէք, Աստծու այս տաճարը գետնին կը հաւասարեցնեմ, զոհասեղանը կը կործանեմ, նուիրական այս տաճարը Որմիզդի աստուածների մեհեան կը դարձնեմ»։ 34 Այս խօսքերն ասաց նա ու ելաւ գնաց։ Քահանաները ձեռքերը դէպի երկինք պարզեցին, դիմեցին Նրան, ով բոլոր ժամանակներում իրենց ազգի օգնականն ու պաշտպանն էր եղել, եւ ասացին. 35 «Դու, ո՜վ ամէն բանի Տէր, որ ոչ մի բանի կարիք չունես եւ ամէն ինչով լի ես, կամեցար, որ քո բնակութեան տաճարը հաստատուի մեր մէջ։ 36 Արդ, քո բոլոր սրբութիւններով, Տէ՜ր, յաւիտեան պահպանի՛ր նորոգ սրբագործուած քո այս տաճարը»։
ՌԱՔՍԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ
37 Երուսաղէմի զօրքի, ժողովրդի ծերերի մէջ կար Ռաքս անունով մէկը, որին խիստ ընկերասէր, մարդասէր, բարեհամբոյր եւ բարեհամբաւ, բարեսիրտ ու հոգատար լինելու պատճառով եբրայեցիների հայր էին անուանում։ 38 Հին ժամանակ, հրէութեան օրէնքների նկատմամբ անխառն, մաքուր հոգով ու մարմնով նախանձախնդիր մարդ էր նա եւ իրեն նուիրել էր իր ազգի ազատութեանը։ 39 Երբ Նիկանորը ցանկացաւ իր բացայայտ թշնամութիւնը յայտնել հրեաների նկատմամբ, աւելի քան հինգ հարիւր զինուոր յատկացրեց, որպէսզի գնան ու բռնեն նրանց, որովհետեւ այսպէս էր մտածում. 40 «Եթէ կարողանամ դրանց ընկճել, մեծ գործ կատարած կը լինեմ այս քաղաքում»։ 41 Երբ զինուորները հասան ու պաշարեցին աշտարակը եւ դարպասի վրայ ուժ գործադրեցին, միմեանց ձայն տուին, որ կրակ բերեն, դարպասներն այրեն։ 42 Երբ այդ մարդը, տագնապած, տեսաւ, որ իրեն պիտի բռնեն, սուրը խրեց իր պորտի տակ. նա գերադասեց ազատ մեռնել, քան անօրէնների ձեռքն ընկնել, պղծել իր հոգու ազնուութիւնը։ 43 Քանի որ զօրքը դարպասից ներս էր խուժել եւ բռնուելու վտանգը մօտենում էր, շտապելուց նրա հարուածը մահացու չէր եղել։ Նա ուզեց վեր բարձրանալ եւ իրեն պարսպի բարձրութիւնից նետել ցած։ 44 Երբ ներքեւում գտնուողները տագնապահար այս ու այն կողմ ընկան, եւ ամբոխը նրանից հեռացաւ, նա սուրը դրեց ու պառկեց վրան[‡‡‡‡‡‡‡‡]։ 45 Քանի դեռ շնչում էր, նա ուժ առաւ ու ոտքի կանգնեց բարկութեամբ լցուած, թէեւ արիւնը գունդ-գունդ հոսում էր, եւ վէրքը գնալով մեծանում։ Ամբոխն այս ու այն կողմ ցրուեց։ 46 Նա ելաւ կանգնեց երկու կողմից երեւացող մի ցից ժայռի վրայ, թեքուեց, իր ձեռքերի մէջ առաւ արնաթաթախ աղիքները, ցոյց տուեց երկնքին եւ դիմելով կենդանի հոգիների ու մարմինների Տիրոջը՝ ասաց. «Այս հատուցմա՛մբ հատուցիր նրան»։ Եւ նա այսպէս հրաժեշտ տուեց աշխարհին։