Հին Կտակարան
Նոր Կտակարան
դ) ՄԵԾ ՔԱՀԱՆԱՅԻ ՏԵՍԻԼՔԸ3 Տէրը ցոյց տուեց ինձ Յեսու մեծ քահանային, որ …
դ) ՄԵԾ ՔԱՀԱՆԱՅԻ ՏԵՍԻԼՔԸ
3 Տէրը ցոյց տուեց ինձ Յեսու մեծ քահանային, որ կանգնած էր Տիրոջ Հրեշտակի առաջ. եւ սատանան կանգնած էր նրա աջ կողմում՝ նրան հակառակուելու համար։ 2 Տէրն ասաց սատանային. «Տէրը կը սաստի քեզ, սատանա՛յ, Տէրը, որ ընտրեց Երուսաղէմը, կը սաստի քեզ. արդեօք նա կրակից փրկուած կիսախանձ մի փայտ չէ՞»։ 3 Եւ Յեսուն, որ կեղտոտ հագուստներ էր հագել, կանգնած էր Տիրոջ Հրեշտակի առաջ։ 4 Հրեշտակը պատասխան տուեց եւ ասաց նրանց, որոնք կանգնած էին նրա առաջ. «Հանեցէ՛ք կեղտոտ հագուստները նրա վրայից»։ 5 Եւ ասաց նրան. «Ահա վերացրի քեզնից քո անօրէնութիւնները։ Պարեգօ՛տ հագցրէք նրան եւ սուրբ խո՛յր դրէք նրա գլխին»։ Սուրբ խոյր դրեցին նրա գլխին եւ հագուստ հագցրին նրան։ 6 Տիրոջ Հրեշտակը կանգնած էր։ Տիրոջ Հրեշտակը վկայութիւն տուեց Յեսուին եւ ասաց.
7 այսպէս ասաց Ամենակալ Տէրը.
“ Եթէ իմ ճանապարհներով գնաս
եւ պահես իմ հրամանները,
դու կը լինես դատաւորը իմ Տան.
եւ եթէ պահես իմ գաւիթները,
քեզ կը դարձնեմ մէկը նրանցից,
որոնք ահա շրջում են դրանց մէջ։
8 Բայց լսի՛ր, Յեսու մե՛ծ քահանայ,
դո՛ւ եւ քո մերձաւորները, որ նստած են քո առաջ,
քանզի նրանք գիտակ կանխատես մարդիկ են։
9 Ահա ես բերում եմ իմ ծառային՝ Շառաւիղին,
քանի որ այն քարի վրայ, որ դրեցի Յեսուի դիմաց,
եօթը աչքեր կան.
ահա ես խորխորատ պիտի փորեմ, -
- ասում է Ամենակալ Տէրը, -
եւ պիտի շօշափեմ այդ երկրի ամբողջ անօրէնութիւնը մէկ օրում։
10 Այն օրը, - ասում է Ամենակալ Տէրը, - բոլորդ պիտի կանչէք,
իւրաքանչիւրն իր ընկերոջը,
որթատունկի եւ թզենու տակ”։