Հին Կտակարան
Նոր Կտակարան
3 Տէ՛ր Ամենակալ, Աստուա՛ծ Իսրայէլի, չարչարուած անձերն ու յոգնած հոգին…
3 Տէ՛ր Ամենակալ, Աստուա՛ծ Իսրայէլի, չարչարուած անձերն ու յոգնած հոգիներն են աղաղակում առ քեզ։ 2 Լսի՛ր, Տէ՛ր, եւ ողորմի՛ր. չէ՞ որ դու ողորմած Աստուած ես, ողորմի՛ր, որովհետեւ մեղք գործեցինք քո առաջ. 3 դու ապրում ես յաւիտեան, իսկ մենք կորստական ենք յաւիտեան։ 4 Տէ՛ր Ամենակալ, Աստուա՛ծ Իսրայէլի, լսի՛ր աղօթքը Իսրայէլի մեռեալների եւ քո դէմ մեղանչողների որդիների, որոնք չանսացին իրենց Տէր Աստծու ձայնին, եւ չարիքները պատեցին մեզ։ 5 Այժմ մի՛ յիշիր մեր հայրերի անիրաւութիւնները, այլ յիշի՛ր քո զօրութիւնը եւ քո անունը, 6 քանզի մեր Տէր Աստուածն ես դու, եւ մենք օրհնում ենք ենք քեզ, Տէ՛ր։ 7 Չէ՞ որ դու նրա՛ համար քո երկիւղը մեր սրտերի մէջ դրեցիր, որ մենք կանչենք քո անունը եւ մեր գերութեան մէջ օրհնենք քեզ. մենք մեր սրտերից վանել ենք քո առաջ մեղք գործած մեր հայրերի անիրաւութիւնները։ 8 Ահա մենք այսօր գտնւում ենք մեր գերութեան մէջ, ուր, մեր Տէր Աստծու դէմ ապստամբած մեր հայրերի անօրէնութիւնների պատճառով, իբրեւ նախատինք, նզովք ու հատուցում, ցրեցիր մեզ։
ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆ ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
ՅՈՐԴՈՐ
9 Լսի՛ր, Իսրայէ՛լ, կեանքի պատգամները,
ակա՛նջ դրէք, որպէսզի ճանաչէք իմաստութիւնը։
10 Ի՞նչ պատահեց, Իսրայէ՛լ,
ինչպէ՞ս եղաւ, որ թշնամիներիդ երկրում ես։
11 Ծերացար օտար երկրում,
խառնակուեցիր դիակների հետ,
դրուեցիր դժոխք իջածների կարգը,
12 թողեցիր իմաստութեան երկիրը։
13 Եթէ Աստծու ճանապարհով ընթանայիր,
խաղաղութեամբ կ’ապրէիր յաւիտենութեան մէջ։
14 Սովորի՛ր՝ ո՛ւր է իմաստութիւնը,
ո՛ւր է զօրութիւնը,
ո՛ւր է հանճարը,
միաժամանակ ճանաչի՛ր, թէ ո՛րն է երկարատեւ կեանքը,
ո՛րտեղ են աչքերի լոյսն ու խաղաղութիւնը։
ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆՆ ԱՆՄԱՏՉԵԼԻ
15 Ո՞վ գտաւ իմաստութեան տեղը,
ո՞վ հասաւ նրա գանձերին։
16 Ո՞ւր են հեթանոսների իշխանները եւ նրանք,
որ երկրի գազանների տիրակալներն էին,
17 որ երկնքի թռչունների հետ էին ճախրում
18 եւ գանձում էին արծաթ ու ոսկի,
որոնց վրայ յոյս դրեցին մարդիկ.
նրանց հարստութեանը չափ չկար.
ովքեր ջանք էին թափում արծաթ ու ոսկի կուտակելու,
նրանք իրենց գործով գոյութիւն չունեն,
19 մահացան ու դժոխք իջան.
նրանց փոխարէն ուրիշներն աշխարհ եկան։
20 Երիտասարդները տեսան լոյսը եւ բնակուեցին երկրի վրայ,
բայց իմաստութեան ճանապարհները չճանաչեցին,
21 չգիտակցեցին նրա շաւիղները,
չկանգնեցին իմաստութեան ճանապարհի վրայ։
Նրանց որդիներն այդ ճանապարհից հեռու մնացին։
22 Իմաստութիւնը չլսուեց Քանանում
եւ ոչ էլ երեւաց Թեմանում։
23 Հագարի որդիները եւս իմաստութեան հետամուտ չեղան,
Մերանի եւ Թեմանի վաճառականները,
առասպելախօսները եւ իմաստութեան քննիչները
իմաստութեան ճանապարհը չճանաչեցին,
նրանք չյիշեցին նրա շաւիղները։
24 Ո՛վ Իսրայէլ, որքա՜ն մեծ է Աստծու Տունը,
եւ որքա՜ն ընդարձակ՝ Նրա տիրապետութեան սահմանը.
25 մեծ է, անեզր, բարձր ու անչափելի։
26 Այնտեղ սկզբում ծնուեցին անուանի հսկաները,
որոնք վիթխարի էին եւ պատերազմների մէջ՝ հմուտ։
27 Բայց Աստուած նրանց իր ընտրեալները չդարձրեց
եւ ոչ էլ իմաստութեան ճանապարհ ցոյց տուեց նրանց։
28 Նրանք կորստեան մատնուեցին,
որովհետեւ իմաստութիւն չունէին,
ոչնչացան, որովհետեւ անմիտ էին։
29 Ո՞վ ելաւ երկինք, առաւ իմաստութիւնն ու այն իջեցրեց ամպերից.
30 ո՞վ անցաւ ծովի այն կողմը եւ գտաւ այն,
որ բերի ընտիր ոսկու փոխարէն։
31 Չկայ մէկը, որ իմանայ նրա ճանապարհները,
ո՛չ ոք, որ գիտակցի նրա շաւիղները։
32 Բայց Նա, որ գիտէ ամէն ինչ,
Նա՛ է ճանաչում իմաստութիւնը,
Նա՛ է իր իմաստութեամբ գտել այն,
Նա, ով ստեղծել է երկիրը յաւիտենական ժամանակների համար,
լցրել այն կենդանիներով եւ չորքոտանիներով,
33 Նա, ով լոյսն է ուղարկում՝ եւ լոյսը գնում է,
յետ է կանչում՝ եւ լոյսը դողալով հնազանդւում է նրան.
34 աստղերը ծագել են՝ իւրաքանչիւրն իր տեղում, եւ ուրախացել.
35 Նա կանչում է աստղերին, ու նրանք ասում են՝
«Ահա այստե՛ղ ենք»,
եւ զուարթօրէն ճառագում են իրենց Արարչի համար։
36 Դա մեր Աստուածն է, որի հետ ոչ ոք չի կարող համեմատուել,
37 որը գտաւ իմաստութեան բոլոր ճանապարհները
եւ դրանք տուեց իր ծառայ Յակոբին ու իր սիրեցեալ Իսրայէլին։
38 Դրանից յետոյ իմաստութիւնը յայտնուեց երկրի վրայ ու շրջեց մարդկանց մէջ։