Հին Կտակարան
Նոր Կտակարան
ԹԱԳԱՒՈՐՆԵՐԸ ՊԷՏՔ Է ՀԵՏԱՄՈՒՏ ԼԻՆԵՆ ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ 6 Լսեցէ՛ք, ո՛վ թագաւորն…
ԹԱԳԱՒՈՐՆԵՐԸ ՊԷՏՔ Է ՀԵՏԱՄՈՒՏ ԼԻՆԵՆ ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ
6 Լսեցէ՛ք, ո՛վ թագաւորներ, եւ հասկացէ՛ք.
2 սովորեցէ՛ք, երկրի բոլո՛ր ծագերի թագաւորներ։
3 Ակա՛նջ դրէք դուք, որ բազմութիւններ ունէք ձեր ձեռքի տակ
եւ հպարտանում էք, որ տիրում էք բազում ազգերի վրայ.
4 ձեզ այդ իշխանութիւնը Տիրոջ կողմից է տրուած,
տէրութիւնը՝ Բարձրեալից.
նա էլ հաշիւ է պահանջելու ձեր գործերի համար
եւ քննելու է ձեր մտածումներ։
5 Դուք նրա թագաւորութեան սպասաւորներն էք,
բայց ուղիղ դատ չէք վարում,
չէք պահում նրա օրէնքները
եւ չէք հետեւում Աստծու կամքին, իսկ նա ահ ու տագնապով պիտի հասնի ձեզ վրայ,
6 քանի որ իշխանների համար անաչառ դատաստան է լինելու,
մինչդեռ ռամիկի համար կայ ներման ողորմածութիւնը։
7 Հզօրներն աւելի խիստ են դատուելու,
8 որովհետեւ Տէրը ոչ ոքի յատկապէս իր աչքի տակ չի ունենում,
չի խորշում ոչ մի մեծութիւնից,
քանզի ինքն է ստեղծել թէ՛ մեծին եւ թէ՛ փոքրին
եւ հաւասարապէս խնամք է տածում բոլորի նկատմամբ։
9 Բայց զօրաւորների նկատմամբ աւելի խիստ քննութիւն պիտի լինի։
10 Արդ, ձեզ են ուղղուած իմ խօսքերը, ո՛վ բռնակալներ,
որպէսզի իմաստութիւն սովորէք եւ չսխալուէք։
11 Այն ամէնը, ինչ սուրբ է, պահեցէ՛ք սրբութեամբ,
եւ դուք պիտի սրբանաք.
նրանք, ովքեր սովորեն այդ բաները, պաշտպանութիւն պիտի գտնեն։
12 Արդ, ձգտեցէ՛ք հետեւել իմ խօսքերին,
փափագեցէ՛ք եւ պիտի խրատուէ՛ք։
13 Լուսաւոր եւ անթառամ է իմաստութիւնը,
դիւրին է յայտնւում իրեն սիրողներին
եւ հեշտ է գտնւում փնտռողներից։
14 Նա ինքն է հասնում իրեն ցանկացողներին՝ աւելի շուտ ճանաչուելու համար։
15 Ով վաղ է ելնում նրան փնտռելու, նա չի չարչարուի,
որովհետեւ դեգերելիս կը գտնի այն իր դռան մօտ։
16 Նրա մասին մտածելն արդէն կատարեալ իմաստութիւն է,
եւ ով տքնում է նրա համար, շատ շուտ էլ կը թեթեւանայ հոգսից։
17 Արդարեւ, իմաստութիւնն ինքն է շրջում՝ գտնելու իրեն արժանի եղողներին,
եւ քաղցրութեամբ յայտնուելով նրանց շաւիղների վրայ,
ինքն է նրանց տալիս ամէն մի հնարագիտութիւն։
18 Իմաստութեան սկիզբը իմաստութիւն սովորելու ճշմարիտ ցանկութիւնն է.
19 իսկ սովորելու ցանկութիւնը նրա նկատմամբ տածած սէրն է,
նրա օրէնքների պահպանութիւնը գութն է,
նրա օրէնքների իւրացումը՝ անեղծութեան հաստատունութիւնը։
20 Իսկ անեղծութիւնը մարդուն մօտեցնում է Աստծուն,
21 եւ իմաստութեան ցանկութիւնը տանում է դէպի արքայութիւն։
22 Արդ, ո՛վ ժողովուրդների բռնակալներ,
եթէ իշխանութեան գահեր եւ մականներ էք տենչում,
ապա պատուեցէ՛ք իմաստութիւնը, որպէսզի յաւիտեան թագաւորէք։
23 Իսկ թէ ի՞նչ է իմաստութիւնը
եւ ինչպէ՞ս է ծագել այն, ես կը պատմեմ.
24 ես չեմ թաքցնի ձեզնից նրա գաղտնիքները,
այլ այն կը քննեմ արարածների ստեղծման սկզբից
եւ կը բացայայտեմ նրա իմացութիւնը։
25 Ես չեմ շեղուի ճշմարտութիւնից
եւ ոչ էլ նրան կը հետեւեմ այն անձի նման, որ մաշուել է նախանձից,
քանի որ այդպիսի մէկը հաղորդ չէ իմաստութեանը։
26 Իմաստունների բազմութիւնն աշխարհի փրկութիւնն է,
իմաստուն թագաւորը՝ ժողովուրդների ամրութիւնը։
27 Այսուհետեւ որպէս խրա՛տ առէք իմ խօսքերը եւ օգտուեցէ՛ք դրանցից։