Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԵԶՐԱՍԸ ԲԱԲԵԼՈՆԻՑ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԵՐՈՒՍԱՂԷՄ7Այս դէպքերից յետոյ Պարսկաստա…

ԵԶՐԱՍԸ ԲԱԲԵԼՈՆԻՑ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԵՐՈՒՍԱՂԷՄ

7Այս դէպքերից յետոյ Պարսկաստանի Արտաշէս արքայի թագաւորութեան ժամանակ, Եզրասը, որը որդին էր Սարուայի, սա՝ Ազարիայի, սա՝ Քեղկիայի, 2 սա՝ Սելումի, սա՝ Սադոկի, սա՝ Աքիտոբի, 3 սա՝ Սամարիայի, սա՝ Եզրայի, սա՝ Մարոթոսի, 4 սա՝ Զարիայի, սա՝ Օզիայի, սա՝ Բոկկի, 5 սա՝ Աբիսուայի, սա՝ Փենեէսի, սա՝ Եղիազարի, որն առաջին քահանայապետ Ահարոնի որդին էր, - 6 ահա այս Եզրասն էր, որ վերադարձաւ Բաբելոնից։ Սա եռանդուն գրագիր էր եւ Իսրայէլի Տէր Աստծու կողմից Մովսէսին տրուած Օրէնքի օրէնսգէտ։ Թագաւորը նրան տուեց ամէն բան, ինչ նա խնդրեց նրանից, որովհետեւ Տէր Աստծու ձեռքը նրա վրայ էր։ 7 Նրա հետ Երուսաղէմ վերադարձան իսրայէլացիներից շատերը՝ քահանաներ, ղեւտացիներ, պաշտամունքի երգիչներ, դռնապաններ եւ նաթանայացիներ։ Նրանք ճանապարհ էին ընկել Արտաշէս թագաւորի եօթներոդ տարուայ հինգերորդ ամսին, 8 եւ թագաւորի եօթներորդ տարուայ եօթներորդ ամսի ամսամտին Եզրասը եկաւ Երուսաղէմ, 9 որովհետեւ Տէր Աստծու բարի ձեռքը նրանց վրայ էր։ 10 Եզրասն իր սրտում վճռել էր քննել Տիրոջ Օրէնքը, գրել նրա մասին եւ Իսրայէլի ժողովրդին ուսուցանել Տիրոջ պատուիրաններն ու կանոնները։

ԱՐՏԱՇԷՍ ԹԱԳԱՒՈՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԵԶՐԱՍ ՔԱՀԱՆԱՅԻՆ

11 Ահա այն հրամանը, որ Արտաշէս թագաւորը տուեց Եզրաս քահանային՝ Տիրոջ Օրէնքի եւ Իսրայէլի մասին նրա տուած պատուիրանների օրէնսգէտին.

12 «Ես՝ թագաւորների թագաւոր Արտաշէսը, իմ կողմից հաստատուած այս հրամանը տուեցի երկնքի Տէր Աստծու Օրէնքի օրէնսգէտ Եզրասին. 13 հրամայում եմ իմ թագաւորութեան տակ գտնուող բոլորին՝ Իսրայէլի ժողովրդին, քահանաներին եւ ղեւտացիներին, որ քեզ հետ բոլորը վերադառնան Երուսաղէմ։ 14 Այս հրամանն ուղարկուած է թագաւորի եւ նրա եօթը խորհրդականների կողմից՝ թոյլատրելու հրեաներին եւ երուսաղէմացիներին Եզրասի առաջնորդութեամբ, որի ձեռքին է Աստծու Օրէնքը, վերադառնալու Երուսաղէմ։ 15 Թագաւորն իր եւ իր խորհրդականների կողմից հրամայեց տալ արծաթ եւ ոսկի Տիրոջ տան համար, որ գտնւում է Երուսաղէմում, տանել եւ դնել Իսրայէլի Տէր Աստծու տան առաջ։ 16 Եւ ամէն մարդ, Բաբելոնում գերի հրեաները, ժողովուրդը, քահանաները, ովքեր արծաթ եւ ոսկի ունեն, թող իրենց հետ վերցնեն եւ տանեն Երուսաղէմ՝ Տիրոջ տունը։ 17 Եւ բոլորը, ովքեր պիտի գնան, թող այս ձեւով, ինչպէս գրեցինք, պատրաստեն զոհեր՝ արջառներ, խոյեր, գառներ ու իրենց նուէրները եւ թող մատուցեն իրենց Տէր Աստծու զոհասեղանի վրայ, որ գտնւում է Երուսաղէմում։ 18 Այս մէկ բարութիւնն էլ, ահա, ես արեցի քեզ եւ քո եղբայրների համար. արծաթ եւ ոսկի թողեցի, որպէսզի, ինչպէս որ արժանի է ձեր Աստծուն, օգտագործէք այնպէս։ 19 Տիրոջ տան կահաւորման համար ես քեզ սպասք տուեցի. վերցրո՛ւ քեզ հետ եւ տա՛ր Երուսաղէմ։ 20 Իսկ այն անօթները, որ աւելորդ կը լինեն, կը տաս թագաւորական տան գանձարանին՝ պահելու համար։ 21 Ես՝ Արտաշէս թագաւորը, հրաման տուեցի բոլոր գանձատէրերին, ձեզ, որ Եփրատ գետի այն կողմում էք գտնւում, Եզրաս քահանային՝ երկնքի Տէր Աստծու օրէնսգէտին տաք այն բոլոր բաները, ինչ նա կը պահանջի ձեզանից՝ իր Տէր Աստծու տան համար։ 22 Պատրաստեցէ՛ք հարիւր տաղանդ արծաթ, հարիւր քոռ ցորեն, նոյնքան էլ գինի ու նոյնքան էլ ձէթ. 23 եւ թող ոչ ոք դէմ չկանգնի թագաւորի այս հրամանին։ Այն բոլոր բաները, ինչ հրամայեցի տալ երկնքի ու երկրի Տէր Աստծու համար, պիտի լինեն. թող ոչ ոք որեւէ բան չձեռնարկի Իսրայէլի Տէր Աստծու տան գործը խափանելու համար, որպէսզի Տէր Աստծու բարկութիւնը չգայ իմ թագաւորութեան եւ իմ որդու վրայ։ 24 Դուք իմացա՛ծ եղէք նաեւ, որ բոլոր քահանաները, ղեւտացիները, սաղմոս երգողները, դռնապանները, նաթանայացիները եւ նրանք, որ Տիրոջ տան սպասաւորներն են, ազատ են հարկեր տալուց, եւ թող ոչ ոք չհամարձակուի նրանց ծառայեցնել իրեն։ 25 Դու էլ, Եզրա՛ս, որ քո Աստծու իմաստութիւնն ունես քո ձեռքին, օրէնսգէտնե՛ր եւ դատաւորնե՛ր նշանակիր, որպէսզի նրանք դատեն Գետի այն կողմում գտնուող ամբողջ ժողովրդին եւ ուսուցանեն քո Աստծու Օրէնքը բոլոր նրանց, ովքեր չգիտեն։ 26 Իսկ նրանք, ովքեր չեն կատարի Օրէնքը, ովքեր չեն գործի ըստ Տիրոջ Օրէնքի եւ ըստ թագաւորի օրէնքների, թող ըստ իրենց գործերի՝ նրանց համար դատաստան արուի. եթէ մահուան են արժանի, դատապարտուեն մահուան, եթէ տանջանքի՝ տանջանքի, եթէ տուգանքի՝ տուգանքի, եթէ կալանքի՝ բանտարկութեան»։

ԵԶՐԱՍԸ ԳՈՀՈՒԹԻՒՆ Է ՅԱՅՏՆՈՒՄ ՏԻՐՈՋԸ

27 «Օրհնուած է մեր Տէր Աստուածը, որ այսպիսի բարութիւն տուեց թագաւորի սրտին, փառաւորեց մեր Տէր Աստծու անունը Երուսաղէմում, 28 ինձ էլ ողորմութիւն արեց եւ պատուի արժանացրեց թագաւորի եւ նրա խորհրդականների առաջ, թագաւորի բոլոր իշխանների առաջ, զօրացայ, քանզի Տիրոջ ձեռքն ինձ վրայ էր, հաւաքեցի Իսրայէլի բոլոր իշխաններին՝ ինձ հետ գերութիւնից վերադառնալու համար»։