Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

21 Ինչպէս ջրի հոսանքը,այնպէս էլ թագաւորի սիրտը Աստծու ձեռքին է. Նա ո՛…

21 Ինչպէս ջրի հոսանքը,

այնպէս էլ թագաւորի սիրտը Աստծու ձեռքին է.

Նա ո՛ր կողմ կամենայ, այն կողմն էլ կը դարձնի այն։

2 Ամէն մարդ ինքն իր աչքին արդար է թւում,

բայց Տէրն է դատում սրտերը։

3 Արդարութիւն գործելը եւ ճշմարտութիւն խօսելը աւելի հաճելի է Տիրոջը,

քան զոհերի արիւնը։

4 Ամբարտաւանը մեծամիտ է իր յոխորտանքի մէջ.

ամբարիշտների լապտերը մեղքն է։

5 Կարճ խորհրդածութիւնն էլ կարող է առատութիւն բերել,

սակայն ամէն մի հապճեպութիւն կարօտութիւն է բերում։

6 Ով հարստութիւն է կուտակում լեզուի ստութեամբ,

նա գնում է սնոտի բաների յետեւից եւ պիտի հասնի մահուան որոգայթների։

7 Ամբարիշտները պիտի կործանուեն, քանզի չեն ուզում գործադրել իրաւունքը։

8 Խոտորնակին Աստուած խոտոր ճանապարհ է առաքում,

քանզի Տիրոջ գործերը սուրբ են եւ ուղիղ։

9 Լաւ է բաց օդի մէջ մի անկիւնում ապրել, քան անիրաւութեամբ ծեփուած եւ խառնակ տան մէջ։

10 Ամբարշտի հոգին չարիքներ է ցանկանում,

եւ նա ողորմածութիւն չի գտնի ոչ ոքից։

11 Անխելքի պատիժը տեսնելով՝ անմեղն աւելի խորագէտ է դառնում,

իմաստունն էլ խորհելով՝ դառնում է առաւել գիտուն։

12 Արդարին մտահոգում է ամբարիշտների սիրտը,

բայց չարիքներն էլ ապականում են ամբարիշտներին։

13 Ով իր ականջը փակում է տնանկին չլսելու համար,

ինքն էլ երբ կանչի Տիրոջը, Տէրն էլ իրեն չի լսի։

14 Գաղտնի պարգեւը մեղմացնում է բարկութիւնը,

իսկ ով խնայում է պարգեւ տալ, զայրոյթ է յարուցում։

15 Իրաւունքի գործադրումը ուրախութիւն է արդարի համար,

բայց սուրբ գործը պիղծ է թւում չարագործներին։

16 Արդարութեան ճանապարհից մոլորուած մարդը

հանգրուան է գտնում հսկաների ժողովում։

17 Ով ուրախութիւն է սիրում, կարիքի մէջ կ’ընկնի,

ով գինի ու ձէթ է սիրում, չի հարստանայ։

18 Անօրէնն արդար մարդու համար փրկանք պիտի լինի,

երդմնազանցը՝ ուղղամիտ մարդկանց համար։

19 Լաւ է բնակուել անապատում,

քան թէ անզգամ, լեզուանի եւ բարկացկոտ կնոջ հետ։

20 Իմաստունի բերանը ցանկալի գանձ է պահում,

բայց տգէտները կուլ են տալիս այն։ 21 Նա, ով հետեւում է արդարութեան եւ ողորմածութեան ճանապարհին,

կեանք, արդարութիւն եւ փառք պիտի գտնի։

22 Իմաստութիւնը հասաւ ամուր քաղաքներին

եւ քանդեց այն ամրոցները,

որոնց վրայ յոյս էին դրել ամբարիշտները։

23 Ով զսպում է իր բերանն ու լեզուն,

իր անձը պահպանում է նեղութիւնից։ 24 Դաժանը, յանդուգնը եւ գոռոզը կոչւում են չարագործ,

իսկ ով ոխ է պահում, անօրէն է։

25 Ծոյլին սպանում են ցանկութիւնները,

որովհետեւ նրա ձեռքերը յօժար չեն որեւէ բան անելու։

26 Ամբարիշտն ամէն օր չարիքների ցանկութիւն է յղանում,

իսկ արդարն առանց խնայելու ողորմութիւն է տալիս։

27 Ամբարիշտների զոհաբերումները պիղծ են Տիրոջ առջեւ,

որովհետեւ մատուցւում են անօրէն խորհրդով։

28 Ստախօս վկան կորստեան պիտի մատնուի.

խոնարհ մարդը խօսում է զգուշութեամբ։

29 Ամբարիշտ մարդը դէմդ է ելնում յանդուգն երեսով,

բայց արդարն ինքը գիտի իր ճանապարհը։

30 Աստծու համեմատութեամբ՝ մարդ ո՛չ իմաստութիւն ունի,

ո՛չ արիութիւն եւ ո՛չ էլ խորհուրդ։

31 Երիվարը պատրաստւում է պատերազմի օրուայ համար,

բայց Տիրոջից է գալիս յաղթանակի օգնութիւնը։