Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԻՍՐԱՅԷԼԻ ՄՕՏԱԼՈՒՏ ՎԱԽՃԱՆԸ7 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. «Դո՛ւ էլ, մարդ…

ԻՍՐԱՅԷԼԻ ՄՕՏԱԼՈՒՏ ՎԱԽՃԱՆԸ

7 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, կ’ասես. 2 այսպէս է ասում Ամենակալ Տէրը. “Իսրայէլացիների երկրիդ վախճանը հասել է, վախճան է հասել երկրիդ չորս կողմերին էլ. 3 ահա հասել է քո վախճանը։ Բարկութիւնս ուղարկելու եմ քեզ վրայ ու քո բռնած ճանապարհին համապատասխան՝ վրէժ եմ լուծելու քեզնից, հատուցել եմ տալու քեզ՝ քո բոլոր գարշելի արարքների համար։ 4 Աչքս չի խնայելու քեզ, ոչ էլ ողորմելու եմ, որովհետեւ քո վարքին համապատասխան հատուցել եմ տալու քեզ, եւ քո գարշելի գործերը երեւալու են քո մէջ։ Պէտք է իմանաս, որ ես եմ Տէրը”։ 5 Այսպէս է ասում Տէր Աստուած. “Ահա մի չարիք, մի չարիք է վրայ հասել. 6 եկել է վախճանը, թեւածում է քեզ վրայ։ 7 Ահա տագնապն է համակել քեզ, դու որ բնակուել ես այդ երկրում։ Հասել է ժամանակը, մօտեցել՝ օրը, սակայն ոչ իրարանցումով, ոչ երկունքով։ 8 Այլ այժմ, շուտով թափելու եմ քեզ վրայ զայրոյթս, ի կատար եմ ածելու սրտմտութիւնս, դատաստան եմ տեսնելու քեզ հետ՝ ըստ քո բռնած ճանապարհի, հաշիւ եմ պահանջելու քո բոլոր պիղծ պաշտամունքների համար։ 9 Աչքս չի խնայելու քեզ, ոչ էլ ողորմելու եմ, որովհետեւ ըստ քո բռնած ճանապարհի հատուցել եմ տալու քեզ, ու քո գարշելի գործերը երեւալու են քո մէջ։ Պէտք է իմանաս, որ ես եմ Տէրը, որ հարուածում եմ քեզ։ 10 Ահա եւ Տիրոջ օրը. ահա հասել է վերջը։ Եկել է տագնապը, դալարել է գաւազանը. գլուխ է բարձրացրել ամբարտաւանութիւնը։ 11 Խորտակելու եմ անօրէնի չարութիւնը, սակայն ոչ իրարանցումով ու փութով։ Նրանց խելքը գլուխներին չէ, ոչ էլ գեղեցկութիւն կայ նրանց մէջ։ 12 Հասել է ժամանակը, ահա եկել է օրը։ Գնողը թող չուրախանայ, ոչ էլ վաճառողը ողբայ, որովհետեւ Իսրայէլի ամբողջ բազմութեան վրայ բարկութիւնն է տիրում։ 13 Ով որ գնելու է, վաճառողին այլեւս չի դառնալու, ոչ էլ նրանք կենդանի կեանքով են ապրելու, որովհետեւ այս տեսիլքը նրանց ողջ բազմութեանը չի վերադառնալու, եւ ոչ մի մարդ իր կեանքի յոյսի մէջ չի հաստատուելու։ 14 Փող զարկեցիք ու ամէն ինչ պատրաստեցիք։ Սակայն ոչ ոք չի լինելու, որ պատերազմի գնայ, որովհետեւ բարկութիւնս իջել է Իսրայէլի բազմութեան վրայ”։

ՈՉ ՈՔ ՉԻ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՊԱՏԺԻՑ

15 “Սրով պատերազմը՝ դրսից, սովն ու համաճարակը՝ ներսից։ Ովքեր դրսում են լինելու՝ սրով են վերջ գտնելու, իսկ ովքեր քաղաքում՝ սովից ու համաճարակից են մեռնելու։ 16 Բայց դրանցից փրկուելու են միայն նրանք, որ փրկուելու էին, ու լեռների վրայ աղաւնիների պէս անձանձրոյթ պիտի մնչեն-հեծեծեն։ Բոլորին էլ կոտորելու եմ, իւրաքանչիւրին՝ ըստ իր անիրաւութեան։

17 Ամէն ձեռք թուլանալու է,

ամէն երանք՝ խոնաւութեամբ ապականուելու[†††]։

18 Քուրձեր են առնելու իրենց վրայ.

մղձաւանջներ են համակելու նրանց։ Ամէն երեսի վրայ ամօթ պիտի լինի, ամէն գլուխ՝ սափրուած[‡‡‡]։

19 Նրանց արծաթն ընկած է մնալու հրապարակներում,

իսկ ոսկին արհամարհուելու է։

Տիրոջ բարկութեան օրը նրանց արծաթն ու ոսկին չեն կարողանալու փրկել նրանց։

Նրանց հոգիները չեն յագենալու,

ոչ էլ որովայնները՝ լցուելու են,

որովհետեւ տանջանքները նրանց են տրուել անիրաւութիւնների պատճառով։

20 Ընտիր-ընտիր զարդեր են դրել՝ գոռոզութեամբ,

եւ դրանցից սարքել են գարշելի պաշտամունքի կուռքեր։

Դրա համար էլ պղծութեան առարկայ եմ դարձնելու դրանք

21 ու մատնելու եմ դրանք օտարների ձեռքը՝ յափշտակելու,

չարագործների ձեռքը՝ աւարի ենթարկելու։

22 Եւ պղծելու են դրանք։

Երեսս շուռ եմ տալու նրանցից։

Պղծելու են իմ սրբարանը,

անխտիր մտնելու են այնտեղ, պղծելու են այն,

խառնակութիւն են անելու,

23 որովհետեւ երկիրը լցուել է նրանց արիւնալի դատաստաններով,

քաղաքներն էլ լի են անօրէնութիւններով։

24 Չար ազգեր եմ բերելու,

եւ սրանք ժառանգելու են նրանց տները։

Ջախջախելու եմ բռնութիւն գործած նրանց ամբարտաւանութիւնը։

Պղծուելու են նրանց սրբավայրերը։

25 Քաւութեան զոհ մատուցելով՝[§§§]

խաղաղութիւն են փնտռելու, բայց չեն գտնելու։

26 Դժբախտութիւնը դժբախտութեան վրայ է գումարուելու, գոյժը՝ գոյժի։

Մարգարէների մօտ տեսիլքներ են փնտռելու,

քահանայի մօտ՝ ցանկալի օրէնքներ,

ծերերի մօտ՝ խորհուրդներ,

բայց չեն գտնելու։

27 Սգալու է թագաւորը,

վիշտ է կրելու իշխանը,

թուլանալու են երկրի ժողովրդի ձեռքերը.

ըստ նրանց բռնած ճանապարհի վարուելու եմ նրանց հետ

եւ ըստ նրանց չարիքների պատժելու եմ նրանց։

Պէտք է իմանան, որ ես եմ Տէրը”»։

ԱՍՏԾՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԻԼՔԸ ԵԶԵԿԻԷԼԻՆ

(8.1-10։22)

ԿՌԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ ԱՍՏԾՈՒ ՏԱՃԱՐՈՒՄ

8 Վեցերորդ տարում, հինգերորդ ամսին, ամսուայ հինգերորդ օրը, ես նստած էի իմ տանը, Յուդայի երկրի տան աւագներն էլ նստած էին իմ առաջ։ Ամենակալ Տիրոջ ձեռքը հանգչեց վրաս, 2 ու տեսնում էի մարդու նման մի կերպարանք, մէջքից ներքեւ՝ կրակ, մէջքից վեր՝ ասես օդի մէջ տեսիլք, ասես երփներանգ ակ։ 3 Ձեռքի պէս մի բան պարզեց գցեց իմ գլխի գագաթին. Հոգին բարձրացրեց ինձ երկնքի ու երկրի միջեւ, տարաւ ինձ Երուսաղէմ՝ Աստծու տեսութեան, ու կանգնեցրեց Տիրոջ տան ներքին նախադռան մօտ, որ դէպի հիւսիս է նայում, եւ ուր գտնւում էր նախանձ գրգռող կուռքը։ 4 Այնտեղ էր եւ Իսրայէլի Աստծու փառքը, ճիշտ այն տեսիլքի պէս, որ տեսել էի դաշտում։

5 Եւ ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, նայի՛ր աչքերովդ դէպի հիւսիս»։ Աչքերս բարձրացրի դէպի հիւսիս, եւ ահա հիւսիսային կողմում, խորանի դռան վերեւում, մուտքի մօտ, որ դէպի արեւելք էր նայում, կար նախանձի կուռքը։ 6 Եւ ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, տեսնո՞ւմ ես, թէ ի՛նչ մեծ անօրէնութիւններ է գործում այստեղ Իսրայէլի այդ տունը, որպէսզի հեռանամ իմ սրբավայրերից։ Սրանցից է՛լ աւելի մեծ անօրէնութիւններ դարձեալ կը տեսնես»։

7 Եւ ինձ տարաւ գաւթի դռների առաջ. ահա պատի մէջ մի ծակ տեսայ։ 8 Եւ ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, փորի՛ր այդ պատը»։ Փորեցի պատը։ Եւ ահա մի դուռ։ 9 Ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, մտի՛ր, տե՛ս անօրէնութիւններն ու չարիքները, որ դրանք այստեղ գործում են»։ 10 Մտայ ու տեսայ ամէն տեսակ սողուն ու անասուն, սնոտի գարշանքներ։ Տեսայ եւ դրանց շուրջը քանդակուած՝ Իսրայէլի տան բոլոր կուռքերը։ 11 Իսրայէլի տան նախնիներից եօթանասուն տղամարդիկ, որոնց մէջ էր նաեւ Սափանի որդի Յեզոնիան, որ կանգնած էր նրանց առջեւ։ Իւրաքանչիւրի ձեռքում՝ բուրվառ։ Խնկի ծուխն էլ ամպի պէս բարձրանում դիզւում էր։ 12 Եւ Տէրն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, տեսնո՞ւմ ես, թէ Իսրայէլի այդ տան նախնիներն ինչե՛ր են անում այստեղ, խաւարի մէջ, իւրաքանչիւրն իր ծածուկ սենեակում։ Նրանք ասում են, թէ Տէրը լքել է երկիրը, չի նայում երկրին»։ 13 Եւ ասաց ինձ. «Էլի ուրիշ աւելի մեծ անօրէնութիւններ կը տեսնես, որ գործում են դրանք»։

14 Ու ինձ տարաւ Տիրոջ տան դռան առաջ, որ դէպի հիւսիս է նայում։ Ահա այնտեղ նստած էին կանայք ու ողբում էին Թամուզին։ 15 Եւ ասաց ինձ. «Տեսնո՞ւմ ես այդ, մարդո՛ւ որդի. բայց դեռ սրանից է՛լ աւելի մեծ չարագործութիւններ կը տեսնես»։ 16 Եւ ինձ մտցրեց Տիրոջ տան ներքնասրահը։ Ահա Տիրոջ տաճարի դռների վերեւում, խորանի ու պատշգամբի միջեւ, կային մօտաւորապէս քսանհինգ մարդիկ, որոնք թիկունքները շուռ էին տուել Տիրոջ տաճարի կողմը, երեսները՝ դէպի արեւելք ու երկրպագում էին արեւին։ 17 Նա ասաց ինձ. «Տեսա՞ր այդ, մարդո՛ւ որդի։ Մի՞թէ փոքր բան է Իսրայէլի այդ տան անօրէնութիւնը, որ դրանք այստեղ գործում են, որպէսզի այդ երկիրը լցուի անօրէնութիւններով, ու դրանք բարկացնեն ինձ։ Ահա որթատունկի ճիւղն էլ քաշում են որպէս արհամարհանքի[****] նշան։ 18 Ես էլ դրանց հետ բարկութեամբ եմ վարուելու. գթասիրտ աչքով չեմ նայելու, ոչ էլ ողորմելու եմ։ Ականջիս գոռան էլ, չեմ լսելու դրանց»։

[†††] Եբրայերէն՝ ծնկերը ջրի պէս թուլանալու են։