Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

1 Սրանք են այն թղթի խօսքերը, որ Բաբելոնում գրեց Բարուքը՝ Քեղկիայի որդ…

1 Սրանք են այն թղթի խօսքերը, որ Բաբելոնում գրեց Բարուքը՝ Քեղկիայի որդի Ասադի որդի Սեդեկիայի որդի Մաասի որդի Ներիայի որդին, 2 հինգերորդ տարում, ամսի եօթներորդ օրը, այն ժամանակ, երբ քաղդէացիները գրաւեցին Երուսաղէմը եւ հրով այրեցին այն։ 3 Բարուքն այս նամակի խօսքերն ընթերցեց ի լուր Յուդայի երկրի արքայ Յովակիմի որդի Յեքոնիայի, նաեւ ի լուր համայն ժողովրդի, որ եկել էր գրքի համար, 4 նաեւ ի լուր զօրքերի ու թագաւորների որդիների, նաեւ ի լուր ծերերի եւ ամբողջ ժողովրդի՝ փոքրից մինչեւ մեծերը, ի լուր ամենքի, որ ապրում էին Բաբելոնում, Սուդ գետի ափին. 5 լսելով՝ նրանք լաց էին լինում, պաս պահում եւ աղօթում Տիրոջը։ 6 Արծաթ հաւաքեցին, ամէն մէկն՝ ըստ իր կարողութեան, 7 եւ ուղարկեցին Երուսաղէմ՝ Սաղոմի որդի Քեղկիայի որդի Յովակիմ քահանային եւ միւս քահանաներին, որոնք նրա հետ միասին Երուսաղէմում էին։ 8 Սիւան ամսի տասին Բարուքը Տիրոջ տաճարից հանուած սպասքը վերցրեց՝ այն վերադարձնելու համար Յուդայի երկիր։ Այդ սպասքը պատրաստել էր Յուդայի արքայ Յոսիայի որդի Սեդեկիան. 9 երբ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան Երուսաղէմում գերեց Յեքոնիային, իշխաններին, բանտապետներին, հզօրներին ու երկրի ժողովրդին, սպասքը տարաւ Բաբելոն։

10 Նրանք ասացին. «Ահա ձեզ ուղարկում ենք արծաթ. մեղքերի քաւութեան համար այդ արծաթով ողջակէզնե՛ր գնեցէք եւ կնդրուկ՝ իբրեւ մեղքի զոհաբերութիւն, ընծանե՛ր վերցրէք, բարձրացրէ՛ք մեր Տէր Աստծու զոհասեղանի վրայ։ 11 Աղօ՛թք արէք բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի կեանքի համար եւ նրա որդի Բաղդասարի կեանքի համար, որպէսզի նրանց կեանքի օրերը երկար լինեն ինչպէս երկրի վրայ, այնպէս էլ՝ երկնքում։ 12 Տէրը մեզ զօրութիւն կը տայ եւ կը լուսաւորի մեր աչքերը. կ’ապրենք բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի հովանու տակ, նրա որդի Բաղդասարի հովանու տակ, բազում օրեր կը ծառայենք նրանց եւ նրանց մօտ շնորհ կը գտնենք։ 13 Մեր Տէր Աստծուն աղօ՛թք արէք նաեւ մեզ համար, քանզի մեղանչեցինք մեր Տէր Աստծու առաջ, ու մինչեւ այսօր մեզնից չհեռացան Տիրոջ ցասումն ու բարկութիւնը։

14 Ընթերցեցէ՛ք այդ նամակը, որն ուղարկեցինք ձեզ՝ տօն օրերին եւ լուր օրերին հրապարակելով Տիրոջ Տանը։

ԱՊԱՇԽԱՐՈՒԹԵԱՆ ԱՂՕԹՔ

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹԻՒՆ

15 Եւ կ’ասէք. “Մեր Տէր Աստծունն է արդարութիւնը, իսկ մերը երեսի ամօթն է, ինչպէս այս օրերին ամօթը Յուդայի երկրի մարդունն է եւ Երուսաղէմի բնակիչներինը, 16 մեր թագաւորներինը եւ մեր իշխաններինը, մեր քահանաներինը, մեր մարգարէներինն ու մեր հայրերինը՝ Տիրոջ հանդէպ, 17 քանզի անհնազանդ եղանք նրան, 18 ականջ չդրինք մեր Տէր Աստծու ձայնին՝ ընթանալու ըստ այն պատուիրանների, որ Տէրը տուեց մեզ”։ 19 Այն օրից, երբ Տէրը մեր հայրերին հանեց Եգիպտացիների երկրից, մինչեւ այսօր անհնազանդ եղանք մեր Տէր Աստծուն՝ խուսափելով, որ չանսանք նրա ձայնին։ 20 Եւ, ինչպէս այսօր, մեզ պատեցին չարիքն ու այն նզովքը, որ Տէրը դրեց իր ծառայ Մովսէսի միջոցով, երբ մեր հայրերին հանում էր Եգիպտացիների երկրից՝ մեզ պարգեւելու համար այս երկիրը, որ բխեցնում է կաթ ու մեղր։ 21 Չանսացինք մեր Տէր Աստծու ձայնին, մեզ մօտ ուղարկած մարգարէների բոլոր ասածներին, 22 իւրաքանչիւրս գնացինք ըստ մեր չար սրտի խորհուրդների, պաշտեցինք օտար աստուածներին՝ չարիք գործելով մեր Տէր Աստծու առաջ»։