Հին Կտակարան
Նոր Կտակարան
ԵԶՐԱՍԻ ԱՆՈՒԱՆԻ ՈՒՂԵԿԻՑՆԵՐԸ8Սրանք են այն իշխաններն ու տոհմապետները, որ…
ԵԶՐԱՍԻ ԱՆՈՒԱՆԻ ՈՒՂԵԿԻՑՆԵՐԸ
8Սրանք են այն իշխաններն ու տոհմապետները, որոնք ինձ հետ վերադարձան բաբելացիների Արտաշէս թագաւորի թագաւորութեան ժամանակ. 2 Փենեէսի որդիներից՝ Գերսոնը, Իթամարի որդիներից՝ Դանիէլը, Դաւթի որդիներից՝ Ատտուսը, 3 Նաաքայի որդիներից՝ Նիան, Փորոսի որդիներից՝ Զաքարիան եւ նրա հետ հարիւր յիսուն տղամարդ, 4 Փաաթմովաբի որդիներից՝ Զարայի որդի Ելիանան եւ նրա հետ երկու հարիւր տղամարդ, 5 Զատուէլի որդիներից՝ Ազիէլի որդի Սեքենիան եւ նրա հետ երեք հարիւր տղամարդ, 6 Ադինի որդիներից՝ Յովնաթանի որդի Աբէնը եւ նրա հետ յիսուն տղամարդ, 7 Ելամի որդիներից՝ Աթալայի որդի Իսայիասը եւ նրա հետ եօթանասուն տղամարդ, 8 Սափատիայի որդիներից՝ Միքայէլի որդի Զամբդիան եւ նրա հետ եօթանասուն տղամարդ, 9 Յովաբի որդիներից՝ Յեուէլի որդի Բադիան եւ նրա հետ երկու հարիւր տասնութ տղամարդ, 10 Բաանի որդիներից՝ Յովսէփի որդի Սելեմութը եւ նրա հետ հարիւր վաթսուն տղամարդ, 11 Բաբէի որդիներից՝ Բաբի որդի Զաքարիասը եւ նրա հետ քսանութ տղամարդ, 12 Ագդադի որդիներից՝ Սակատանի որդի Յովնանը եւ նրա հետ հարիւր տասը տղամարդ, 13 Ադոնիկամի որդիներից՝ Էսքարին. իսկ միւսների անունները սրանք են՝ Ելիփալաթ, Յէիէլ եւ Սամա եւ սրանց հետ վաթսուն տղամարդ, 14 Բադուի որդիներից՝ Ութային եւ Զաբութը եւ սրանց հետ եօթանասուն տղամարդ։
ԵԶՐԱՍԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԻՒՆԸ ԴԷՊԻ ԵՐՈՒՍԱՂԷՄ
15 Ես նրանց հաւաքեցի դէպի Եւի հոսող գետի եզերքին։ Այստեղ մենք օթեւանեցինք երեք օր։ Ժողովրդի բազմութեան մէջ ես փնտռեցի, բայց քահանաներից եւ Ղեւիի որդիներից չգտայ ոչ մի մարդ։ 16 Այն ժամանակ ես Եղիազարի, Արիէլի եւ Սեմեայի մօտ ուղարկեցի Առնաամին, Արիբին, Ելնաթանին, Նաթանին, Զաքարիային, Մէսոլաամին, Յովարիբին եւ Յելմաթամին։ 17 Իմաց տալուց յետոյ նրանց բերեցին իշխանների առաջ, որոնք գտնւում էին Գանձաւորաց տեղ կոչուած վայրում։ Ես նրանց բերանը խօսք դրեցի, որ խօսեն իրենց Նաթանայիմ եղբայրների հետ, որոնք մեր Աստծու տան երգիչներն էին, եւ որոնց բերել էին Գանձաւորաց տեղ կոչուած վայրը։ 18 Նրանք եկան մեզ մօտ, քանզի Տիրոջ բարի ձեռքը մեզ վրայ էր. դրանք Իսրայէլի որդի Ղեւիի որդիներից էին, եւ առաջինը մեզ մօտ եկան նրա որդիներն ու նրա եղբայրները՝ տասնութ տղամարդ։ 19 Եկան եւ Ասեբիան, Մերարիի որդի Յեսեան՝ իր եղբայրների եւ որդիների հետ՝ քսան տղամարդ։ 20 Եկաւ նաեւ Նաթանայիմը, այն Նաթանի որդին, որին Դաւիթ թագաւորը եւ նրա իշխանները տուել էին ղեւտացիներին՝ ծառայելու. նա եկաւ երկու հարիւր քսան տղամարդու հետ։
21 Ես այնտեղ, Էոս գետի եզերքին, ծոմապահութեան քարոզ կարդացի, այնտեղ մենք աղօթք մատուցեցինք մեր Տէր Աստծու առաջ, խնդրեցինք նրանից, որ ուղիղ ճանապարհով տանէր թէ՛ մեզ եւ մեր որդիներին եւ թէ՛ բոլոր նրանց, ովքեր մեզ հետ էին, 22 քանի որ մենք ամաչեցինք թագաւորից հեծեալներ խնդրել՝ ճանապարհին մեր թշնամիներից մեզ ազատելու համար, որովհետեւ թագաւորին այսպէս էինք ասել, թէ մեր Տիրոջ ձեռքն օգնում է բոլորին, ովքեր դիմում են նրան բարութեան համար, եւ որ նա իր զօրութիւնն ու բարկութիւնն է թափում բոլոր նրանց վրայ, ովքեր լքում են նրան։ 23 Մենք ծոմ պահեցինք եւ խնդրեցինք այս բոլորի համար, եւ Տէրը մեզ լսեց։
24 Գլխաւոր քահանաներից մենք ընտրեցինք տասներկու մարդ՝ Սարաբիային, Ասաբիային եւ նրանց հետ իրենց տասը եղբայրներին։ 25 Մենք նրանց առաջ կշռեցինք եւ նրանց տուեցինք այն արծաթը, ոսկին եւ սպասքը, որ մեր Աստծու տան համար նուիրել էին թագաւորն ու նրա խորհրդականները, նրա իշխաններն ու Իսրայէլի ժողովուրդը, որ գտնւում էր այնտեղ։ 26 Ես կշռեցի եւ նրանց տուեցի վեց հարիւր յիսուն տաղանդ արծաթ, արծաթէ հարիւր անօթներ, հարիւր տաղանդ ոսկի, 27 ոսկէ քսաներեք գաւաթ եւ ընտիր, մաքուր ու ոսկեզօծ պղնձէ այլ անօթներ։ 28 Ես նրանց ասացի. «Դուք սրբագործուած էք Տէր Աստծու կողմից, սրբրագործուած են նաեւ Տիրոջ այս սպասքը, մեր հայրերի Տէր Աստծու այս ոսկեղէն եւ արծաթեղէն ընտիր անօթները. 29 արթո՛ւն կացէք եւ պահպանեցէ՛ք, մինչեւ որ դրանք կշռէք գլխաւոր քահանաների, ղեւտացիների, Իսրայէլի իշխանների եւ տոհմապետների առաջ, Երուսաղէմում, Տիրոջ տան խորանում»։ 30 Քահանաները եւ ղեւտացիները վերցրին կշռած ու հաշուած ոսկին, արծաթն ու սպասքը՝ Երուսաղէմ, մեր Աստծու տուն տանելու համար, 31 եւ մենք ճանապարհ ընկանք Էոս գետի մօտից առաջին ամսի տասներկուերորդ օրը, եկանք ու հասանք Երուսաղէմ։ Մեր Տէր Աստծու ձեռքը մեզ վրայ էր, եւ նա փրկեց մեզ մեր թշնամիների ձեռքից եւ ճանապարհի դարանակալներից։ 32 Մենք եկանք Երուսաղէմ եւ երեք օր հանգստացանք այնտեղ։ 33 Չորրորդ օրը, կշռելով արծաթը, ոսկին եւ սպասքը, տուեցինք մեր Տէր Աստծու տանը՝ Օնիա քահանայի որդի Մարեմոթին. նրա հետ էին նաեւ Փենեէսի որդի Եղիազարը, Յեսուի որդի Յովաբաթը, Բանիայի որդի Նովադան եւ այլ ղեւտացիներ։ 34 Ամէն ինչ յանձնուեց հաշուով ու կշռով, եւ գրուեց ամէն ինչի լրիւ հաշիւն ու կշիռը։
35 Այն ժամանակ բոլոր նրանք, որ վերադարձել էին գերութիւնից եւ պանդխտութիւնից, ողջակէզներ մատուցեցին Իսրայէլի Տէր Աստծուն. ամբողջ Իսրայէլի համար տասներկու արջառ, իննսունվեց խոյ, եօթանասունեօթը գառ եւ տասներկու նոխազ՝ մեղքերի մաքրման համար. այս բոլոր ողջակէզները նրանք մատուցեցին Տէր Աստծուն։ 36 Թագաւորի հրամանը նրանք յանձնեցին Եփրատ գետի այն կողմի իշխաններին, որոնք էլ պատիւ մատուցեցին հրեայ ժողովրդին եւ փառաւորեցին Աստծու տաճարը։