Հին Կտակարան
Նոր Կտակարան
ԵՐԱԶՆԵՐԻ ՄԱՍԻՆ31[§§§§§§§] Դատարկ եւ սուտ են անմիտ մարդու յոյսերը. անո…
ԵՐԱԶՆԵՐԻ ՄԱՍԻՆ
31[§§§§§§§] Դատարկ եւ սուտ են անմիտ մարդու յոյսերը. անուրջները թեւաւորում են անզգամներին։
2 Ով հաւատում է երազներին, նա նման է մէկին, որը փորձում է բռնել ստուերը եւ վազել քամու յետեւից։
3 Ինչպէս ունայն է դէմքի անդրադարձը դէմքի դիմաց, այնպէս էլ՝ երազներ տեսնելը։
4 Պիղծ բանից մաքուր բան չի լինի, եւ սուտ բանից՝ ստոյգ բան։
5 Ունայն են այն գուշակութիւնները, նշաններն ու երազները,
6 որ երկնում է բանդագուշակի սիրտը, եթէ դրանք Բարձրեալից չեն առաքուած։
7 Մի՛ տուր քո սիրտը դրանց, քանզի շատերին մոլորեցրին երազները, եւ դրանց վրայ յոյս դնողները խոտորուեցին։
8 Օրէնքը գործադրւում է առանց խաբէութեան, եւ իմաստութիւնը հաւատարիմ շուրթերի վրայ մարդու կատարելութիւնն է։
ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԵԱՆ ՕԳՈՒՏԸ
9 Ճանապարհորդող մարդը շատ բան իմացաւ, եւ բազմափորձ մարդը խելամտօրէն է պատմում։
10 Ով փորձառու չէ, քիչ բան գիտի,
իսկ ճանապարհորդողը կը մեծացնի իր գիտելիքը։
12 Շատ բան տեսայ իմ պանդխտութեան ժամանակ, եւ իմ իմաստութիւնն աւելին է, քան իմ խօսքը։
13 Շատ անգամ մահու չափ վտանգուեցի եւ փրկուեցի իմ փորձառութեամբ։
ՏԻՐՈՋ ԵՐԿԻՒՂԸ
14 Տիրոջից երկնչողների հոգին ապրելու է, քանզի նրանց յոյսն իրենց փրկարարի վրայ է։
15 Ով երկնչում է Տիրոջից, նա ոչ մէկից երկիւղի կասկած չի ունենայ,
16 ոչ ոքից չի վախենայ, քանզի նրա յոյսը Տէրն է։
17 Ով երկնչում է Տիրոջից, երանելի է նրա հոգին։
18 Ո՞ւմ է ապաւինում նա, եւ ո՞վ է նրա նեցուկը։
19 Տիրոջ աչքն իր սիրելիների վրայ է, Նա նրանց զօրութեան պաշտպանն է, ուժի ամրութիւնն է, ապաստան է խորշակից եւ հովանի՝ միջօրէի տապից։
20 Պահպանութիւն է գայթակղութիւնից եւ ապահովութիւն գլորումից. վեհացնում է հոգին, լուսաւորում աչքը, մարդկանց տալիս է բժշկութիւն, օրհնութիւն եւ կեանք։
ՃՇՄԱՐԻՏ ԶՈՀԱԲԵՐՈՒԹԻՒՆԸ
21 Ով անարդար զոհ է մատուցում, նրա զոհաբերումը արհամարհուած է. հաճելի չէ անօրէնների մատուցած զոհը։
23 Բարձրեալը չի ընդունում ամբարիշտների զոհաբերութիւնները եւ ոչ էլ դրանց շատութեամբ է քաւութիւն տալիս մեղքերին։
24 Ով զոհ է մատուցում օտարների ունեցուածքից, նոյնն է, թէ որդուն զոհում է իր հօր առաջ։
25 Կարօտեալների հացը աղքատների կեանքն է. ովքեր զրկում են նրանց, մարդասպաններ են։
26 Ով զրկում է մերձաւորին կերակրից, նա սպանում է նրան։ 27 Ով զլանում է տալ վարձկանի վարձը, նա թափում է նրա արիւնը։
28 Մէկը շինում է, եւ միւսն՝ աւերում. ի՞նչ օգուտ կայ դրանից, բացի տանջանքից։
29 Մէկն աղօթում է, եւ միւսն՝ անիծում. ո՞ւմ ձայնը կը լսի Տէրը։
30 Ով որ մաքրւում է մեռելին դիպչելուց եւ դարձեալ հպւում է նրան, ի՞նչ օգուտ ունեցաւ իր լուացուելուց։
31 Ինչպէս այն մարդը, որ մեղքի պատճառով ծոմ է պահում եւ դարձեալ գնում ու նոյն բանն է անում, ո՞վ կը լսի նրա աղօթքը, եւ ի՞նչ օգուտ ունեցաւ նա իր խոնարհուելուց։