Հին Կտակարան
Նոր Կտակարան
3 Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, եւ նա կը տեսնի իմ ճանապարհները…
3 Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, եւ նա կը տեսնի իմ ճանապարհները՝ իմ առաջ. եւ յանկարծակի իր տաճարը կը գայ Տէրը, որին դուք փնտռում էք, եւ ուխտի պատգամաբերը, որին կամենում էք դուք։ 2 Ահա գալիս է, - ասում է Ամենակալ Տէրը, - ո՞վ կը դիմանայ նրա մուտքի օրուան, եւ կամ ո՞վ հանիստտ կը մնայ նրա յայտնութեան ժամանակ, քանի որ նա պիտի մտնի որպէս հալոցի բոց եւ որպէս լուացարանների օճառ։ 3 Նա կը նստի ձուլելու եւ մաքրելու՝ որպէս արծաթ եւ որպէս ոսկի, կը մաքրի Ղեւիի որդիներին եւ կը հալեցնի նրանց ոսկու նման եւ արծաթի պէս։ Եւ այն ժամանակ արդարութեամբ զոհ կը մատուցեն Տիրոջը։ 4 Յուդայի երկրի ու Երուսաղէմի զոհաբերումը հաճելի կը լինի Տիրոջը, ինչպէս վաղնջական օրերին, ինչպէս առաջին տարիներին։ 5 Եւ ձեզ վրայ պիտի գամ դատաստանով ու արագ վկայ պիտի լինեմ կախարդների եւ շնացած կանանց դէմ, նաեւ նրանց դէմ, ովքեր սուտ երդում են անում իմ անուամբ, որոնք կտրում են վարձկանի վարձը, որոնք նեղում են այրիներին եւ ծեծում որբերին, որոնք խեղաթիւրում են պանդխտի իրաւունքը եւ որոնք չեն վախենում ինձնից, - ասում է Ամենակալ Տէրը։
ՏԱՍԱՆՈՐԴԻ ՎՃԱՐՈՒՄԸ
6 Ահա ես եմ ձեր Տէր Աստուածը եւ չեմ փոխուի։ 7 Իսկ դուք, Յակոբի որդիներ, հեռու չէք մնում ձեր հայրերի մեղքերից, խուսափում էք իմ օրէնքներից եւ չէք պահում դրանք։ Դարձէք դէպի ինձ, եւ ես կը դառնամ դէպի ձեզ, - ասում է Ամենակալ Տէրը։ Դուք ասում էք. «Ինչո՞վ դառնան»։ 8 Մարդ Աստծուն կը խաբի՞, քանի որ դուք խաբեցիք ինձ եւ ասացիք, թէ՝ «Ինչո՞վ խաբեցինք քեզ»։ 9 Չէ՞ որ տասանորդներն ու պտուղները ձեզ մօտ են, եւ դուք չարութեամբ նախանձում եւ խաբում էք ինձ։ 10 Տարին աւարտուեց, եւ ամբողջ բերքը հաւաքեցիք մեր շտեմարաններում. ձեր տներում յափշտակութիւն կը լինի, ե՛տ կանգնէք դրանից, - ասում է ամենակալ Տէրը։ Մի՞թէ չեմ բացի ձեզ համար երկնքի պատուհանները եւ իմ օրհնութիւնը լիառատ չեմ թափում ձեզ վրայ։ 11 Ուշադիր կը լինեմ ձեր կերակուրների նկատմամբ, չեմ ապականի ձեր երկրի բերքը, եւ չի փչանայ ձեր որթատունկը այգում, - ասում է Ամենակալ Տէրը։ 12 Բոլոր ազգերը երանի կը տան ձեզ, քանի որ դուք կը լինէք իմ ցանկալի երկիրը, - ասում է Ամենակալ Տէրը։
ԱՍՏՈՒԱԾ ՆԵՐՈՒՄ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ
13 Ծանր են ձեր խօսքերն ինձ համար, - ասում է Տէրը։ 14 Դուք ասում էք. «Ինչո՞վ բամբասեցինք քեզ»։ Նրանով, որ ասում էիք, թէ՝ «Զուր է այն ամէնը, ինչ ծառայում է Աստծուն, եւ ի՞նչ աւելի օգուտ եղաւ, որ պահեցինք նրա հրահանգները եւ պաղատանքով ընդառաջ գնացինք Ամենակալ Տիրոջը։ 15 Եւ այժմ մենք երանի ենք տալիս ուրիշներին. բարեշէն են բոլոր նրանք, ովքեր անօրէնութիւն են գործում, Աստծու դէմ դուրս եկան եւ ապրեցին»։
16 Այսպէս տրտնջացին Տիրոջից երկիւղ կրողները, իւրաքանչիւրն իր ընկերոջ հետ։ Տէրը անսաց, լսեց եւ յիշատակի գիրք գրեց Տիրոջից երկիւղ կրողների առաջ եւ նրանց առաջ, որոնք սարսում են նրա անունից։ 17 Եւ Ամենակալ Տէրն ասում է. «Նրանք իմը կը լինեն այն օրը, երբ ես փրկութիւն կ’անեմ, կը փայփայեմ նրանց, ինչպէս հայրն է փայփայում իրեն բարութեամբ ծառայած որդուն։ 18 Դուք կը դառնաք եւ կը տեսնէք այն տարբերութիւնը, որ կայ արդարի ու անօրէնի, Աստծուն ծառայածի եւ չծառայածի միջեւ»։