Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

11 Իմաստութիւնը սուրբ մարգարէի ձեռքով յաջողեցրեց նրանց գործերը։ 2 Նրա…

11 Իմաստութիւնը սուրբ մարգարէի ձեռքով յաջողեցրեց նրանց գործերը։

2 Նրանք շրջեցին անբնակ անապատում

եւ վրաններ խփեցին անկոխ վայրերում,

3 կանգնեցին պատերազմողների դէմ եւ վանեցին թշնամիներին,

4 ծարաւեցին եւ աղերսեցին քեզ,

նրանց ջուր տրուեց ապառաժ քարից,

եւ նրանց պապակը յագեցաւ կարծր քարից։

5 Արդարեւ, ինչ բանով որ պատժուեցին իրենց թշնամիները,

6 նոյն այդ բանից նրանք, երբ կարիքի մէջ էին, բարերարութիւն գտան։

7 Արիւնով կարմրած եւ ալեխռով մշտնջենական գետի փոխարէն,

8 որպէս կշտամբանք մանկակոտոր հրամանի,

դու առատ ջուր տուիր անյոյսներին՝

9 ցոյց տալով, թէ ծարաւի ժամին ինչպէս ես տանջել հակառակորդներին.

10 երբ իրենց պատժի չափն առան,

քո ողորմածութեամբ խրատուած՝ հասկացան,

թէ ինչպէս են տանջւում քո բարկութեամբ դատապարտուած ամբարիշտները։

11 Սրանց, իբրեւ խրատող հայր, փորձութեան ենթարկեցիր,

իսկ ամբարիշտներին, իբրեւ խիստ թագաւոր, կշտամբեցիր դատապարտելով։

12 Նոյն վտանգին ենթարկուեցին թէ՛ հեռու եւ թէ՛ մօտիկ գտնուողները,

13 եւ նրանց կրկին համակեց անցեալի յիշողութիւնների տրտմութիւնն ու հեծութիւնը,

14 որովհետեւ, երբ նրանք լսում էին,

թէ իրենց կրած պատժի միջոցով բարեպաշտները երախտիքի են արժանացել,

ճանաչում էին քո չափը, Տէ՛ր։

ԵԳԻՊՏԱՑԻՆԵՐԸ ՊԱՏԺՒՈՒՄ ԵՆ ՉԱՓԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ

15 Դեռ երէկ եւ վաղուց ի վեր ում նրանք ուրացել եւ ծաղրում էին,

դէպքերի վերջին ելքից դրդուած՝ զարմացան, թէ իրենք արդարների նման չէին եւ պիտի ծարաւէին։

16 Իրենց անիրաւ ու անմիտ մտածումների փոխարէն,

որոնցով մոլորուած՝ նրանք անխօս սողուններ եւ վատթար ճիճուներ էին պաշտում,

նրանց վրայ արձակեցիր անբան անասունների մի բազմութիւն՝

վրէժխնդիր լինելու համար,

17 որպէսզի գիտենան, թէ ինչով որ մեղանչում է մարդ,

նոյն բանով էլ պիտի պատժուի։

18 Ամենազօր քո ձեռքի համար, որ անկերպարան նիւթից հաստատեց այս աշխարհը,

դժուար չէր արձակել նրանց վրայ արջերի մի բազմութիւն

կամ վայրագ առիւծներ

19 կամ նորաստեղծ, անծանօթ կատաղի այլ գազաններ՝

հուր ու կրակ շնչող,

շարաւալից ծուխ արձակող,

աչքերից սաստիկ կայծեր փայլատակեցնող։

20 Նրանց խորտակելու համար բաւական էր ոչ միայն դրանց պատճառած վնասը,

այլեւ դրանց տեսքից զգացուած սարսափը կը սպանէր նրանց։

21 Բայց առանց դրան էլ նրանց կարող էին կործանել՝

մի հողմով իսկ հալածելով ու ցրելով նրանց

քո հոգու զօրութեամբ եւ արդարադատութեամբ։

22 Բայց դու ամէն ինչ կարգեցիր չափով, թուով ու կշռով,

որովհետեւ իւրաքանչիւր ժամ քեզ հետ է քո ամենազօր ուժը,

եւ ո՞վ կարող է դէմ կանգնել քո բազկի զօրութեանը,

23 որովհետեւ ամբողջ աշխարհը քո առջեւ է իբրեւ կշեռքի նժար

եւ կամ ինչպէս ցօղի մի կաթիլ, որ իջնում է երկիր։

24 Բայց դու ողորմում ես բոլորին, որովհետեւ կարող ես անել ամէն բան

եւ թողնում ես, որ ապաշխարութեամբ քաւուեն մարդկային մեղքերը։

25 Քանի որ ատելո՛վ չէ, որ ստեղծել ես ամէն ինչ,

այդ պատճառով էլ սիրում ես ինչ որ կայ

եւ գարշանք չես զգում քո արարածներից եւ ոչ մէկից։

26 Ինչպէ՞ս կարող էր որեւէ բան լինել,

եթէ դու չկամենայիր,

եւ ինչպէ՞ս կարող էր գոյատեւել մի բան,

եթէ դու գոյութեան կանչած չլինէիր այն։

27 Խնայի՛ր բոլորին, ո՛վ հոգեսէր Տէր,

քանզի քոնն է ամէն բան։