Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԵԶՐԱՍԸ ՄԵՐԺՈՒՄ Է ԽԱՌՆ ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆԸՀՐԵԱՆԵՐԸ ՀԵՌԱՑՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՅԼԱԶԳ…

ԵԶՐԱՍԸ ՄԵՐԺՈՒՄ Է ԽԱՌՆ ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆԸ

ՀՐԵԱՆԵՐԸ ՀԵՌԱՑՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՅԼԱԶԳԻ ԿԱՆԱՆՑ

10 Երբ Եզրասը, երեսի վրայ ընկած գետնին, այս խոստովանութիւնն էր անում եւ ողբով աղօթում Տիրոջ առաջ, նրա մօտ հաւաքուեց շատ մեծ բազմութիւն՝ տղամարդիկ եւ կանայք, երիտասարդներ եւ կոյսեր, որ բնակւում էին Երուսաղէմում. ժողովուրդը ողբում էր եւ բարձրաձայն լաց լինում։ 2 Ելամի որդիներից Եղիայի որդի Յեքոնիան պատասխան տուեց Եզրասին եւ ասաց. «Մենք մեղք ենք գործել մեր Տէր Աստծու դէմ. մենք կին ենք առել այս երկրի այլազգիներից, եւ այսօր դա անօրէնութիւն է Իսրայէլի մէջ։ 3 Արդ, ուխտ անենք մեր Տէր Աստծու առաջ, դուրս անենք այս երկրի այլազգիներից բերած բոլոր կանանց եւ նրանցից ծնուած զաւակներին։ Հիմա վե՛ր կաց եւ, ինչպէս կը կամենաս, նրանց կանգնեցրո՛ւ Տէր Աստծու Օրէնքի առաջ. թող քո բերանից լսենք, թէ ինչ պիտի անենք ըստ պատուիրանների, եւ մենք այդպէս էլ կ’անենք։ 4 Մենք քեզ հետ ենք, պի՛նդ կաց եւ արա՛ այնպէս, ինչպէս հրամայել է մեր Տէր Աստուածը»։

5 Եզրասը ելաւ, երդուել տուեց ցեղերի տոհմապետներին, քահանաներին, ղեւտացիներին եւ ամբողջ Իսրայէլին, որ նրանք վարուեն ըստ իրենց երդման։ 6 Դրանից յետոյ Եզրասը վեր կացաւ Աստծու տան առջեւից, գնաց գանձապետ Ելիսուբի որդի Յոհանի սենեակը, բայց ո՛չ հաց կերաւ եւ ո՛չ էլ ջուր խմեց, այլ ողբում էր բազմութեան անօրէնութեան եւ նրա մեծ մեղքերի համար։

7 Այդ ժամանակ էլ մունետիկները յայտարարում էին Հրէաստանում եւ Երուսաղէմում, թէ՝ 8 «Ամէն մարդ, իշխաններից լինի թէ աւագներից, եթէ մինչեւ երեք օր չգայ Երուսաղէմ, նա եւ իր ամբողջ ունեցուածքը կ’ենթարկուի նզովքի, եւ ինքն էլ կը վտարուի Իսրայէլի ժողովրդից»։

9 Եւ Յուդայի ու Բենիամինի երկրի ամբողջ ժողովուրդը երեք օրում հաւաքուեց Երուսաղէմում։ Դա իններորդ ամիսն էր, ամսի քսաներորդ օրը։ Ամբողջ ժողովուրդը նստել էր Տիրոջ տան առաջ, հրապարակում եւ, վախեցած, դողում էր թէ՛ Եզրասի խօսքերից եւ թէ՛ ձմրան ցրտից։ 10 Եզրասը վեր կացաւ եւ ասաց նրանց. «Դուք էք, ահա, որ մեղքեր էք գործել, կանայք էք առել այլազգիների աղջիկներից եւ Իսրայէլի վրայ աւելացրել մեղքեր ու անօրէնութիւններ։ 11 Հիմա դուք օրհնութի՛ւն տուէք մեր հայրերի Տէր Աստծուն եւ նրա համար արէ՛ք հաճելին. զատուեցէ՛ք ու բաժանուեցէ՛ք երկրի բոլոր հեթանոսներից եւ այլազգիներից առած ձեր կանանցից»։

12 Բոլոր ժողովականները պատասխան տուին եւ ասացին. «Ծանր է այդ խօսքը, որ ասում ես մեր մասին. 13 չէ՞ որ մենք շատ ենք, ժամանակն էլ ձմեռ է, չենք կարող դրսում մնալ, այս գործն էլ մէկ-երկու օրուայ բան չէ, մենք էլ խիստ մեղքեր ունենք այդ գործում։ 14 Բոլոր տեղերի եւ քաղաքների իշխանները թողէ՛ք մնան, իսկ նրանք, ովքեր այլազգի կանայք են առել, իրենց քաղաքների աւագների եւ տոհմապետների հետ որոշուած ժամանակին թող գան այստեղ՝ դատուելու եւ մեզնից քաւելու այս մեղքերը, որպէսզի Աստծու բարկութիւնը հեռացնեն մեզնից՝ մեր արած այս գործերի համար»։

16[§] Եւ այդպէս էլ արեցին գերութիւնից վերադարձածները։ Եզրասն, ըստ տոհմերի, ընտրեց անուանի մարդիկ՝ իշխաններ եւ տոհմապետներ, եւ նրանք հաւաքուեցին տասներորդ ամսի ամսամտին՝ քննելու համար այս գործը։ Տասներորդ ամսի ամսամտին աւարտեցին այն։ 17 Նրանք մինչեւ առաջին ամսի ամսամուտը ճշտեցին ու ջոկեցին այն բոլոր տղամարդկանց, որոնք այլազգի կանայք ունէին։

18 Նրանք գտան, որ քահանաների որդիներից այլազգի կանայք ունէին Յոսեդեկի որդի Յեսուի որդիներից եւ եղբայրներից Մանասէն, Եղիազարը, Յարիբն ու Գադալիան։ 19 Այնուհետեւ սրանք սկսեցին արձակել այլազգի կանանց, եւ իւրաքանչիւրը, անգիտութեամբ գործած իր մեղքերի թողութեան համար, զոհ մատուցեց մի խոյ։ 20 Երամի որդիներից՝ Մասիասը, Եղիան, Սամայիան եւ Ելոզիասը. 22[**] Փասուրի որդիներից՝ Ելիանասը, Մասիէլը, Միսայէլը, Նաթանայէլը, Յոզաբաթը եւ Ելասան. 23 ղեւտացիների որդիներից՝ Յեւզաբաթը, Սամութը, Կոլիան, այսինքն՝ Կոլիտոսը, Ափեթիասը, Յուդասը եւ Եղիազարը. 24 սաղմոս երգողներից՝ Ելիսափը, դռնապաններից՝ Կոլէմը, Էտէլէսը եւ Ուրին. 25 իսրայէլացիներից՝ Փորոսի որդիներից՝ Ռամայիան, Յազիան, Մելքիան, Էակիմը, Եղիազարը, Ասաբիան, Նիբանիան. 26 Ելամի որդիներից՝ Մատթանիան, Զաքարիան, Յաւէլը, Աբդիան, Երիմոթը եւ Եղիան. 27 Զաթուի որդիներից՝ Ելիոնէն, Ելիսաբը, Մատթանիան, Յարմոթը, Զաբադը, Զազիան. 28 Բաբէի որդիներից՝ Յոհանան, Անանիան, Զաբուն եւ Թալին, 29 Բանիի որդիներից՝ Մոսոլամը, Մալաքը, Ադայիասը, Իասուբը, Սաալ Ռեմոթը. 30 Փաաթ-Մովաբի որդիներից՝ Ադնէն, Քալէլը, Բանայիան, Մասեան, Մաաթան, Բեսեէլը, Մանասէն. 31 Երամի որդիներից՝ Ելիեզին, Եսիան, Մելքիան, Սամերասը, Սիմէոնը, 32 Բենիամինը, Մալուքը, Սամարիան. 33 Ասէմի որդիներից՝ Մատթանիան, Մատաթիան, Զարաթը, Ելիփալէթը, Յերեմին, Մաասէն, Սամէին. 34 Բանիի որդիներից՝ Մովադիան, Ամրամը, Ուէլը, 35 Բանեան, Բադայիան, Քելիան, 36 Ուանիան, Մարիմոթը, Ելիասիբը, 37 Մաթանիան, Մաթանան. 38 Բանիի որդիներից եւ Սեմէիի որդիներից՝ 39 Սելեմիասը, Նաթանը, Ադալիասը, Մաքնան, Գայագուն, Սէսէն, Արուն, 40 Եզրիէլը, Սալամիասը, Սամարիասը, Սելումը, Ատարիասը, Յովսէփը. 41 Աբուբէի որդիներից՝ Իէուէլը, Մատաթիասը, Զաբաթը, 42 Զեբիննասը, Յադային, Յադէն, 43 Յովեդը, Բանայիան։

44 Սրանք էին այն բոլոր տղամարդիկ, որոնք այլազգի կանայք էին առել եւ նրանցից ունեցել տղաներ ու աղջիկներ։

[§] Հայերէնը չունի 15-րդ համարը։