Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ՀՐԵԱՆԵՐԻ ՕԳՆՈՒԹԵԱՆ ԱՂՕԹՔԸ2 Հրեաներն սկսեցին աղաչել ու ասել. «Տէ՜ր, Տէ…

ՀՐԵԱՆԵՐԻ ՕԳՆՈՒԹԵԱՆ ԱՂՕԹՔԸ

2 Հրեաներն սկսեցին աղաչել ու ասել. «Տէ՜ր, Տէ՜ր, թագաւո՛ր երկնքի, բոլոր արարածների Տէ՜ր Աստուած, սրբերի՛ սուրբ, Ամենազօր, Ամենակալ, տե՛ս մեր այս ցաւերը, որ կրում ենք անօրէն ու պիղծ, յանդուգն ու գոռոզ թշնամուց։ Դո՛ւ ես ստեղծել ամէն ինչ, 2 դու, որ ամէն ինչ ընդունում ես հեզութեամբ ու արդարութեամբ, արդար ես դու, Տէ՜ր, բայց ովքեր գոռոզութեամբ ու ամբարտաւանութեամբ են գործում, դու դատում ես նրանց։ Նախկինում դու բնաջնջեցիր անօրէնութիւններ կատարող հսկաներին, որ ապաւինում էին իրենց ուժին ու քաջութեանը։ Դու նրանց ջրասոյզ արեցիր։ 3 Դու ամբարտաւան սոդոմացիներին իրենց բացայայտ չարիքների համար խայտառակեցիր, կրակի ու ծծմբի մատնեցիր նրանց, ծաղրուծանակի ենթարկեցիր յետագայ սերունդների առաջ։ 4 Դու զանազան պատուհասներով պատժեցիր յանդուգն ու բռնակալ արքային՝ Փարաւոնին, որը քո իսրայէլացի սուրբ ժողովրդին ստրկութեան էր մատնել, ցոյց տուեցիր քո զօրութիւնը, նրան ցոյց տուեցիր քո զօրութեան մեծութիւնը, որովհետեւ սպառազինուած, բազմաթիւ մարտակառքերով ու ձիերով հետապնդում էր քո ժողովրդին, բայց դու նրան սուզեցիր Կարմիր ծովի մէջ, 5 իսկ նրանց, ովքեր հաւատում էին քեզ, բոլոր արարածներից բարձր պահեցիր։ Սրանք երբ տեսան քո ձեռքի գործը, օրհնեցին քեզ, Տէ՜ր Ամենակալ։ Դու թագաւոր ես, դու ես, որ ստեղծեցիր անչափելի ու անքննելի ողջ երկինքը, քեզ համար ընտրեցիր այս քաղաքը եւ սրբագործեցիր այս վայրը քո անունով, քեզ համար, դու, որ կարօտ չես ոչ մի բանի։ 6 Դու սա կառուցեցիր ի փառս քո մեծութեան, ի պատիւ քո անուան։ Դու սիրեցիր այս տաճարը եւ խոստացար իսրայէլացիներին, որ, ինչ էլ պատահի, ինչ դժուարութիւններ էլ լինեն, գանք այս սուրբ տեղը խնդրանքներով եւ լսելի դարձնենք քեզ մեր աղօթքը։ Քո խօսքը վստահելի է ու ճշմարիտ, 7 որովհետեւ մեր հայրերը շատ անգամ են նեղութեան մէջ ընկել, եւ որովհետեւ նրանք հնազանդ էին քեզ, դու օգնեցիր, մեծամեծ չարիքներից փրկեցիր նրանց։ Իսկ մենք, ահա, սո՛ւրբ թագաւոր, մեր մեծամեծ ու բազմաթիւ մեղքերի համար տանջուելով՝ մատնուել ենք մեր թշնամու ձեռքը։ Մենք ուժասպառ ու յուսահատ ենք դարձել։ Մեր թուլութեան ու նեղութեան այս օրերին պիղծ, գոռոզ ու ամբարտաւան այդ մարդն ուզում է անպայման ներս մտնել, անպատուել սրբարանը, ողջ երկրում քո անուան փառքի համար կառուցուած անուանի տաճարը։ 8 Թէեւ քո բնակավայրը աներեւոյթ ու մարդկանց ձեռքի համար անհասանելի երկինքների երկինքն է, բայց դու հաճեցար քո փառքով Իսրայէլին վայելչութիւն պարգեւել, սրբագործեցիր այս վայրը։ Թէեւ յանցաւոր ենք քո առաջ, բայց պիղծ հեթանոսների վրէժը մեզանից մի՛ լուծիր, որպէսզի անօրէնները չպարծենան գոռոզամտութեամբ եւ չցնծան իրենց ամբարտաւան խօսքերով ու չասեն, թէ՝ “Մենք ոտնակոխ արեցինք սուրբ տաճարը, ինչպէս ոտնատակ են տալիս մեհեանների յատակը”։ 9 Ջնջի՛ր մեր մեղքերը, ների՛ր մեր բոլոր յանցանքները, այս պահին ցո՛յց տուր քո ողորմածութիւնը։ Անմիջապէս մեզ թող հասնի քո ողորմածութիւնը, թո՛յլ տուր, որ մենք՝ կործանուողներս եւ չարչարուողներս, մեր բերանով օրհնենք քեզ։ Խաղաղութի՛ւն պարգեւիր մեզ»։

10 Ամենազօր, Ամենակալ Աստուածը, որ սուրբ է եւ բնակւում է սրբերի մէջ, լսեց ժողովրդի այս օրինաւոր խնդրանքն ու աղօթքը։ Մինչեւ վերջ ամբարտաւան, մեծ գոռոզութեամբ նրանց վրայ յանդգնօրէն յոխորտացող այդ մարդուն նա սաստիկ հարուածներով պատժեց։ Նրան այնպէս էր տանում ու բերում, ինչպէս եղէգն է տարուբերւում քամուց։ Ապա գետին զարկեց նրան։ Նա այդպէս ընկած էլ մնաց անզգայ, թմրած, անմռունչ, բոլոր անդամները յօդերից խախտուած. եւ խիստ դատաստանը նրա գոռոզութեան համար արագ հասաւ նրա վրայ։ 11 Նրա բարեկամներն ու նրան շրջապատող սպասաւորները տեսնելով, որ դատաստանը այդպէս շուտ է հասնում նրա վրայ, վախեցան, թէ նա կը մեռնի։ Անմիջապէս նրան ներսից դուրս հանեցին՝ վախենալով էլ աւելի սաստիկ հարուածներից։ 12 Երբ բաւական ժամանակ անցաւ, այդ մարդը սթափուեց, բայց ոչ թէ զղջաց իր մտքում այդ մեծ պատուհասից յետոյ, այլ սկսեց աւելի սաստիկ սպառնալ։

13 Հրամայեց վերադարձի ուղին բռնել։ Երբ եկաւ հասաւ Եգիպտացիների երկիրը, չարութիւնն աւելի բորբոքուեց իր ու սեղանակից ընկերների մէջ, որոնք արհամարհում էին բոլոր տեսակի օրէնքները։ Նա ոչ միայն անթիւ չարագործութիւններ անելով չյագեցաւ, այլ այնպիսի յանդգնութեան հասաւ, որ սրբավայրի հասցէին հայհոյանքներ էր թափում։ Իր բարեկամներից շատերն էլ, հետեւելով թագաւորին, նրա կամքին էին ենթարկւում։

ԱՆՏԻՈՔՈՍԻ ՀՐՈՎԱՐՏԱԿԸ

14 Նա նամակ գրեց ու հրամայեց, որ այն հրապարակեն քաղաքի փողոցներում։ Դա բամբասանք էր ու հայհոյանք։ Նա հրամայեց իր պալատի շուրջը, աշտարակների վրայ սիւներ կանգնեցնել եւ դրանց վրայ ամրացնել հետեւեալ խիստ հրամանը. «Եթէ որեւէ մէկը զոհ չի մատուցում, թող երբեք չհամարձակուի տաճար մտնել։ Ամբողջ հրեայ ազգը հաշուառման ենթարկել եւ հարկատու դարձնել նրանց իբրեւ ծառաների։ Ով ապստամբելով մի փոքր դիմադրի, մահուան պիտի դատապարտուի։ Իսկ ում որ չեն սպանելու, նրանց վրայ կրակով թող խարանեն Որմիզդ աստծու նշանը եւ նրա տօնին ստիպեն նրանց պարել՝ ճիւղերից հիւսած պսակներ ձեռքներին»։ 15 Որպէսզի ինքը բոլորին թշնամի չերեւայ, հրամայեց, որ հրովարտակում գրեն նաեւ հետեւեալը. «Եթէ ոմանք համաձայնեն ընդունել արքունի կրօնը, ապա նրանք թող համարուեն ալեքսանդրացիների համաքաղաքացիներ»։ 16 Հրեաների միջից բազմաթիւ թեթեւամիտներ, որ առաջներում էլ տատանւում էին նախնիների օրէնքը դաւանելիս, հեշտութեամբ յանձն առան։ Սրանք կարծում էին, թէ մեծ փառքի կարժանան, եթէ հնազանդուեն թագաւորի ասածին։ 17 Սակայն հրեաներից շատերը մնացին անդրդուելի. նրանք հաւատարիմ մնացին իրենց սուրբ օրէնքներին։ Նրանք իրենց ունեցած հարստութիւնը տուեցին իրենց անձը փրկելու համար, որպէսզի ստուգապէս այդ ցուցակի մէջ չմտնեն։ Նրանք յոյս ունէին, որ իրենց օգնութիւն կը հասնի Տիրոջից։ Նրանք խորշում, զզւում էին իրենց կրօնից հրաժարուած մարդկանցից, նրանց պիղծ էին համարում։ Նրանց վանում, հեռու էին պահում իրենց հայրենի օրէնքներից եւ մերժում էին, որ նրանք հաղորդուեն սրբութիւնների հետ։