Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ՃՇՄԱՐԻՏ ԵՒ ԿԵՂԾ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ6 Բարեկամ լինելու փոխարէն մի՛ եղիր թշնամի, …

ՃՇՄԱՐԻՏ ԵՒ ԿԵՂԾ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ

6 Բարեկամ լինելու փոխարէն մի՛ եղիր թշնամի, քանզի չար անունը իր հետ կը բերի ամօթ եւ նախատինք մեղաւորին ու երկերեսանուն։

2 Քո հոգու խորհուրդների մէջ մի՛ բարձրացրու քեզ, որպէսզի քո անձը չմորթոտուի զուարակի նման,

3 այլապէս քո տերեւները կ’ոչնչացնես, քո պտուղները կը կորցնես եւ կը մնաս իբրեւ չորացած ծառ։

4 Չար հոգին կործանում է իր տիրոջը եւ նրան ոտնատակ դարձնում թշնամիներին։

5 Քաղցր բերանը շատացնում է իր բարեկամներին, քաղցրախօս լեզուն մեծացնում է մտերմութիւնը։

6 Ովքեր քեզ հետ խաղաղութեան մէջ են, թող մեծաթիւ լինեն, բայց քո խորհրդակիցը հազարից մէկը թող լինի։

7 Եթէ բարեկամ ես ձեռք բերում, փորձո՛վ ձեռք բեր նրան եւ իսկոյն մի՛ վստահիր նրան,

8 քանզի բարեկամ կայ, որ բարեկամ է իրեն պէտք եղած ժամանակ միայն եւ քեզ հետ բարեկամ չի մնայ քո նեղութեան օրը.

9 բարեկամ կայ, որ թշնամի է դառնում քեզ, եւ քո վէճն ու նախատինքը հրապարակում։

10 Բարեկամ էլ կայ, որ սեղանակից է քեզ, սակայն քեզ մօտ չի մնայ քո նեղութեան օրը։

11 Քո բարեկեցութեան ժամանակ նա քեզ նման կը լինի եւ յանդուգն կը վերաբերուի քո ծառաների հետ։

12 Եթէ սնանկանաս, նա քեզ հակառակ կը լինի եւ կը թաքնուի քեզնից։

13 Հեռո՛ւ մնա քո թշնամիներից եւ զգո՛յշ եղիր բարեկամներից։

14 Հաւատարիմ բարեկամը հզօր պատուար է, իսկ ով գտնի նրան՝ գանձ է գտել։

15 Հաւատարիմ բարեկամն անփոխարինելի է, եւ անկշռելի է նրա բարութիւնը։

16 Հաւատարիմ բարեկամը կեանքի դեղ է, եւ Տիրոջից երկնչողները միայն կը գտնեն նրան։

17 Ով երկնչի Տիրոջից, կը յաջողի բարեկամութեան մէջ, որովհետեւ ինչպիսին ինքն է, այնպիսին էլ՝ իր մերձաւորը։

ՍՈՎՈՐԵԼՈՒ ԴԺՈՒԱՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ

18 Որդեա՛կ, ուսո՛ւմ փնտռիր քո մանկութիւնից, եւ մինչեւ ծերութիւն իմաստութիւն պիտի գտնես։

19 Մօտեցի՛ր նրան վարողի եւ սերմանողի նման, եւ սպասի՛ր նրա բարի պտուղներին.

20 թէեւ այն մշակելու պահին մի փոքր կը յոգնես, բայց շուտով կ’ուտես նրա պտուղները։

21 Տգէտների համար այն քարքարոտ ճանապարհ է, եւ անմիտ մարդը նրա մէջ երկար չի մնայ։

22 Փորձութեան ծանր քարի նման այն բեռ է նրա վրայ, եւ նա չի դանդաղի այն դէն շպրտել։

23 Արդարեւ, իմաստութիւնը համապատասխանում է իր անուանը եւ շատերին չէ, որ յայտնի է։

24 Լսի՛ր, որդի՛ս, եւ ընդունի՛ր իմ խրատը, մի՛ մերժիր իմ այս խորհուրդը։

25 Դի՛ր քո ոտքը նրա ոտնակապերի մէջ եւ քո պարանոցը՝ նրա շղթաների մէջ։

26 Խոնարհեցրո՛ւ քո ուսը, վերցրո՛ւ այն եւ մի՛ ձանձրացիր նրա կապանքներից։

27 Քո բովանդակ հոգով մօտեցի՛ր նրան եւ քո բովանդակ զօրութեամբ պահի՛ր նրա ճանապարհները։

28 Քննի՛ր, փնտռիր, եւ դու կը ճանաչես այն. եւ երբ բռնես՝ մի՛ թող նրան,

29 քանզի ի վերջոյ դու հանգիստ կը գտնես նրա մէջ, եւ քեզ համար նա ուրախութիւն կը դառնայ։

30 Քեզ համար նրա կապանքները զօրութեան պատուար կը լինեն, եւ նրա շղթաները՝ փառքի պատմուճան։

31 Արդարեւ, ոսկեղէն զարդ կայ նրա վրայ, եւ նրա կապանքները յակինթի շար են։

32 Այն կը հագնես իբրեւ փառքի զգեստ եւ քո վրայ կը դնես իբրեւ ցնծութեան պսակ։

33 Որդեա՛կ, եթէ ցանկանաս, կը դաստիարակուես եւ եթէ հոգով նուիրուես, խորագէտ կը լինես։

34 Եթէ լսել սիրես, կը հասկանաս եւ եթէ մօտեցնես քո ականջը, իմաստուն կը լինես։

35 Եղի՛ր ծերերի բազմութեան մէջ, եւ ով իմաստուն է, հակուի՛ր դէպի նա։ Ցանկացի՛ր լսել բոլոր աստուածառաք զրոյցները, եւ թող հանճարեղ ասոյթները չվրիպեն քեզնից։

36 Եթէ իմաստուն մարդ տեսնես, առաւօտից նրա մօ՛տ եղիր, եւ թող քո ոտքը մաշի նրա դռան սեմը։

37 Խորհի՛ր Տիրոջ հրամանների մասին եւ տեւապէս ձգտի՛ր նրա պատուիրաններին։ Նա կը հաստատի քո սիրտը եւ իմաստութեան ցանկութիւն կը տայ քեզ։