Հին Կտակարան
Նոր Կտակարան
ԱՂՕԹՔ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՊԱՐՏՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ82 1 Ասափի օրհնութեան սաղմոսը2 Աստու…
ԱՂՕԹՔ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՊԱՐՏՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ
82 1 Ասափի օրհնութեան սաղմոսը
2 Աստուա՛ծ, ո՞վ է քեզ նման.
մի՛ լռիր ու կանգ մի՛ առ, Աստուա՛ծ։
3 Ահա թշնամիներդ աղաղակեցին,
եւ ատելիներդ բարձրացրին իրենց գլուխները։
4 Քո ժողովրդի դէմ խորամանկութիւն մտածեցին,
խորհուրդ արեցին քո սրբերի դէմ՝ ասելով.
5 «Եկէք ազգերի միջից վերացնենք նրանց,
որ այլեւս Իսրայէլի անունը չյիշուի»։
6 Միաբանած՝ խորհեցին համատեղ,
դաշինք կնքեցին քո դէմ
7 եդոմայեցիների բանակներն ու իսմայէլացիները,
մովաբացիներն ու հագարացիները,
8 Գեբաղի, Ամոնի, Ամաղէկի բնակիչներն
ու բոլոր այլազգիները՝ Տիւրոսի բնակիչներով հանդերձ։
9 Նաեւ Ասուրի բանակն էր եկել նրանց հետ.
սրանք բոլորը զօրավիգ էին Ղովտի որդիներին։
10 Նրանց արա այնպէս, ինչպէս արեցիր Մադիամին,
Սիսարային ու Յաբինին՝ Կիսոնի հեղեղատներում։
11 Նրանք կոտորուեցին Դորի ակունքներում
եւ եղան ինչպէս գետնի աղբ։
12 Նրանց իշխաններին արա՛ այնպէս, ինչպէս արեցիր
Զէբէէին, Սաղմանային ու նրանց բոլոր իշխաններին,
13 որոնք ասացին. «Մեր ժառանգութիւնը դարձնենք Աստծու սրբարանը»։
14 Աստուա՛ծ իմ, նրանց արա՛ ինչպէս անիւ,
ինչպէս եղէգ՝ քամու հանդէպ,
15 ինչպէս հուր, որ անտառն է այրում,
ինչպէս բոց, որ լեռներն է խանձում։
16 Այսպէս հալածի՛ր նրանց քո մրրիկով,
ու քո բարկութեամբ խռովեցրո՛ւ նրանց։
17 Նրանց երեսն անարգանքո՛վ պատիր,
որ քո անունը փնտռեն, Տէ՛ր։
18 Թող ամաչեն ու խռովուեն յաւիտեանս յաւիտենից,
եւ ամօթահար թող կորստեան մատնուեն։
19 Թող իմանան, որ քո անունը Տէր է,
եւ դու միակ Բարձրեալն ես ամբողջ երկրի վրայ։