Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ՏԻՐՈՋ ՏԱՃԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ4Երբ Յուդայի ու Բենիամինի երկրի թ…

ՏԻՐՈՋ ՏԱՃԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ

4Երբ Յուդայի ու Բենիամինի երկրի թշնամիները լսեցին, որ գերութիւնից եկած իսրայէլացիները վերաշինում են Իսրայէլի Տէր Աստծու տաճարը, 2 եկան Զորոբաբէլի, իշխանների եւ տոհմապետների մօտ եւ նրանց ասացին. «Մենք էլ ենք ուզում տաճարը կառուցել ձեզ հետ, որովհետեւ ինչպէս դուք, այնպէս էլ մենք պաշտում ենք ձեր Տէր Աստծուն. մենք էլ ենք զոհեր մատուցում նրան այն օրից, ինչ Ասորեստանի Ասորդան թագաւորը մեզ բերել է այստեղ»։ 3 Զորոբաբէլը, Յեսուն եւ Իսրայէլի միւս իշխաններն ու տոհմապետները նրանց ասացին. «Մեզ վայել չէ, որ ձեզ հետ միասին շինենք Իսրայէլի մեր Տէր Աստծու տունը։ Մենք ինքներս պիտի շինենք Իսրայէլի մեր Տէր Աստծու տունը, ինչպէս հրամայել է մեզ Պարսկաստանի Կիւրոս թագաւորը»։ 4 Դրանից յետոյ այդ երկրի այլազգիները թուլացնում էին Հրէաստանի ժողովրդի ձեռքերը, խափանում նրանց շինարարութիւնը, 5 ծախու խորհրդականներ էին վարձում եւ նրանց հետ մտածում շինարարութիւնը խափանելու մասին՝ սկսած Պարսկաստանի Կիւրոս արքայի թագաւորութեան օրերից մինչեւ Պարսկաստանի Դարեհ արքայի օրերը։

ԱՐՏԱՇԷՍ ԹԱԳԱՒՈՐԻՆ ՈՒՂՂՈՒԱԾ

ԱՄԲԱՍՏԱՆԱԳԻՐԸ ՀՐԵԱՆԵՐԻ ԴԷՄ

6 Պարսկաստանի Արտաշէս[†] թագաւորի ժամանակ, նրա թագաւորութեան սկզբին, նրանք ամբաստանութեան թուղթ գրեցին Հրէաստանի եւ Երուսաղէմի բնակիչների դէմ։ 7 Թուղթը գրեցին Արտաշէսի թագաւորութեան օրերին Միթրիդատէսը եւ Տաբեէլը՝ հարկահաւաք միւս ծառաների հետ միասին, գրեցին ասորերէն, որը թարգմանեց Ռէում Բաալտիմը։ 8 Ահա այդ թղթի բովանդակութիւնը, որ նրանք ուղարկեցին Արտաշէս թագաւորին.

9 «Մենք՝ քո ծառաները, որ բնակւում ենք Գետի այս կողմում, Ռէում Բաալտիմը, Սամսա գրագիրը եւ մեր միւս ծառայակիցները՝ Դեենէսը, Սփարսաթաքայիէն, Տարփալէէն, Ափերսէէն, Օքուէէն, Բաբելոնէէն, Սուսանան, Քեէդաւէէն, 10 եւ մնացած այլ ազգերը, որոնց մեծ եւ փառապանծ Ասենափարը բնակեցրեց Սոմարում, այսինքն՝ Սամարիա քաղաքում, Գետի այս կողմում, - խաղաղութիւն են մաղթում Արտաշէս թագաւորին։ 13[‡] Արդ, ո՛վ թագաւոր, թող յայտնի լինի քեզ, որ եթէ այդ քաղաքը վերակառուցուի, եւ նրա պարիսպները կանգնեցուեն, քեզ ոչ միայն ոչ ոք հարկ չի տալու, 14 այլ բոլորը դիմադարձ են կանգնելու թագաւորներին, իսկ մենք, որ չենք կամենում այդպիսի յանդգնութիւն թագաւորի դէմ, դրա համար էլ այս ամենի մասին գրեցինք քեզ՝ թագաւորիդ, 15 որպէսզի դու քննես, փնտռես ու գտնես քո հայրերի դիւանների մատեաններում, որ իմանաս, թէ դա ապստամբների քաղաք է, թէ ամէն ժամանակ նա ոտքի է ելել թագաւորների դէմ եւ հին ժամանակներից ի վեր միշտ եղել է փախստականների ապաստան եւ հէնց դրա համար էլ աւերուել է այդ քաղաքը։ 16 Ահա թէ ինչու մենք քեզ, ո՛վ թագաւոր, յայտնեցինք այդ մասին, որ եթէ այս քաղաքը վերաշինուի եւ նրա պարիսպները կանգնեցուեն, ապա այլեւս խաղաղութիւն չի լինի քեզ համար»։

ԱՐՏԱՇԷՍ ԹԱԳԱՒՈՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ

17 Թագաւորը պատասխան ուղարկեց Ռէում Բաալտիմին, Սամսա գրագրին եւ նրանց միւս ծառայակից ընկերներին, որոնք բնակւում էին Սամարիայում, նաեւ մնացած բոլորին, որ Գետի այն կողմում էին.

18 «Ողջո՛յն ձեզ։ Ձեր ուղարկած հարկահանները եկան ինձ մօտ եւ ինձ, իմ առաջ, տեղեկացրին ամէն բան։ 19 Ես վերահասու եղայ, քննեցի ու գտայ, որ այդ քաղաքը հին ժամանակներից ի վեր եղել է ապստամբ եւ ոտքի է ելել թագաւորների դէմ, 20 որ Երուսաղէմում եղել են հզօր ու բռնակալ թագաւորներ, որոնք տիրել են արեւմտեան կողմին՝ Եփրատ գետից այն կողմը։ Արդ, դուք հարկեր ու տուրքեր դրէ՛ք դրանց վրայ, որպէսզի այլեւս չբռնանան ինքնիշխան կամքով։ 21 Այժմ իմ հրամանն է ձեզ, որ գնաք, արգելէք եւ խափանէք նրանց գործը, որպէսզի քաղաքը չկառուցուի, 22 չներէք նրանց եւ հանգիստ թողնէք, այլ շտապ յանձն առէ՛ք եւ պահանջեցէ՛ք բոլոր հարկերն ու տուրքերը, որպէսզի նրանք երբեք չբազմանան, չզօրանան ու չկանգնեն թագաւորների դէմ»։

23 Եւ երբ Արտաքսերքսէսի, այսինքն՝ Արտաշէս թագաւորի հարկահաւաքը բերեց այդ հրամանի թուղթը եւ կարդաց Ռեսիմի, Սամսա գրագրի եւ նրանց ծառայակիցների առջեւ, նրանք անմիջապէս ելան եւ հետեւակ ու հեծեալ մեծ զօրքով գնացին Երուսաղէմ, Հրէաստան եւ հրեաներին արգելեցին ու խափանեցին շինարարութիւնը։ 24 Այդ ժամանակ էլ խափանուեց եւ դադարեց Տէր Աստծու տաճարի աշխատանքը Երուսաղէմում, եւ այդ դադարը տեւեց մինչեւ Պարսկաստանի Դարեհ արքայի երկրորդ տարին։

[†] Հայերէն բնագրում այս անունը ունի գրութեան տարբեր ձեւեր՝ Ասարսոյեր, Արսասէս, Արսասաս, Արտաքսերքսէս։