Հին Կտակարան
Նոր Կտակարան
19 Ով անարգում է փոքրագոյն բաները, քիչ-քիչ կը կործանուի։ 2 Կանայք եւ …
19 Ով անարգում է փոքրագոյն բաները, քիչ-քիչ կը կործանուի։
2 Կանայք եւ գինին կործանում են իմաստութիւնը, եւ լկտի մարդը պիտի սատակի[††]։
4 Ով փութկոտ է հաւատալու մէջ, նա թեթեւամիտ է, եւ ով յանցանք է գործում, մեղանչում է իր հոգու դէմ։
5 Ով մտքով լիրբ է, շատերից կը մեղադրուի[‡‡]։
ՇԱՏԱԽՕՍՈՒԹԵԱՆ ՎՏԱՆԳԸ
7 Մի՛ յօժարիր խօսքդ կրկնել ո՛չ բարեկամին եւ ո՛չ թշնամուն։
8 Եթէ ներսդ մեղքեր չունես, բնաւ մի՛ ասա ուրիշին, քանզի նա կը լսի եւ կը զգուշանայ քեզանից։
9 Լսեցի՞ր որեւէ խօսք՝ թող մեռնի այն քո սրտում.
10 պի՛նդ կաց, քանզի այն քեզ չի պատռի եւ դուրս չի գայ։
11 Տխմարն իր խօսքից այնպիսի տանջանք է կրում, ինչպէս երեխայից ծնուածը։
12 Ինչպէս մարդու մարմնի մէջ մխրճուած նետն է, այնպէս էլ խօսքն է անմիտ մարդու սրտում։
ՈՒՂՂԵԼ ԲԱՐԵԿԱՄԻՆ
13 Քննի՛ր բարեկամիդ, գուցէ ոչնչով նա չի մեղանչել։
14 Իսկ եթէ մեղանչել է, դարձեա՛լ զգուշացրու, որպէսզի բարեկամութիւնը հաստատ մնայ։
15 Բանսարկութիւնները շատ են, բայց դու ամէն խօսքի մի՛ հաւատա։
17 Մարդ կայ, որ մեղանչում է լեզուով եւ ոչ թէ մտքով, քանզի ո՞վ է, որ մեղք չի գործում մտքով կամ լեզուով։
18 Ամէն իմաստութիւն երկիւղն է Տիրոջից։ Նախքան սպառնալը՝ հարցուփո՛րձ արա քո մերձաւորին եւ տե՛ղ թող Բարձրեալի օրէնքի համար։
19 Չարերի խրատն իմաստութիւն չէ եւ ոչ էլ՝ մեղաւորների խորհուրդը։
20 Նենգութիւն կայ, որ գարշանք է, եւ կայ աղքատամտութիւն, որ զուրկ է իմաստութիւնից։
21 Լաւ է երկիւղած աղքատամիտը, քան գիտելիքով հարուստը, որ յանդգնում է զանց առնել օրէնքը։
22 Կայ նրբին խորագիտութիւն, որ լեցուն է ապիրատութեամբ եւ անիրաւութեամբ։
23 Մարդ կայ, որ կորցնում է իր շնորհները, որպէսզի երեւան հանի արդարութիւնը, խորամանկ էլ կայ, որ քայլում է խոնարհ եւ գլխահակ, սակայն նրա փորը լիքն է նենգութեամբ։
24 Նա դէմքով խոնարհ է եւ խուլ է ձեւանում, բայց քեզ կը սպասի այնտեղ, ուր չես էլ կարծում։
25 Եւ եթէ ուժի պակասութիւնը նրան արգելք հանդիսանայ վնասելու քեզ, ապա նա քեզ չարիք կը պատճառի, երբ պահը գտնի։
26 Մարդը ճանաչւում է իր հայեացքից իսկ, եւ դէմքի տեսքից երեւում է իմաստութիւնը։
27 Մարդու հագուստը, երեսի ծիծաղը եւ ոտքի քայլը յայտնի է դարձնում նրան։
28 Յանդիմանութիւն կայ, որ բարի չէ, եւ լռութիւն կայ, որ իմաստութիւն է։