Հին Կտակարան
Նոր Կտակարան
ՀՐԵԱՆԵՐԻ ՏԵՂԱՀԱՆՈՒԹԻՒՆԸ4 Արքունի հրովարտակն, ահա, գրուել էր այս ձեւով…
ՀՐԵԱՆԵՐԻ ՏԵՂԱՀԱՆՈՒԹԻՒՆԸ
4 Արքունի հրովարտակն, ահա, գրուել էր այս ձեւով։ Հրովարտակի հրամանը որտեղ էլ որ հասնում էր, հեթանոսները հաւաքւում էին գաւառներում ու քաղաքներում եւ մեծ ուրախութիւն անում, որովհետեւ խորամանկ նենգութեամբ թաքցրած իրենց ոխակալութիւնը այլեւս բացայայտօրէն ու համարձակութեամբ էին ցոյց տալիս։ 2 Քաջերի խոր սուգը յորդառատ արցունքներով էր արտայայտւում, սիրտ էր ճմլում, որովհետեւ յանկարծ տրւում էր մի խիստ հրաման, որով կոչ էին անում առհասարակ բոլորին սպանել։ 3 Չկար մի գաւառ կամ քաղաք, մարդաբնակ մի վայր, բոլոր քաղաքներում մի փողոց, որ գոյժի աղաղակով ու կոծով լցուած չլինէր, 4 որովհետեւ խիստ դաժան ու անողոք հրամանի համաձայն, գաւառների հրամանատարները զանազան քաղաքներից տեղահան էին անում ընտրեալ ազգի զաւակներին, որպէսզի, ըստ այդ հրամանի, բնակավայրերից դուրս իզուր տեղը մեռնեն։ Աղէտալի տառապանքներն ու խոր վշտերը այնքան ծանր էին, որ չարչարանքների այս ողորմելի տեսարանը մինչեւ անգամ ոխակալ սրտի, վրէժխնդիր ոգու տէր մարդկանց աչքերից արտասուք էր քամում, 5 որովհետեւ թշուառութեան այդ ճանապարհով տանում էին ալեհեր, ծերութիւնից թուլացած եւ կթոտած ոտքերով ծերունիների մի բազմութիւն։
Տանում էին նաեւ նորապսակների՝ կիսատ թողնելով նրանց ուրախութիւնը, զրկելով նրանց ամուսնական առագաստից, չարաչար դժբախտութիւն պատճառելով նրանց։ 6 Աւանդապահ, քօղածածկ, պարկեշտ հարսները, ի նշան գոյժի, մազերն արձակած, իւղով օծուած մազերի հիւսուածքը համարձակօրէն արձակելով՝ հող էին ածում իրենց գլուխներին։ Նրանք ուրախ երգերի ձայնակից ընկեր լինելու փոխարէն ենթարկւում էին իրենց համար անսովոր տառապանքների։ Հրապարակներից մինչեւ նաւահանգիստները բռնութեամբ քարշ տալով նրանց՝ տանում էին հերարձակ, բզկտուած ու կապուած։ 7 Նրանց ամուսինները երիտասարդական ուրախութեան փոխարէն պարաններով կապկպուեցին։ Նրանք տեսնելով իրենց վրայ հասած այս աղէտը՝ մռնչում էին ու լալիս, իրենց դիմաց տեսնում էին մահուան օրհասը, իրենց ոտքերի առաջ՝ դժոխքի պատկերը։ 8 Այսպէս բոլորին, իբրեւ վայրենի գազանների, շղթայակապ բերեցին եւ նոյն շղթաները, որոնցով կապուած էին նրանց պարանոցները, ամրացրին նաւախելերին։ Ոմանց ոտքերից, ոմանց ձեռքերից կապելով՝ գամեցին նաւի տախտակամածի վերին կողմը։ Բոլոր կողմերից փակուած՝ նրանք թմրած ու յիմարացած էին. այդպէս էին արել, որպէսզի նաւերի ընթացքի ժամանակ յանկարծ խորամանկութեամբ ազատուել-փախչել չկարողանան։
9 Երբ այսպէս բոլորին նաւերին ամրացրած տարան եւ յաջողակ քամու շնորհիւ, թագաւորի հրամանի համաձայն, տեղ հասցրին, հրաման արձակուեց, որ դրանց կոտորեն քաղաքից դուրս մի հրապարակում, ընդարձակ մի վայրում, որպէսզի խայտառակեն այդ ազգը, եւ որպէսզի բոլորը, ազատ ու հանգիստ, տեսնեն նրանց, որոնք ելումուտ էին անում ամէն տեղ։ Բոլոր նախորդների վրէժը սրանցից էին հանում։ 10 Երբ այս ամէնը կատարեցին, յայտնի դարձաւ, որ ցեղակիցները գաղտնի ցաւակցելով՝ լաց էին լինում ազգի վրայ հասած այս յանկարծակի թշուառութեան համար։ Երբ դա իմացուեց, թագաւորը խիստ զայրացաւ, հրաման տուեց, որ քաղաքում գտնուող հրեաներին նոյնպէս բերեն ու խառնեն սրանց, եւ բոլորին նոյն պատժի ենթարկելով՝ մահուան դատապարտեն, նոյն ցուցակում գրեն նրանց բոլորի անունները, 11 որովհետեւ այս գործը յայտնի դառնալուց քիչ առաջ թէեւ նա պատուիրել էր սրտացաւութիւն հանդէս բերել նրանց պաշտամունքի հանդէպ, բայց այժմ հրամայեց սաստիկ պատուհասներով ու տանջանքներով միանգամից ոչնչացնել նրանց։
12 Նրանց ցուցակագրելու այս խիստ դաժան հրամանն ի կատար ածելը տեւում էր արեւածագից մինչեւ մայրամուտ, բայց այն լիովին աւարտել չյաջողուեց քառասուն օրուայ ընթացքում։ 13 Սովորականից աւելի խիստ մի հրամանով թագաւորը կարգադրեց բոլոր մեծամեծներին խնջոյքի հրաւիրել մեծ տաճարում։ Ճշմարտութիւնից շեղուած մտքով, անօրէն, պիղծ բերանով նա յարգում ու գովաբանում էր անշունչ, անձայն, անմռունչ կուռքերին, իսկ օրինաւոր սրբութիւնների մասին ասում էր այն, ինչ արժան չէր։ 14 Իր նշանակած ժամից յետոյ ցուցակագրող գրագիրները թագաւորին յանձնեցին ցուցակը։ Նրանք սկսեցին համոզել, որ հրեաների հաշուառում կատարելը անհնար է։ Նրանք ասացին. «Չենք կարող, որովհետեւ նրանք խիստ շատ են, որովհետեւ շատերը երկրով մէկ ցրուած լինելու պատճառով հնարաւոր չէ նրանց հաշուառման ենթարկել. հաշուառումից դուրս են մնացել շատերը, չցուցակագրուած հրեաներ կան անգամ Եգիպտացիների երկրի տարբեր վայրերում»։ 15 Երբ դա լսեց թագաւորը, գրագիրներին մեղադրեց կաշառակերութեան մէջ, որ իբր թէ նրանք ցանկանում են խոտոր ճանապարհներով փրկել նրանց կեանքը։ Նրանք պնդում ու ասում էին, որ իրենց թղթերն սպառուել եւ գրիչները մաշուել են՝ բացայայտօրէն ցոյց տալով դա։ Եւ այս ամէնը լինում էր Բարձրեալի օգնութեամբ, որը գութ ու խնամք էր ցուցաբերում եբրայեցիների նկատմամբ։