Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ՍՈՂՈՄՈՆԸ ՊԱՐԶԱՊԷՍ ՄԻ ՄԱՐԴ ԷՐ7 Ես ինքս էլ մահկանացու մարդ եմ բոլորի նմ…

ՍՈՂՈՄՈՆԸ ՊԱՐԶԱՊԷՍ ՄԻ ՄԱՐԴ ԷՐ

7 Ես ինքս էլ մահկանացու մարդ եմ բոլորի նման

եւ նախաստեղծ հողածնի ծնունդ։

2 Ես եւս մարմին եմ առել մօր որովայնում տասնամսեայ ժամանակի մէջ՝

մածուելով արեամբ տղամարդու սերմից եւ համատեղ քնի ցանկալի հաճոյքից։

3 Ես էլ ծնուելով՝ շնչեցի նոյն ընդհանուր օդը

եւ համանման վշտերի նոյն երկիրն ընկայ։

4 Առաջին բարբառս բոլորի նման նոյն լացը եղաւ,

եւ ես էլ սնուեցի խանձարուրի եւ հոգսերի մէջ։

5 Թագաւորներից ոչ ոք ուրիշ սկիզբ չի ունեցել.

6 աշխարհը մէկ մուտք ունի բոլորի համար եւ մէկ ընդհանուր ելք։

7 Դրա համար էլ աղօթելով խնդրեցի, եւ ինձ իմաստութիւն տրուեց,

կանչեցի առ Աստուած, եւ իմաստութեան հոգի եկաւ իմ մէջ։

8 Ես նախամեծար համարեցի այն, քան իշխանութիւնն ու գահը,

եւ հարստութիւնը ոչինչ համարեցի նրա համեմատութեամբ։

9 Ես այն չնմանեցրի թանկարժէք քարերի,

որովհետեւ ոսկին մի բուռ աւազ է նրա առաջ,

իսկ արծաթը նրա համեմատութեամբ՝ մի բուռ կաւ։

10 Առողջութիւնից եւ գեղեցկութիւնից առաւել՝ ես սիրեցի այն,

եւ նախընտրեցի լոյսից առաւել,

որովհետեւ անմարելի է նրանից բխող լոյսը։

11 Ես նրա շնորհիւ շռայլ բարիքներ ստացայ,

եւ նրա օգնութեամբ հասայ անթիւ հարստութեան։

12 Ես հրճուեցի բոլոր նրանց հետ, ում առաջնորդում էր իմաստութիւնը,

բայց չգիտէի, որ ամէն ինչի ծնունդ տուողը նա էր։

13 Ես սովորեցի առանց նենգութեան եւ առանց նախանձի էլ բաշխում եմ,

չեմ թաքցնում նրա հարստութիւնը,

որովհետեւ նա անսպառ գանձ է մարդկանց համար։

14 Նրանք, որ վարւում են այսպէս, բարեկամանում են Աստծու հետ՝

նրա կրթութեան ընծայած պարգեւների շնորհիւ։

ԱՍՏՈՒԱԾ՝ ԱՂԲԻՒՐ ԱՄԷՆ ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ

15 Տայ Աստուած, որ ես խօսեմ իրաւախոհութեամբ

եւ ունենամ նրա տուած շնորհներին արժանի մտածումներ,

որովհետեւ նա ինքն է իմաստութեան առաջնորդը եւ իմաստուններին ուղղութիւն տուողը,

16 որովհետեւ նրա ձեռքում ենք թէ՛ մենք, թէ՛ մեր խօսքերը

եւ թէ՛ ամէն մի իմաստութիւն եւ խելամիտ գործ։

17 Նա ինձ տուել է եղած բաների մասին անսխալ գիտութիւնը,

որ ճանաչեմ աշխարհի հաստատման կարգը եւ տարրերի ներգործութիւնը,

18 ժամանակների սկիզբը, վախճանը եւ միջին մասը,

արեգակի շրջանների փոփոխութիւնները եւ եղանակների շրջադարձերը,

19 տարրերի պտոյտներն ու աստղերի դիրքերը,

20 անասունների բարքերը եւ գազանների գազանային յատկանիշները,

հողմերի շարժումներն ու մարդկանց մտքերը,

տունկերի ձեւափոխութիւններն ու արմատների զօրութիւնը։

21 Ես իմացայ այն ամէնը, ինչ ծածուկ էր կամ բացայայտ,

որովհետեւ իմաստութիւնը, որ բոլորի ճարտարապետն է, ուսուցանեց ինձ։

ՆԵՐԲՈՂ ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ

22 Նրա մէջ կայ բանական հոգի, որ սուրբ է,

միածին, բազմաբաշխ,

նուրբ, դիւրաշարժ,

պարզ, անարատ,

յայտնի, անվրէպ,

բարեսէր, արագ, անարգել, բարերար,

23 մարդասէր, հաստատուն,

զգուշաւոր, անհոգ,

ամենազօր, ամենահայեաց

եւ կարող՝ թափանցելու մտաւոր, մաքուր եւ նրբին բոլոր բաների մէջ։

24 Արդարեւ, իմաստութիւնն աւելի շարժուն է բոլոր շարժումներից

եւ իր յստակութեան պատճառով թափանցում եւ անցնում է ամէն ինչից ներս։

25 Նա Աստծու զօրութեան ճաճանչն է,

Ամենակալի ճշմարիտ փառքի ծագումը,

եւ դրա համար էլ ոչ մի պիղծ բան չի խառնւում նրան։

26 Նա մշտնջենաւոր լոյսի նշոյլ է,

Աստծու ներգործութեան անարատ հայելին

եւ նրա վեհութեան պատկերը։

27 Նա մի է, բայց ամենակարող.

նա ինքնակայ է, բայց նորոգում է ամէն բան,

սերնդից սերունդ անցնում է մաքուր հոգիների մէջ

եւ պատրաստում Աստծու բարեկամներ եւ մարգարէներ։

28 Աստուած չի սիրում ուրիշ ոչ ոքի, բացի իմաստութեամբ ապրողից։

29 Արդարեւ, իմաստութիւնն աւելի գեղեցիկ է, քան արեգակը եւ բոլոր աստղաբոյլերը,

իսկ լոյսի հետ համեմատած՝ առաւել է նրանից,

30 որովհետեւ լոյսը փոխւում է գիշերի,

մինչդեռ իմաստութեանը չի կարող յաղթել չարութիւնը։