Հին Կտակարան
Նոր Կտակարան
ՍԳԻ ԺԱՄԱՆԱԿ ԻՐԵՆ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ38[†††††††††††] 15 Ով մեղանչում է իր Ար…
ՍԳԻ ԺԱՄԱՆԱԿ ԻՐԵՆ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
38[†††††††††††] 15 Ով մեղանչում է իր Արարչի առջեւ, նա կ’ընկնի բժշկի ձեռքը։
16 Որդեա՛կ, մեռեալի վրայ արտասո՛ւք թափիր եւ սկսի՛ր ողբալ՝ իբրեւ թէ նա վնաս է կրել, եւ, ըստ օրինի, պատի՛ր նրա մարմինը ու մի՛ անտեսիր նրա թաղումը։
17 Դառնօրէն լա՛ց եղիր, աղի արցո՛ւնք թափիր
18 եւ, ըստ նրա արժանիքի, մէկ-երկու օր սգա՛՝ պարսաւանքից խուսափելու համար եւ ապա մխիթարուի՛ր տրտմութիւնից,
19 քանզի տրտմութիւնից մահ է լինում, եւ սրտի տրտմութիւնը թուլացնում է ուժը։
20 Հարուածների հետ գալիս է նաեւ տրտմութիւնը, եւ աղքատի կեանքը սիրտ է մաշում։
21 Քո սիրտը մի՛ տուր տրտմութեան, վանի՛ր այն, յիշի՛ր վախճանը։
22 Մի՛ մոռացիր, որ վերադարձ չկայ, վախճանուածին օգուտ չես բերի եւ դու ինքդ կը չարչարուես։
23 Յիշի՛ր իմ դատաստանը, քանզի այդպէս է լինելու եւ քո՛նը. իմը՝ երէկ, եւ քոնն՝ այսօր։
24 Մեռեալի հանգչելուց յետոյ հանգի՛ստ թող նրա յիշատակը եւ մխիթարուի՛ր, որ նա աւանդել է իր հոգին։
ՕՐԷՆՍԳԷՏԻ ԱՌԱՒԵԼՈՒԹԻՒՆԸ ԱՐՀԵՍՏԱՒՈՐԻ ՎՐԱՅ
25 Օրէնսգէտի իմաստութիւնը ձեռք է բերւում հանգստի հաճելի ժամին, եւ ով մի բանի կարիք ունի, ջանք կը թափի եւ կ’իմաստնանայ։
26 Ինչպէ՞ս կարող է իմաստնանալ նա, ով աշխատում է մաճով, պարծենում խթանի ցուպով, եզներ է քշում, զբաղւում իր գործերով, եւ նրա զրոյցը իր որդիների հետ հորթերի մասին է։
27 Նրա սիրտը զբաղուած է լինում ակօս բացելով, եւ նրա հոգսը հորթերին կերակրելն է։
28 Այդպէս են նաեւ ամէն հիւսն եւ ճարտարապետ, որ գիշերն անցկացնում են իբրեւ ցերեկ, նաեւ նրանք, ովքեր արձաններ են քանդակում. նրանցից իւրաքանչիւրի զբաղմունքը ձեւերի բազմազանութիւն ստեղծելն է։ Ամէն մէկն իր սիրտը տալիս է պատկերներ նմանեցնելուն, եւ նրա հոգսը իր գործն աւարտելն է։
29 Այդպէս է եւ դարբինը, որ նստում է սալի մօտ եւ մտածում երկաթէ առարկայի մասին. տաք գոլորշին մաշում է նրա մարմինը, եւ նա ոգորում է հնոցի տապի դէմ։
30 Մուրճի ձայնը խլացնում է նրա ականջը, իսկ նրա աչքի առաջ միշտ պատրաստուող անօթի նմանութիւնն է։
31 Նրա սիրտը ձգտում է գործի աւարտին, եւ աւարտելիս նրա մտահոգութիւնը այն բարեզարդելն է։
32 Այդպէս է եւ բրուտը, որ նստած իր գործն է անում եւ ոտքով պտտում է դուրգը. նա իր գործի համար տեւապէս հոգսի մէջ է, եւ նրա ամբողջ աշխատանքը կապուած է հաշուարկի հետ։
33 Իր բազկով նա ձեւ է տալիս կաւին եւ ոտքով մեղմում նրա պնդութիւնը։
34 Նրա սիրտը ձգտում է աւարտել ծեփը, եւ նրա հոգսը թրծարանը մաքրելն է։
35 Նրանք բոլորն էլ վստահ են իրենց ձեռքերի վրայ, եւ իւրաքանչիւրը հմուտ է իր գործի մէջ։
36 Առանց սրանց քաղաք չի կառուցուի, մարդիկ չեն բնակուի այնտեղ եւ չեն շրջի,
37 բայց սրանց ժողովարան չեն հրաւիրում,
38 սրանք դատաւորի աթոռին չեն նստում, արդարութեան եւ իրաւունքի մասին դատողութիւն չեն անում, չեն արդարացնում, չեն մեղադրում եւ չեն զբաղւում առակներով։
39 Սրանք միայն այս աշխարհի շինուածքն են ամրացնում, եւ սրանց աղօթքը միայն իրենց արհեստի համար է. բայց այդպէս չէ դա, ով իր անձը նուիրում եւ խորհրդածում է Բարձրեալի մասին։