Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԹԱԳԱՒՈՐԻ ՀՐՈՎԱՐՏԱԿԸ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆ ՀՐԵԱՆԵՐԻ7 «Եգիպտոսի Փիլոպատոր Պտղ…

ԹԱԳԱՒՈՐԻ ՀՐՈՎԱՐՏԱԿԸ

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆ ՀՐԵԱՆԵՐԻ

7 «Եգիպտոսի Փիլոպատոր Պտղոմէոս արքան ողջունում է արքունի բոլոր իշխաններին եւ արքունի գործերի զօրավարներին ու պետերին։ Ուրա՛խ եղէք, որ մենք մեր որդիների, եղբայրների ու բոլոր զօրքի հետ ողջ-առողջ ենք, որ Աստուած մեր գործերը յաջողութեամբ է կատարում այնպէս, ինչպէս մենք ենք ուզում։ 2 Արդ, մեր այստեղի մերձաւոր բարեկամներից ոմանք, իրենց չարամտութիւնից դրդուած, չարախօսութեամբ զբաղուեցին. նրանք մեզ գրգռեցին այնքան, մինչեւ որ համոզեցին մեզ, որ հրաման տանք հաւաքել մեր իշխանութեան տակ գտնուող բոլոր հրեաներին, կուտակել մի տեղ, որպէսզի նորահնար տանջանքների ենթարկելով կոտորենք նրանց։ 3 Նրանք մեզ բոլորովին թոյլ չտուեցին հրաժարուել այդ մտքից՝ պատճառաբանելով, որ նրանք թշնամանք են տածում բոլոր հեթանոսների դէմ։ Ի վերջոյ ոմանց իբրեւ օտարների, մանաւանդ իբրեւ չարագործների հաւաքեցին, բերեցին կապկպած, բազմաթիւ լլկանքների ու տանջանքների ենթարկեցին։ Նրանք մտադիր էին առանց հարցուփորձի ու քննութեան ենթարկելու՝ բոլորին միանգամից կոտորել։ Նրանց համակել էր մի աւելի վայրենի զգացում, քան բարբարոսների վայրագութիւնը։ 4 Բայց մենք, մեր սովորութեանը համաձայն, նրանց խստագոյնս պատժեցինք։ Մարդասիրական գութ ցուցաբերելով հրեաների նկատմամբ՝ մենք նրանց կեանք շնորհեցինք։ Մենք դաւանում ենք երկնաւոր Աստծուն, որովհետեւ նոյն ձեւով նա օգնական եղաւ հրեաներին, ինչպէս հայրն է վերաբերւում իր որդիներին։ 5 Սրանք սիրով ու միաբանութեամբ մեզ հաւատարիմ են եղել հին ժամանակներից մինչեւ այսօր, դրա համար էլ հրաման տուեցինք ազատ արձակել նրանց եւ ներեցինք նրանց այն բոլոր վնասները, որ պատճառել են մեզ։ Հրաման տուեցինք նաեւ, որ նրանք բոլորը տէր դառնան այն ամենին, ինչ ունեցել են, որպէսզի նրանցից ոչ ոք իր ունեցածից չզրկուի։ Ոչ ոք թող չհամարձակուի նրանց նախատել իրենց կատարած արարքների համար։ 6 Իմացէ՛ք հետեւեալը. եթէ նրանց նկատմամբ դաւեր նիւթենք կամ վշտացնենք, մեղանչած կը լինենք ոչ թէ առհասարակ մարդու նկատմամբ, այլ Աստծու, որ տիրում է ամէն տեսակ զօրութիւնների ու մեծութիւնների։ Այդպիսին անվրէպ ու ամէն տեսակ հատուցում կը ստանայ ոչ թէ մարդկանցից, այլ՝ Բարձրեալից։ Ո՛ղջ եղէք»։

7 Երբ հրեաներն ստացան այս հրովարտակը, ոչ թէ անմիջապէս հեռացան, այլ թագաւորի մօտ գնացին ու խնդրելով ասացին. «Հրեաների միջից ով ինքնակամ ուրացել է սուրբ Աստծուն ու հրաժարուել Աստծու օրէնքներից, հրաման թող տրուի, որ նրանց յանձնեն մեր ձեռքը, որպէսզի ըստ օրէնքի արժանի պատիժ տրուի նրանց»։ Ի յաւելումն դրա՝ նաեւ ասացին. «Եթէ կան մարդիկ, որոնք իրենց կեանքից վախենալով կամ որկրամոլութիւնից դրդուած՝ հրաժարուել են իրենց նախնիների օրէնքներից, արքունի դատարանում իրենց յօժարութեան համար արդարանալ երբեք չեն կարող»։ 8 Թագաւորը դա իրաւացի համարեց եւ նրանց իրաւունք տուեց, որ եթէ թագաւորի իշխանութեան տակ գտնուող որեւէ մի տեղ գտնեն Աստծու օրէնքներից հրաժարուած մէկին, ապա թող նրան սպանեն համարձակութեամբ։ Ոչ ոք թող չընդդիմանայ դրան արքունիքի անունից սպառնալով։

9 Այն ժամանակ քահանաները, նրանց հետ նաեւ ամբողջ ժողովուրդը, ինչպէս կարգն է, գոհութիւն յայտնեցին, օրհնեցին եւ իրենց խօսքի վերջում օրհնութիւնն աւարտեցին ալէլուիայով։ Նրանք ցնծութեամբ եւ ուրախութեամբ երկրպագեցին ու հրաժեշտ տուեցին թագաւորին։

ՕՐԻՆԱԶԱՆՑ ՀՐԵԱՆԵՐԻ ՊԱՏԻԺԸ

10 Երբ ճանապարհ ընկան նրանք, խայտառակ տանջանքների ենթարկելով՝ սպանեցին բոլոր նրանց, ովքեր նախկինում հրաժարուել էին իրենց օրէնքներից, անօրէնութեամբ պղծուել եւ հեռացել էին իրենց ցեղակիցներից։ Այդտեղ, մի օրում սպանուեց աւելի քան երեք հարիւր մարդ։ Այդ օրն ուրախութիւն արեցին, որովհետեւ իրենց օրէնքներից հրաժարուած պիղծ, անօրէն մարդկանց բռնելով՝ սպանել էին, որովհետեւ իրենք, իրենց Աստծու ողորմածութեամբ, մահուան դռնից էին ազատուել։ 11 Այդ քաղաքից դուրս գալով՝ նրանք գնացին տարբեր տեսակի անուշահոտութիւններով օծուած, գոյնզգոյն ծաղիկներով պսակուած, ուրախ ու զուարթ, քաղցր ձայնով գոհութիւն մատուցեցին իրենց հայրերի Աստծուն՝ Իսրայէլի յաւիտենական Փրկչին։ 12 Երբ եկան հասան պտղոմէացիների Վարդաբերք քաղաքը, որն այսպէս էր կոչւում այդ վայրի պայծառութեան պատճառով, նրանց սպասում էին այն նաւերը, որոնցով եկել էին այստեղ։ Բոլորի համաձայնութեամբ նրանք եօթը օր մնացին այստեղ, ուրախութիւն արեցին, որովհետեւ թագաւորը հրամայել էր ճանապարհի պաշարը հոգալ առատօրէն, մինչեւ որ ամէն մէկն իր բնակավայրը հասնէր։

13 Երբ իրենց տեղերը հասան, նրա պարգեւներին արժանի գոհութիւն յայտնեցին։ Նորից հաստատեցին իրենց այն որոշումը, որ այդ օրը նոյնպէս դասուի տարեկան տօների շարքը եւ ուրախութիւն կատարուի։ Նուէրներ մատուցեցին, ուրախութեան վայրերում յուշարձաններ կանգնեցրին եւ այդ օրը դասեցին տարեկան տօների շարքը։ 14 Հաւաքուեցին մի տեղ, աղօթք ու գոհութիւն մատուցեցին, յետոյ ողջ-առողջ, անվնաս, ազատ, ուրախ ու զուարթ միմեանց հրաժեշտ տուեցին, Տիրոջ թոյլտուութեամբ եւ թագաւորի հրամանով ամէն մէկը ծովով, ցամաքով եւ գետերի վրայով գնաց իր բնակավայրը։ 15 Նրանք, որ առաջ թշնամու ձեռքի տակ էին, այժմ իշխանական փառքով ու շուքով էին վերադառնում։ Այսուհետեւ ոչ ոք չէր կարող նրանց անհանգստացնել։ Նրանք ստացան ցուցակագրուած իրենց ամբողջ ինչքն ու ունեցուածքը, որովհետեւ ում մօտ ինչ որ մնացել էր, բոլորն ահ ու սարսափով բերեցին յանձնեցին տէրերին՝ մեծն Աստծու փրկութեանն արժանանալու համար։

Օրհնեալ է Աստուած, որ Իսրայէլը փրկում է ամէն ինչից՝ բոլոր տեսակի նեղութիւններից ու վշտերից։ Նրան փառք, պատիւ եւ զօրութիւն այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։