Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԵՐՋԱՆԻԿ ԱՄՈՒՍՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ26 Երանելի է բարի կնոջ ամուսինը, եւ բազում …

ԵՐՋԱՆԻԿ ԱՄՈՒՍՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

26 Երանելի է բարի կնոջ ամուսինը, եւ բազում է նրա օրերի թիւը։

2 Բարեգործ կինն ուրախացնում է իր ամուսնուն եւ նրա տարիները լցնում խաղաղութեամբ։

3 Բարի կինը մի բարի բաժին է, որ Տէրը տալիս է իրենից երկնչողներին. հարուստ թէ աղքատ՝

4 նրանց սիրտը գոհ է նրանից, եւ նրանց դէմքը միշտ ուրախ է։

ԶԳՈՒՇԱՆԱԼ ՉԱՐ ԿԱՆԱՆՑԻՑ

5 Երեք բանի վրայ կասկածեց իմ սիրտը, բայց կայ մի չորրորդը, որի համար աղօթում եմ վախից։

6 Դրանք են՝ քաղաքի բանսարկութիւնը, ամբոխի վրդովմունքը

7 եւ սուտ չարախօսութիւնը, որոնք մահից աւելի դաժան են։

8 Բայց սրտի ցաւ եւ սուգ է այն կինը, որ չարանախանձ է մէկ այլ կնոջ,

9 լեզուանի գազան է, որ խոցում է բոլորին։

10 Չար կինը եզան երերացող լուծ է. ով բռնի այն՝ իժ[§§§§§] է բռնում։

11 Մեծ խայտառակութիւն է հարբեցող կինը, որ չի ծածկում իր ամօթը։

12 Կնոջ պոռնկութիւնը իմացւում է նրա շարժուձեւերից, նրա աչքերի հայեացքից եւ նրա արտեւանունքներից։

13 Անամօթ դստեր վրայ հսկողութի՛ւն հաստատիր, որպէսզի համարձակութիւն ստանալով՝ նա ինքնագլուխ չլինի։

14 Լիրբ կնոջ աչքից զգո՛յշ եղիր եւ մի՛ զարմացիր, եթէ քո դէմ էլ յացանք գործի։

15 Ինչպէս ծարաւած ճանապարհորդը, նա բերանը բացում եւ խմում է ամէն տեսակ մօտիկ ջրերից, նստում է ամէն տեսակ վրանի առջեւ եւ կապարճի պէս բացւում առաջին իսկ նետի դէմ։

ԳՈՎՔ ԿԱՏԱՐԵԱԼ ԿՆՈՋ

16 Կնոջ շնորհը հրճուանք է նրա ամուսնուն, եւ նրա ողջախոհութիւնը զօրացնում է նրա ոսկորները։

17 Խոնարհ կինը Տիրոջ պարգեւն է. անփոխարինելի է առաքինի հոգին։

18 Շնորհների վրայ շնորհ է ամօթխած կինը,

19 եւ համարժէք կշիռ չկայ նրա զուսպ հոգու համար։

20 Տիրոջ բարձունքներում ծագող արեգակ է

21 բարի կնոջ գեղեցկութիւնն իր տան յարդարանքի մէջ։

22 Ինչպէս լուսատու ճրագն է մաքուր աշտանակի վրայ, այնպէս էլ երեսի գեղեցկութիւնն է հանդարտ հասակի վրայ[******]։

23 Ինչպէս ոսկեղէն սիւներն են արծաթեղէն խարիսխների վրայ, այնպէս էլ գեղեցիկ ոտքերն են խոնարհ գարշապարների վրայ։

25 Սիրտս տխուր է երկու բանի համար, եւ կայ մի երրորդ բան, որից իմ մէջ ցասում առաջացաւ։

26 Դրանք են՝ պատերազմող մարդը, որն աղքատութեան պատճառով է թշուառ, եւ իմաստուն մարդիկ, որոնք արհամարհուած են։

27 Բայց ով արդարութիւնից դառնում է դէպի մեղքը, Տէրը նրա համար սուր է պատրաստում։

28 Դժուար թէ վաճառականը խուսափի յանցանքներից, եւ պանդոկապանը արդարանայ մեղքերից։

[§§§§§] Յունարէնում՝ կարիճ։