Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

15 Դրա համար էլ այնտեղ շատերը պիտի ուժասպառ լինեն, ընկնեն ու խորտակու…

15 Դրա համար էլ այնտեղ շատերը պիտի ուժասպառ լինեն,

ընկնեն ու խորտակուեն.

մարդիկ, որոնք ապահովութեան մէջ էին,

պիտի ենթարկուեն պաշարման։

ԶԳՈՒՇԱՆԱԼ ՎՀՈՒԿՆԵՐԻՑ ԵՒ ՀԵՏԵՒԵԼ ԱՍՏԾՈՒՆ

16 Այն ժամանակ պիտի յայտնուեն նրանք, ովքեր փակի տակ են դնելու օրէնքները, 17 որպէսզի որեւէ մէկը չկարողանայ սովորել եւ ասել. “Կը մնամ ու կը սպասեմ Աստծուն, որն իր երեսը դարձրեց Յակոբի տնից, յոյս կը դնեմ նրա վրայ”»։ 18 Ահաւասիկ ես եւ իմ զաւակները, որ Աստուած ինձ պարգեւեց. եւ Իսրայէլի տան վրայ թող նշաններ ու հրաշքներ լինեն Զօրութիւնների Տիրոջից, որ բնակւում է Սիոն լերան վրայ։ 19 Եւ եթէ ձեզ ասեն, թէ՝ “Հարցրէ՛ք վհուկներին ու մեռելահարցուկներին, նանրախօսներին ու որովայնախօսներին”, այն ժամանակ ասացէ՛ք. “Մի՞թէ որեւէ ժողովուրդ իր Աստծուն չպիտի դիմի, ողջերի համար մեռածների՞ն պիտի հարցնեն։ 20 Չէ՞ որ օրէնքը տուեց՝ օգնութեան համար, որպէսզի ասեն, թէ սրանք այն խօսքերը չեն, որոնց համար պէտք է կաշառք տալ”։

ՆԵՂՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

21 Սոսկալի սովը պիտի սպառնայ ձեզ,

եւ երբ քաղցած լինէք, պիտի վշտանաք,

հայհոյանք թափէք իշխանի ու աշխարհի հասցէին։

22 Ձեր հայեացքը պիտի ուղղէք դէպի վեր՝ երկնքին,

պիտի նայէք դէպի վար՝ երկրին,

եւ կարիքը, տառապանքն ու խաւարը,

նեղութիւնը, անձկութիւնն ու մթութիւնը պիտի դիմաւորեն ձեզ։

Ոչ ոք չպիտի կարողանայ տեսնել։

Եւ նա, ով նեղութեան մէջ լինի,

չի տկարանալու, մինչեւ որ գայ ժամանակը։

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԻՏԻ ՏԵՍՆԻ ՄԵԾ ԼՈՅՍԸ

9 Նախ դուք ա՛յդ նեղութիւնները տարէք եւ շո՛ւտ թօթափեցէք,

Զաբուղոնի՛ երկիր, երկի՛ր Նեփթաղիմի, ճանապա՛րհ ծովի,

նաեւ միւսներդ, որ բնակւում էք ծովեզերքին

եւ Յորդանան գետի այն կողմում,

հեթանոսների՛ Գալիլիա եւ Հրէաստանի՛ կողմեր։

2 Այն ժողովուրդը, որն ընթանում էր խաւարի միջով,

տեսաւ մեծ լոյս.

ձեզ համար էլ, որ բնակւում էք աշխարհում եւ մահուան ստուերների մէջ[‡‡‡],

լոյս պիտի ծագի։

3 Ժողովրդի մեծ մասը, որին մասնակից դարձրիր քո ուրախութեանը,

ուրախանալու է քո առաջ,

ինչպէս հնձի ժամանակ են ուրախանում եւ կամ աւարը բաժանելիս,

4 որովհետեւ վերացաւ այն մեծ լուծը,

որ նրանց վրայ էր դրուած,

եւ գաւազանը, որ նրանց պարանոցին էր։

Ինչպէս Մադիամի օրերին, նա մերժեց հարկապահանջների գաւազանը։

5 Ամէն մի պատմուճանի եւ հանդերձի համար, որ նենգութեամբ էին հաւաքել,

տուգանքով պիտի հատուցեն,

նոյնիսկ եթէ դրանք այրուած լինէին,

նրանք պիտի յօժարէին հատուցել,

6 քանզի մեզ համար մանուկ ծնուեց,

մի որդի տրուեց մեզ,

որի իշխանութիւնն իր ուսերի վրայ պիտի լինի.

նա պիտի կոչուի Մեծ խորհրդի հրեշտակ[§§§],

Սքանչելի խորհրդակից,

Աստուած հզօր, Իշխան,

Հայր հանդերձեալ աշխարհի[****]։

7 Ես խաղաղութիւն կը բերեմ նրա իշխաններին,

իսկ իրեն՝ առողջութիւն։

Մեծ է նրա իշխանութիւնը,

եւ նրա խաղաղութիւնը սահման չունի։

Նա պիտի նստի Դաւթի աթոռին,

առաջ պիտի տանի նրա թագաւորութիւնը,

իրաւունքով ու արդարութեամբ պիտի զօրացնի այն

այսուհետեւ եւ յաւիտեանս յաւիտենից։

Զօրութիւնների Տիրոջ նախանձախնդրութեամբ պիտի կատարուի դա։

ԱՍՏԾՈՒ ՍՊԱՌՆԱԼԻ ՁԵՌՔԸ

8 Տէրը Յակոբի տան վրայ մահ արձակեց,

բայց այն եկաւ հասաւ Իսրայէլի վրայ։

9 Թող Եփրեմի ողջ ժողովուրդը եւ Սամարիայում ապրողներն իմանան,

որ հպարտութեամբ եւ ամբարտաւան սրտով խօսեցին՝ ասելով.

10 «Աղիւսները թափուեցին,

բայց եկէք քար տաշենք,

մայրիներ ու եղեւնու ծառեր կտրենք

եւ մեզ համար աշտարակ կառուցենք»։

11 Աստուած պիտի կործանի Սիոնի լերան վրայ բարձրացածներին

եւ ցիրուցան պիտի անի Յուդայի երկրի թշնամիներին,

12 արեւելքից՝ ասորեստանցիներին եւ արեւմուտքից՝ յոյներին[††††],

որոնք լիաբերան կերան Իսրայէլին։

Այնուամենայնիւ, նրա բարկութիւնը տեղի չտուեց,

տակաւին նրա ձեռքը բարձրացած է։

13 Ժողովուրդն էլ դարձի չեկաւ, մինչեւ չենթարկուեց հարուածի։

Զօրութիւնների Տիրոջը փնտռող չեղաւ։

14 Եւ Տէրը մէկ օրում վերացրեց Իսրայէլի գլուխն ու պոչը,

մեծին ու փոքրին։

15 Ծերն ու ականաւորը գլուխն են,

իսկ մարգարէն, որ անօրէնութիւն էր ուսուցանում, պոչն է։

16 Եւ պիտի այնպէս լինի, որ երանի պիտի տան այս ժողովրդին,

բայց մոլորեալները պիտի մոլորեցնեն նրան,

որպէսզի կուլ տան։

17 Դրա համար էլ Տէրը բարեհաճ չի լինելու նրանց երիտասարդների հանդէպ,

նրանց որբերին ու այրիներին չի գթալու,

որովհետեւ նրանք ամէնքն էլ անօրէն են ու չար,

ամէն բերան անարդարութիւն է խօսում։

Այս ամենի հետեւանքով Տիրոջ զայրոյթը չի իջել,

տակաւին նրա ձեռքը մնում է բարձրացած։

[‡‡‡] Եբրայերէնում՝ մահուան ստուերի երկրում։