Հին Կտակարան
Նոր Կտակարան
ԾՆՈՂՆԵՐՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՈՐԴՈՒՆ10 Նրա հայր Տոբիթն ամբողջ ժամանակ մտք…
ԾՆՈՂՆԵՐՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՈՐԴՈՒՆ
10 Նրա հայր Տոբիթն ամբողջ ժամանակ մտքում խորհում էր։ Երբ լրացան վերադառնալու օրերը, եւ նրանք չեկան, 2 նա ասաց. «Գուցէ Գաբայէլը մեռե՞լ է. երեւի ոչ ոք նրան չի տուել արծաթը, ինքն էլ ամօթից չի ցանկանում գալ»։ Եւ նա խիստ տրտում էր։ 3 Կինն ասաց նրան. «Որ այսչափ ուշացաւ, վայ թէ կորաւ տղան»։ 4 Նա սկսեց լալ ու սգալ որդուն եւ ասաց. 5 «Ոչինչ պէտք չէ ինձ, որդեա՛կ իմ, էլ ինչո՞ւ թողեցի քեզ, իմ աչքերի՛ լոյս»։ 6 Տոբիթն ասաց նրան. «Լռի՛ր եւ մի՛ անհանգստացիր, նա ողջ է»։ 7 Իսկ կինն ասաց նրան. «Դո՛ւ լռիր եւ մի՛ խաբիր ինձ, որովհետեւ իմ երեխան կորաւ»։ Եւ ամէն օր մայրը դուրս էր ելնում ու գալիս այն ճանապարհը, որով նրանք գնացել էին. ցերեկը հաց չէր ուտում, իսկ գիշերը չէր դադարում իր որդի Տուբիին սգալուց։
ՏՈՒԲԻՆ ՈՒԶՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ
Երբ լրացաւ հարսանիքի տասնչորս օրը, որ նրանց այնտեղ լինելու համար երդուել էր Ռագուէլը, 8 Տուբին ասաց Ռագուէլին. «Արձակի՛ր ինձ, որովհետեւ իմ հայրն ու մայրն այլեւս ինձ ողջ տեսնելու յոյս չունեն»։ 9 Եւ աներն ասաց նրան. «Դու մնա՛ այստեղ՝ ինձ մօտ, իսկ ես մարդիկ կ’ուղարկեմ քո հօր մօտ, նրանք քո մասին կը պատմեն նրան»։ 10 Տուբին ասաց. «Այդպէս չի լինի, այլ պէտք է ինձ արձակես, որ գնամ իմ հօր մօտ»։
Եւ Ռագուէլը վեր կացաւ ու նրան տուեց իր կին Սառային, իր ունեցուածքի կէսը, ծառաներ ու աղախիններ, անասուններ ու արծաթ, 11 օրհնեց նրանց, արձակեց ու ասաց. «Որդեա՛կ իմ, թող երկնքի Տէր Աստուածը յաջողութիւն տայ ձեզ, քանի դեռ ես չեմ մեռել»։ 12 Իսկ իր դստերն ասաց. «Որդեա՛կս, պատուի՛ր քո սկեսուրին ու սկեսրայրին, քանի որ այժմ նրանք են քո հայրն ու մայրը. եւ հեռո՛ւ մնա ատելութեան խօսքերից»։ 13 Եւ նա համբուրեց նրան։ Իսկ Հեդնան ասաց Տուբիին. «Սիրելի՛ եղբայր, թող Տէրը քեզ ողջութեամբ տանի քո տուն եւ ինձ՝ իմ դուստր Սառայից զաւակ տեսնել տայ, որպէսզի ես ուրախանամ Տիրոջ առջեւ. այժմ նրան յանձնում եմ քեզ, թո՛ղ այսուհետեւ քոնը լինի, չտրտմեցնե՛ս նրան»։