Հին Կտակարան
Նոր Կտակարան
ՏՈՒԲԻԻ ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆԸ7 Նրանք եկան Եկբատան եւ մտան Ռագուէլի տուն։ Սառան…
ՏՈՒԲԻԻ ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆԸ
7 Նրանք եկան Եկբատան եւ մտան Ռագուէլի տուն։ Սառան ընդառաջ ելաւ, եւ ողջունեցին նրանց, նրանք էլ՝ նրան, եւ Սառան նրանց տարաւ տուն։ 2 Ռագուէլն իր կին Հեդնային ասաց. «Տեսնո՞ւմ ես, որ այս պատանեակը նման է իմ եղբօրորդի Տոբիթին»։ 3 Ռագուէլը հարցրեց նրանց եւ ասաց. «Որտեղի՞ց էք, եղբայրնե՛ր»։ Նրան ասացին. «Նեփթաղիմի որդիներից ենք, որ գերի ենք տարուած Նինուէ»։ 4 Ապա ասաց. «Դուք ճանաչո՞ւմ էք մեր եղբայր Տոբիթին»։ Ասացին. «Ճանաչում ենք»։ 5 Ռագուէլը նրանց ասաց. «Ո՞ղջ է»։ Նրանք ասացին. «Ողջ եւ կենդանի է»։ 6 Իսկ Տուբին ասաց. «Նա իմ հայրն է»։ Ռագուէլն անմիջապէս վեր կացաւ, համբուրեց նրան, շատ լաց եղաւ, 7 օրհնեց նրան եւ ասաց. «Բարի ես դու եւ բարերար մարդու որդի»։ Իսկ երբ լսեց, որ Տոբիթի աչքերը կուրացել են, 8 լաց եղաւ եւ տրտմեց. տրտմեցին նաեւ իր կին Հեդնան եւ նրանց դուստր Սառան։ Նրանք մեծ ուրախութեամբ ընդունեցին ու պահեցին նրանց։ 9 Ապա նրանք հօտից մի խոյ մորթեցին, բազում խորտիկներ պատրաստեցին ու դրեցին նրանց առջեւ։ Տուբին ասաց Ռափայէլին. «Եղբա՛յր Ազարիա, այժմ ասա այն, ինչի մասին խօսում էիր ճանապարհին, որպէսզի քո ասածը լինի»։ Ռափայէլն այդ խօսքերը հաղորդեց Ռագուէլին. եւ Ռագուէլը Տուբիին ասաց. «Կե՛ր, խմի՛ր եւ ուրա՛խ եղիր, որովհետեւ քեզ է վիճակուած առնել իմ աղջկան։ Բայց քեզ ճշմարիտն ասեմ. ես իմ աղջկան տուել եմ եօթը մարդու, եւ երբ նրանք ցանկանում էին մերձենալ նրան, նոյն գիշերը մեռնում էին։ Իսկ այժմ, որդեա՛կ իմ, դու ուրախ եղիր»։ 10 Տուբին ասաց. «Ես այստեղ ոչ մի բան չեմ ուտի, մինչեւ չվերջացնէք այս գործը»։ 13 Ռագուէլն ասաց. «Ըստ օրէնքի, նրան վերցրո՛ւ քեզ, որովհետեւ դու աղջկան եղբայր ես գալիս, եւ թող նա քոնը լինի. 14 թող ողորմածն Աստուած ձեզ բարին յաջողեցնի»։ 15 Նա կանչեց իր դուստր Սառային, բռնեց նրա ձեռքից, տուեց Տուբիին կնութեան եւ ասաց. «Ահա՛, ըստ Մովսէսի օրէնքի, դու վերցրո՛ւ նրան եւ տա՛ր քո հօր մօտ»։ Եւ նա օրհնեց նրանց։ 16 Ապա կանչեց իր կին Հեդնային եւ տան ամբողջ ունեցուածքը վերցրեց, տուեց աղջկան, մուրհակներով հաստատեց դրանք եւ կնքեց։ 17 Նրանք սկսեցին ուտել, խմել եւ ուրախանալ։ 18 Ռագուէլը կանչեց իր կին Հեդնային ու ասաց նրան. «Քո՛յր, դու պատրաստի՛ր միւս սենեակը եւ աղջկան տար այնտեղ»։ 19 Կինը արեց այնպէս, ինչպէս հրամայել էր իրեն, եւ նրան տարաւ այնտեղ։ Աղջիկը լալիս էր, մայրը սրբում էր աղջկայ արտասուքները եւ ասում նրան. 20 «Քաջալերուի՛ր, դո՛ւստրս, երկնքի եւ երկրի Տէրն այս տրտմութեան փոխարէն քեզ ուրախութիւն ու ցնծութիւն կը տայ, քաջալերուի՛ր, աղջի՛կս, քաջալերուի՛ր»։