Հին Կտակարան
Նոր Կտակարան
ՏՈԲԻԹԸ ԳՆՈՒՄ Է ՄԱՐԱՍՏԱՆ5 Տուբին պատասխանեց եւ ասաց նրան. «Հա՛յր, կ’ան…
ՏՈԲԻԹԸ ԳՆՈՒՄ Է ՄԱՐԱՍՏԱՆ
5 Տուբին պատասխանեց եւ ասաց նրան. «Հա՛յր, կ’անեմ ամէն ինչ, որ պատուիրեցիր ինձ, 2 բայց ես ինչպէ՞ս կարող եմ գտնել արծաթը, քանի որ չեմ ճանաչում այդ մարդուն։ 3 Հայրը նրան տուեց ստացագիրն այն մարդու, որի մօտ գանձն աւանդ էր դրուած, 4 եւ ասաց նրան. «Դու քեզ համար փնտռի՛ր մի մարդ, որ հետդ գայ. ես կը տամ նրա վարձը, քանի դեռ կենդանի եմ, եւ դու կը գնաս կը վերցնես արծաթը»։ 5 Տուբին գնաց վարձով մի մարդ փնտռելու, որ գնար իր հետ։ Եւ նա գտաւ Ռափայէլ Հրեշտակին, 6 բայց չգիտէր, թէ ով է նա։ Տուբին ասաց նրան. 7 «Դու կարո՞ղ ես ինձ հետ գալ Ռագիւս՝ Մարաց երկիր, կամ լաւ ծանօ՞թ ես այդ տեղերին»։
8 Հրեշտակն ասաց նրան. «Ես կը գամ քեզ հետ. ե՛ւ ճանապարհին եմ տեղեակ, ե՛ւ մեր եղբայր Գաբայէլին եմ ճանաչում»։ 9 Տուբին ասաց նրան. «Դու մի վայրկեան սպասի՛ր այստեղ, մինչեւ ես մտնեմ ու հարցնեմ իմ հօրը»։ Եւ ասաց նրան. «Գնա՛ եւ չուշանա՛ս»։ 10 Տուբին ներս մտաւ ու ասաց հօրը. «Ահա գտայ ընկեր, որ գալիս է հետս»։ Հայրն ասաց նրան. «Դու նրան կանչի՛ր ինձ մօտ, որպէսզի իմանամ, թէ որ ազգից է նա եւ կամ հետդ գալու համար վստահելի՞ է»։ 11 Տուբին ներս կանչեց նրան, եւ նրանք ողջոյն տուեցին միմեանց։ 16 Տոբիթն ասաց նրան. «Եղբա՛յր, դու մեր ո՞ր ցեղից ես, ասա՛ ինձ»։ 17 Եւ նա ասաց նրան. «Իմ ազգատո՞հմն ես փնտռում, թէ՞ ինձ վարձել ես, որ քո որդու հետ գնամ»։ Տոբիթն ասաց նրան. «Ուզում եմ, եղբա՛յր, իմանալ քո ազգն ու անունը»։ 18 Նա ասաց. «Իմ անունն Ազարիա է, քո եղբայրներից մէկի՝ մեծն Անանիայի որդին եմ»։ 19 Տոբիթն ասաց նրան. «Բարի եկար, եղբա՛յր, մի՛ զայրացիր ինձ վրայ, որ ցանկացայ իմանալ քո ազգատոհմը, որովհետեւ դու հէնց իմ եղբայրն ես՝ բարի ու ազնուական ցեղից, քանի որ ես ճանաչում եմ Անանիային եւ Յաթանին՝ մեծն Սեմի որդիներին, երբ մենք միասին գնում էինք Երուսաղէմում երկրպագելու եւ անասունների առաջին ծնունդներն ու բերքի տասանորդները մատուցելու։ Նրանք չմոլորուեցին մեր եղբայրների մոլորութիւնով. Դու մեծերի ազգից ու արմատից ես, եղբա՛յր։ 20 Այժմ դու ասա՛ ինձ. ի՞նչ վարձ տամ քեզ. կը տամ օրական մի դրամ եւ ուտելիքը, ինչպէս իմ որդուն։ 21 Երբ ողջ վերադառնաք այս ուղեւորութիւնից, վարձդ կ’աւելացնեմ»։ Եւ նրանք համաձայնեցին այդպէս անել։ 22 Տոբիթն ասաց նրան. «Տուբի՛, որդեա՛կ, պատրաստուի՛ր ճանապարհ ընկնելու, եւ թո՛ղ Աստուած յաջողութիւն տայ ձեզ»։ Պատանին պատրաստեց ճանապարհի ուտելիքը, իսկ հայրն ասաց նրան. «Որդեա՛կ, դու գնա՛ այդ մարդու հետ, իսկ Աստուած, որ բնակւում է երկնքում, թող յաջողութիւն տայ ձեր ճանապարհին, եւ նրա հրեշտակն ուղեկից լինի ձեզ»։ 23 Եւ նրանք երկուսով միասին ելան գնացին, նրանց հետ՝ նաեւ պատանու շունը։ Պատանու մայրը լալով ասաց. «Տոբի՛թ, մեր որդուն ինչո՞ւ հեռացրիր մեզանից, չէ՞ որ նա է մեր ծերութեան ցուպը, նա է մեր առջեւ ելումուտ անում. 24 թող արծաթի վրայ արծաթ չգայ, միայն թէ մեր որդու կեանքին բան չլինի, 25 քանզի ինչ Աստուած տուել է մեզ, բաւական է մեզ համար»։ 26 Տոբիթն ասաց նրան. «Քո՛յր, մի՛ տրտմիր, նա ողջ կը վերադառնայ, եւ քո աչքերը կը տեսնեն նրան, 27 քանի որ իր բարի Հրեշտակը կ’առաջնորդի նրան, յաջողութիւն կը տայ նրա ճանապարհին, եւ նա ողջ ու առողջ կը վերադառնայ այնտեղից»։ 28 Եւ մայրը դադարեց լալուց։