Հին Կտակարան
Նոր Կտակարան
ՈԽԱԿԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ28 Ով վրէժ առնի, Տիրոջից վրէժխնդրութիւն կը գտնի, եւ Տ…
ՈԽԱԿԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ
28 Ով վրէժ առնի, Տիրոջից վրէժխնդրութիւն կը գտնի, եւ Տէրը խստօրէն կը հաստատի նրա մեղքերը[§§§§§§]։
2 Ների՛ր քո եղբօր անիրաւութիւնը, եւ միայն այն ժամանակ աղօթելիս քո մեղքերը կը ներուեն։
3 Մարդը մարդու հանդէպ բարկութիւն է կուտակում, իսկ Տիրոջից բժշկութիւն է խնդրում։
4 Իր նման մարդու հանդէպ նա չունի ողորմածութիւն, բայց աղերսում է իր մեղքերի թողութեան համար։
5 Ինքը եւս մարմին[*******] է, բայց ոխ է պահում։ Ո՞վ քաւութիւն կը տայ նրա մեղքերին։
6 Յիշի՛ր քո վախճանը եւ դադարի՛ր թշնամութիւն անելուց, յիշի՛ր ապականացու լինելդ ու մահդ
7 եւ մնա՛ պատուիրանների մէջ։
8 Յիշի՛ր պատուիրանները եւ ոխ մի՛ պահիր մերձաւորիդ հանդէպ,
9 յիշի՛ր Բարձրեալի ուխտը եւ արհամարհի՛ր տգիտութիւնը։
10 Հեռո՛ւ մնա վէճից եւ դու կը նուազեցնես մեղքերդ, քանզի զայրացած մարդը կռիւ է բորբոքում, մեղաւոր մարդը գժտեցնում է իր բարեկամներին
11 եւ նրանց մէջ, ովքեր խաղաղութեամբ են ապրում, բանսարկութիւն է գցում։
12 Կրակը վառւում է ըստ իրեն սնող նիւթի, իսկ կռիւն էլ բորբոքւում է ըստ նրան գրգռող սաստկութեան. մարդու զայրոյթը լինում է ըստ նրա զօրութեան, եւ ըստ նրա հարստութեան սաստկանում է նրա բարկութիւնը։
13 Անզիջում հակառակութիւնը կրակ է բորբոքում, եւ անզիջում կռիւը արիւն է հեղում։
14 Եթէ կայծի վրայ փչես, կը բորբոքուի, եւ եթէ նրա վրայ թքես, կը մարի. այդ երկուսն էլ քո բերանից են դուրս գալիս։
15 Քսուն եւ երկերեսանին թող անիծուեն, քանզի բազում խաղաղ ապրողներ կործանուեցին։
ՉԱՐ ԼԵԶՈՒՆ
16 Մի երրորդ մարդու լեզուն շատերին սասանեց, նրանց ազգից ազգ հալածեց,
17 ամուր քաղաքներ կործանեց
18 եւ մեծամեծների տներն աւերեց։
19 Մի երրորդ մարդու լեզուն ջանասէր կանանց վռնդեց եւ նրանց զրկեց իրենց վաստակից։
20 Ով նրան լսի, հանգիստ չի գտնի եւ վստահ ու ապահով չի ապրի։
21 Մտրակի հարուածը վէրք է առաջացնում, իսկ լեզուի հարուածը ոսկորներ է փշրում։
22 Շատերն են ընկել սուսերի սայրից, բայց ոչ նրանց չափ, ովքեր ընկել են լեզուի երեսից։
23 Երջանիկ է նա, ով թաքնւում է նրանից, ով չի ճաշակել նրա ցասումը, ով չի քաշել նրա լուծը եւ ով չի կապուել նրա կապանքներով։
24 Նրա լուծը երկաթեայ լուծ է, եւ նրա կապանքները՝ պղնձէ կապանքներ։
25 Դաժան մահ է նրա մահը, դժոխքը լաւ է նրանից։
26 Թող նրա ձեռքը չլինի բարեպաշտների վրայ, եւ թող նրանք չայրուեն նրա բոցում։
27 Ովքեր Տիրոջը թողնեն, կ’ընկնեն չար լեզուի ձեռքը, նրանց մէջ կը բորբոքուի այն ու չի մարի, նրանց վրայ կ’ուղարկուի իբրեւ առիւծ ու նրանց կ’ոչնչացնի ինձի նման։
28 Տե՛ս, քո կալուածքը ամրացրո՛ւ փշէ ցանկապատով։
29 Պի՛նդ կապած պահիր քո ոսկին եւ արծաթը, քո խօսքին չափ ու կշի՛ռ տուր եւ քո բերանին դուռ ու նի՛գ դիր։
30 Զգո՛յշ եղիր, որպէսզի չգայթակղուես լեզուից, չընկնես դարանակալ մարդու առջեւ։