Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ՈՂՋԱԿԻԶՄԱՆ ԶՈՀԱՍԵՂԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ3 Երբ հասաւ եօթներորդ ամիսը, եւ իս…

ՈՂՋԱԿԻԶՄԱՆ ԶՈՀԱՍԵՂԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

3 Երբ հասաւ եօթներորդ ամիսը, եւ իսրայէլացիներից իւրաքանչիւրն արդէն իր քաղաքում էր, ամբողջ ժողովուրդը մի մարդու պէս եկաւ ու հաւաքուեց Երուսաղէմում։ 2 Այդ ժամանակ վեր կացան Յոսեդեկի որդի Յեսուն՝ իր քահանայ եղբայրների հետ եւ Սաղաթիէլի որդի Զորոբաբէլը՝ իր վեց եղբայրների հետ եւ շինեցին Իսրայէլի Տէր Աստծու զոհասեղանը, որպէսզի Մովսէսի՝ Աստծու այդ մարդու գրած օրէնքների համաձայն նրա վրայ ողջակէզներ մատուցեն։ 3 Զոհասեղանը վերականգնեցին իր նախկին տեղը. եւ որովհետեւ երկիւղ էին կրում երկրի այլազգիներից, անմիջապէս սկսեցին նրա վրայ ողջակէզներ մատուցել իրենց Տէր Աստծուն՝ մէկ անգամ առաւօտեան, մէկ անգամ էլ երեկոյեան։ 4 Նրանք կատարեցին Տաղաւարահարաց տօնը՝ ըստ գրուած կարգի եւ մատուցեցին ամենօրեայ ողջակէզները՝ ըստ այն թուի, որքան սահմանուած էր օրուայ համար։ 5 Մատուցեցին նաեւ ամսամտի եւ շաբաթ օրերի ողջակէզները, կատարեցին Տիրոջ տարեկան բոլոր սուրբ տօներն ու բոլոր նրանց տօնը, ովքեր Տիրոջ դէմ մեղանչում են ակամայ։ 6 Եօթներորդ ամսի առաջին օրից սկսեցին ողջակէզներ մատուցել Տէր Աստծուն, թէեւ դեռեւս չէր գցուած Տիրոջ տան հիմքը։ 7 Նրանք արծաթ տուեցին քարհատներին եւ հիւսներին, ուտելիք, խմելիք ու ձէթ՝ սիդոնացիներին եւ տիւրոսացիներին, որպէսզի նրանք Լիբանանից ծովով մայրի շինափայտ բերեն Յոպպէ, ինչպէս նրանց հրամայել էր Պարսկաստանի Կիւրոս թագաւորը։

ՏԻՐՈՋ ՏԱՃԱՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՍԿԻԶԲԸ

8 Երուսաղէմ վերադառնալու՝ Աստծու տաճար գալու երկրորդ տարուայ երկրորդ ամսին Սաղաթիէլի որդի Զորոբաբէլը, Յոսեդեկի որդի Յեսուն, նրանց եղբայրները, քահանաներն ու ղեւտացիները եւ գերութիւնից Երուսաղէմ վերադարձած բոլոր մարդիկ սկսեցին գործը։ Քսան տարեկանից բարձր բոլոր ղեւտացիներին նրանց վերակացուներ կարգեցին Տիրոջ տան շինարարական աշխատանքների վրայ։ 9 Յեսուն, նրա որդիներն ու եղբայրները, Կարմիէլն ու նրա որդիները, Յուդայի որդիները, Տիրոջ տան աշխատանքների վերակացուները, նաեւ Ենադադի որդիներն ու նրա ղեւտացի եղբայրները, բոլորն էլ մէկ մարդու պէս սկսեցին շինարարութիւնը։

10 Երբ հիմքերը գցեցին եւ սկսեցին կառուցել Տիրոջ տունը, քահանաները կանգնել էին պատմուճաններ հագած եւ փչում էին իրենց փողերը, իսկ ղեւտացիները՝ Ասափի որդիները, ծնծղաներ էին նուագում եւ օրհնում Տէր Աստծուն՝ ըստ այն կարգի, որ սահմանել էր Իսրայէլի Դաւիթ թագաւորը։ 11 Եւ ընկերն ընկերոջն ասում էր. «Օրհնաբանենք եւ գոհութիւն մատուցենք Տիրոջը, քանզի քաղցր է նրա ողորմածութիւնը Իսրայէլի վրայ»։ Եւ ամբողջ ժողովուրրդը բարձրաձայն օրհնում էր Իսրայէլի Տէր Աստծուն, քանզի արդէն գցել էին Տիրոջ տան հիմքերը։

12 Իսկ քահանաներից ու ղեւտացիներից, իշխաններից ու տոհմապետներից եւ ծերերից շատերը, որոնք տեսել էին Տիրոջ տաճարը, երբ տեսան նրա նոր հիմքերը, բարձրաձայն լաց էին լինում. ամբողջ ժողովուրդը աղաղակում էր ուրախութիւնից՝ բարձրագոչ ճիչ ու կանչերով։ 13 Այնպէս բարձր էին ուրախութեան այդ ձայները, եւ ժողովրդի աղաղակն այնքան մեծաշռինդ էր, որ ժողովրդի միջից ոչ ոք չէր կարող զանազանել դրանք իրարից։ Այդ ձայները լսելի էին մինչեւ իսկ հեռո՜ւ-հեռուներից։